Երկրաշարժ

Երկրաշարժ (անգլերեն՝ earthquake) ստորգետնյա ցնցում, որ տեղի է ունենում երկրակեղևի որոշակի զանգվածում կուտակված էներգիայի կտրուկ լիցքաթափման արդյունքում։

Երկրաշարժերը ըստ առաջացման բնույթի կարելի է դասակարգել երկու խմբերի.

  • Բնական երկրաշարժեր
  • Տեխնածին երկրաշարժեր

Բնական երկրաշարժերը կապված են տարբեր պրոցեսների հետ։ Հայտնի են տեկտոնական շարժումներով պայմանավորված երկրաշարժեր, հրաբուխների հետ կապված երկրաշարժեր, երկրակեղևում կորստային խոռոչների փլուզման հետևանքով առաջացող երկրաշարժեր և այլն։

Տեխնածին երկրաշարժեր ասելով պետք է հասկանալ այնպիսի երկրաշարժ, որը կապված է մարդկային գործունեության հետ։ Օրինակ ռազմական կամ արդյունաբերական պայթյունների հետևանքով առաջացող ցնցումները կարող են «տրրիգեր» (շարժիչ ուժ) հանդիսանալ ուժեղ երկրաշարժի համար։ Կամ օրինակ մեծ ջրամբարի կառուցումը կարող է հանգեցնել տվյալ տարածքում սեյսմիկ ակտիվության բարձրացման։

Նշված բոլոր տիպի երկրաշարժերից Հայաստանի տարածքում առավել ուժեղ և առավել տարածված են տեկտոնական երկրաշարժերը։

Երկրաշարժերը ըստ կանխատեսելիության կարելի է բաժանել նույնպես երկու խմբի.

  • Կանխատեսելի երկրաշարժեր
  • Անկանխատեսելի երկրաշարժեր

Ընդհանրապես երկրաշարժերի կանխատեսում ասելով պետք է նկատի ունենալ նրա տեղի, ուժգնության և ժամանակի հավանականային բնութագրերը։ Կանխատեսելի համարվում են այն երկրաշարժերը, որոնք իրենց «ստեղծման» փուլում թույլ են տալիս գրանցել տարատեսակ նախանշաններ։ Երկրաշարժերի նախանշաններից են համարվում՝ ստորգետնյա ջրերի մակարդակի փոփոխությունները, երկրամագնիսական դաշտի փոփոխությունները, ռադոն գազի անոմալ փոփոխությունները և այլն։ Անկանխատեսելի են համարվում առանց որևէ նախանշանների գրանցվող երկրաշարժերը։

Երկրաշարժի առաջացում

18–րդ դարի սկզբին անգլիացի գիտնական Ջոն Միտչելը եկավ այն եզրակացության, որ Երկրի ցնցումները երկրաշարժի ժամանակ տեղի են ունենում առաձգական ալիքների շարժման արդյունքում։

Ներկայումս առավել ընդունված տեսակետներից մեկի համաձայն երկրաշարժերը տեղի են ունենում այն դեպքում, երբ երկրակեղևի լեռնային ապարների որոշակի զանգվածում առաձգական լարումներն ու դեֆորմացիաները գերազանցում են այդ ապարների կարծրությանը։

Երկրաշարժը հաջորդում է լեռնային ապարների փոխադարձ սահքին։ Սկզբում դա արգելակվում է շփման ուժի միջոցով, որի հետևանքով, կուտակվում են բնահողերի առաձգական լարումներ։ Երբ լարումը հասնում է շփման ուժից մեծ կրիտիկական արժեքի, տեղի է ունենում բնահողերի կտրուկ խզվածք՝ նրանց տեղաշարժով։ Կուտակված էներգիան ազատվում է, առաջացնելով երկրի մակերևույթի ալիքային տատանումներ՝ երկրաշարժ։

Խզվածքը, էպիկենտրոնը և հիպոկենտրոնը։

Երկրաշարժից առաջացած սեյսմիկ ալիքները տարածվում են ձայնային ալիքների նման։ Հեռավորությունից կախված, ալիքների ուժգնությունը նվազում է։

Ալիքների առաջացման կետին ասում են երկրաշարժի օջախ կամ հիպոկենտրոն, իսկ երկրի մակերևույթի նրա վերևի կետին՝ էպիկենտրոն։

Սեյսմիկ ալիքների տարածման արագությունը կարող է հասնել մինչև 8 կմ/վրկ։

Օջախները լինում են բնական և տեխնածին։ Դրանցից առաջինները, որոնք հանդիսանում են հիմնական օջախները, ընդհանրապես կապ չունեն մարդկային գործոնի հետ, իսկ տեխնածիններն այս կամ այն չափով կապված են մոլորակի վրա մարդկային կենսագործունեության հետ։ Բնական օջախների ակտիվությունը Երկրի վրա արտահայտվում է երկրաշարժերով։ Երկրաշարժի առաջացման պատճառների բացատրությունները կապված են երկրագնդի կեղևի՝ լիթոսֆերայի մեջ անընդհատ տեղի ունեցող երևույթների հետ։ Երկրագնդի կեղևը շատ բարակ հաստություն ունի նրա շառավղի հետ համեմատած։ Այդ շերտը՝ լիթոսֆերան պինդ է, բայց ոչ ամբողջական։ Այն բաժանված է մի քանի մեծ կտորների, որոնք կոչվում են սալեր։ Սալերի չափերը հարյուրավոր կիլոմետրերից հասնում են հազարավոր կիլոմետրերի։ Լիթոսֆերայի տակ՝ մանթիայում ազդում են խորքային ուժեր, որոնք ստիպում են սալերին շատ դանդաղ շարժվել կամայական ուղղությամբ տարեկան մինչև մի քանի սանտիմետր մեծության։ Այդ խորքային ուժերի առաջացման պատճառները դեռ լրիվ հայտնաբերված չեն և կապված են երկրագնդի ներսում անընդհատ տեղի ունեցող ջերմային կոնվեկցիայի (փոխանցման), այլ ֆիզիկա-քիմիական պրոցեսների հետ։ Այս բարդ գործընթացում որոշ տեղերում երկու սալերի արանքից երկրի խորքից դեպի մակերևույթ դուրս են գալիս կիսաշիկացած ապարային զանգվածներ, սալերը հեռացնելով միմյանցից, մյուս տեղերում սալերը իրենց կողերով սահում են իրար նկատմամբ և վերջապես կան տեղեր, որտեղ մեկ սալը մյուսի հետ հանդիպելիս ընկղմվում է մյուսի տակը, վերջինս կոչվում է սուբդուկցիայի երևույթ։ Սալերի այդպիսի անհամաձայնեցված դանդաղ շարժումները ստիպում են ապարային ստվարաշերտին ճաքճքել ու տրոհվել՝ առաջացնելով երկրաշարժեր։

Այսպիսով, լիթոսֆերային սալերի շարժման հետևանքով լիթոսֆերան կազմող ապարներում կուտակվում են առաձգական լարումներ։ Երբ այդ առաձգական լարումների արժեքները հասնում են ապարների ամրության սահմանը գերազանցող կրիտիկական մեծության, ապարներում տեղի են ունենում սեյսմածին խզումներ։ Սեյսմածին խզումները սովորաբար առաջանում են լիթոսֆերայի առավել թուլացած գոտիներում, որոնք իրենց հերթին հանդիսանում են երկրակեղևում ավելի վաղ առաջացած երկրաբանական խզումներ։ Բեկվածքի առաջացած մասի (սեյսմածին խզման) երկարությունը կարող է փոխվել մի քանի մետրից (աննկատելի երկրաշարժերի դեպքում) մինչև մի քանի հարյուր կիլոմետր (խոշոր երկրաշարժերի դեպքում)։ Սեյսմածին խզումը կարող է դուրս գալ Երկրի մակերևույթ, բայց կարող է նաև մնալ մեծ խորության վրա։ Տրոհման ժամանակամիջոցը տևում է մի քանի վայրկյանից (թույլ երկրաշարժեր) մինչև մի քանի տասնյակ վայրկյանների (ուժեղ երկրաշարժեր)։ Տրոհման պրոցեսի ընթացքում առաջանում է կինետիկ էներգիա, որը ծախսվում է ապարների փշրման, քայքայման և սալերի ուղղահայաց և հորիզոնական շարժումների վրա։ Էներգիայի որոշ մասը անջատվում է ջերմության տեսքով, իսկ ոչ մեծ մասը արձակվում է միջավայրում սեյսմիկ առաձգական ալիքների տեսքով, որոնք տարածվում են երկրագնդի մարմնում։ Երբ սեյսմիկ ալիքները հասնում են երկրագնդի մակերեսին, նրանք առաջացնում են գետնի տատանումներ, որոնք մենք ընկալում ենք որպես երկրաշարժեր։ Քանի որ սեյսմիկ ալիքներն առաջանում են ոչ թե մեկ անշարժ կետից, այլ ճաքի շարժվող կողից, և քանի որ նրանք կարող են իրենց ճանապարհին նաև անդրադառնալ, ապա նրանք Երկրի մակերես հասնում են տարբեր ուղղություններով և տարբեր ժամանակներում։

Գոյություն ունեն սեյսմիկ ալիքների երկու հիմնական տիպեր՝ ծավալային և մակերևութային ալիքներ։ Ծավալային ալիքները տարածվում են Երկրի ծավալում ինչպես առաձգական կամ ձայնային ալիքները։ Մակերևութային ալիքները տարածվում են մակերևույթով, ինչպես ծովում առաջացող ալիքներ։

Երկրաշարժի մագնիտուդը երկրաշարժի ժամանակ սեյսմիկ ալիքների տեսքով անջատվող էներգիան բնութագրող մեծությունն է։

Մագնիտուդի սանդղակը 1935 թ. առաջարկել է ամերիկացի գիտնական Չարլզ Ռիխտերը և հաճախ ասում են նաև՝ Ռիխտերի սանդղակ։

Պարունակում է 1-ից մինչև 9 պայմանական միավոր՝ մագնիտուդ, որոնք հաշվվում են սեյսմոգրաֆի արձանագրած տատանումներով։

Այս սանդղակը հաճախ շփոթում են երկրաշարժի ինտենսիվության 12 բալանի համակարգի հետ, որը հիմնված է ստորերկրյա ցնցումների արտաքին դրսևորումների՝ մարդկանց, առարկաների, կառույցների, բնության օբյեկտների վրա ունեցած ազդեցությունների վրա։ Երկրաշարժը պատահելուց հետո սկզբից հայտնի է դառնում սեյսմագրերով որոշվող մագնիտուդը, այլ ոչ թե ինտենսիվությունը, որը պարզ է դառնում որոշ ժամանակ հետո՝ հետևանքների մասին տեղեկությունները հավաքելուց հետո միայն։

Պատկերացումները երկրաշարժի մասին հնում

Տարբեր ժամանակաշրջաններում երկրաշարժերի առաջացումը բացատրվել է տվյալ ժամանակներում ընդունված պատկերացումների համաձայն և հիմնականում կապվել է տարատեսակ կենդանիների շարժումների հետ։ Այսպես օրինակ, հին Չինաստանում երկրաշարժերի «մեղավորը» ցուլն էր, Ճապոնիայում՝ ձուկը, Հնդկաստանում՝ խլուրդը և այլն։ Ճապոնական առասպելի համաձայն, ճապոնական կղզիները տեղակայված են մեծ լոքո ձկան մեջքին, և ձկան շարժումներից Երկիրը ցնցվում է։ Հյուսիսային Ամերիկայի հնդկացիներն ասում էին, որ Երկիրն իր վրա կրում է հսկայական կրիան և ամեն անգամ ցնցվում է, երբ կրիան անցնում է մեկ ոտքից մյուսի վրա։ Երկրաշարժերը հաճախ դիտվել են որպես զայրացած Աստծո պատիժ՝ ի պատասխան մարդկանց մեղքերի։ Առաջին անգամ երկրաշարժերի բացատրությունը երկրի ընդերքում որոնելու վարկածն արտահայտել է հին հույն փիլիսոփա Արիստոտելը։ Նա համարում էր, որ Երկրի վրա առաջացող քամիները ճեղքերի և քարանձավների միջոցով մտնելով Երկրի ընդերք, այնտեղ առկա կրակի պատճառով ուժեղանում են և սկսում ճանապարհ որոնել դեպի Երկրի մակերևույթ, հենց դրա ժամանակ էլ տեղի են ունենում երկրաշարժերը։ Այս վարկածը թեև իր մեջ չի պարունակում ոչ մի լուրջ գիտական բացատրություն, սակայն երկար ժամանակ ընդունվել է որպես երկրաշարժերի առաջացման հիմնական վարկած։ Դրա շնորհիվ մինչև այժմ էլ մնացել է «սեյսմավտանգ եղանակ» հասկացությունը։ Երկրաշարժը ընդհանրապես կապ չունի նաև եղանակի տաք լինելու հետ, մարդիկ մի քանի անգամ երկրաշարժի ժամանակ տաք եղանակ նկատելով, սկսել են պնդել, որ եթե եղանակը տաք է ուրեմն երկրաշարժ է լինելու։

Թողնել մեկնաբանություն