Երկրագնդի կլիմայական գոտիները

Կլիմա (հուն․՝ κλίμα (klimatos) — թեքություն), տվյալ վայրին բնորոշ միանման եղանակների բազմամյա կրկնություն։ Հունարեն «կլիմա» բառը նշանակում է թեքություն և մատնանշում է Երկրի մակերևույթի թեքությունը Արեգակի ճառագայթների նկատմամբ։

Կլիման ու եղանակը սերտ կապված են և բնորոշում են մթնոլորտի վիճակը։ Երկրագնդի յուրաքանչյուր վայրում եղանակային փոփոխությունները յուրահատուկ են և գրեթե նույն ձևով կրկնվում են։ Օրինակ՝ Երևանում ամեն տարի ձմեռը ցուրտ է, սակավաձյուն, գարունը՝ խոնավ ու մեղմ, ամառը՝ շոգ ու չոր, իսկ աշունը` արևոտ ու չափավոր տաք։ Դա կրկնվում է ամեն տարի։ Կլիմայի ձևավորման վրա ազդում են աշխարհագրական լայնությունը, տեղանքի բարձրությունը, գերիշխող քամիները, լեռնալանջերի դիրքադրությունը, ծովերի և օվկիանոսների հեռավորությունը, ծովային հոսանքների և, իհարկե, մարդու տնտեսական գործունեությունը։

Երկրագնդի գնդաձևության հետ կապված` աշխարհագրական տարբեր լայնություններում Արեգակի ճառագայթների անկման անկյունը տարբեր է, որով և պայմանավորված է ստացվող ջերմության քանակը։ Աշխարհագրական ցածր լայնություններում տարվա ընթացքում Արեգակի ճառագայթները Երկրի մակերևույթի հետ կազմում են մեծ անկյուն, որի շնորհիվ ստացվում է մեծ քանակությամբ ջերմություն, իսկ բարձր լայնություններում անկման անկյունը փոքր է, ստացվող ջերմությունը՝ քիչ։ Արեգակից ստացվող ջերմության անհավասար բաշխվածությունը պայմանավորել է ջերմային գոտիների առաջացումը. առանձնացնում են երկրագնդի ջերմային 5 գոտի՝ 1 տաք, 2 բարեխառն, 2 ցուրտ։

Ամենից շատ ջերմություն ստանում է այն գոտին, որը տարածվում է հասարակածի 2 կողմերում՝ մոտավորապես հյուսիսային (հս. լայն. 23°30՛) և հարավային (հվ. լայն. 23°30՛) արևադարձերի միջև։ Այստեղ ամբողջ տարին տաք է, ձյուն չի գալիս (բացառությամբ բարձր լեռնագագաթների), տարվա եղանակները գրեթե արտահայտված չեն։ Սա տաք գոտին է։

Զգալիորեն ավելի քիչ արեգակնային ջերմություն են ստանում Երկրի այն շրջանները, որոնք ընկած են հյուսիսային բևեռային շրջագծից (հս. լայն. 66°30՛) դեպի հյուսիս և հարավային բևեռային շրջագծից (հվ. լայն. 66°30՛) դեպի հարավ։ Այստեղ ամբողջ տարին ցուրտ է, Արեգակի ճառագայթները կարծես սահում են Երկրի վրայով և գրեթե չեն տաքացնում, որի պատճառով էլ ձյունն ու սառույցը չեն հասցնում հալվել։ Սրանք ցուրտ գոտիներն են։

Հյուսիսային բևեռային շրջագծի և հյուսիսային արևադարձի միջև ընկած է հյուսիսային բարեխառն ջերմային գոտին, իսկ հարավային բևեռային շրջագծի ու հարավային արևադարձի միջև գտնվում է հարավային բարեխառն ջերմային գոտին։ Դրանց իրական սահմանները հասարակածի կողմից տաք գոտու սահմանն է, իսկ բևեռների կողմից՝ ամենատաք ամսվա +10 °C-ի իզոթերմը։ Բարեխառն ջերմային գոտիներում ամառը տաք է, ձմեռը՝ ցուրտ, իսկ գարունը և աշունը՝ զով։

Ըստ բարձրության՝ օդի ջերմաստիճանը յուրաքանչյուր 1000 մ-ի վրա 5–6 °C-ով նվազում է, իսկ մթնոլորտային տեղումների քանակը մինչև որոշակի բարձրություն՝ ավելանում։ Փոխվում են նաև օդի ճնշումը, ամպամածությունը։ Այդ է պատճառը, որ տարբեր բարձրությունների վրա գտնվող վայրերն ունեն տարբեր կլիմաներ, իսկ լեռնային շրջաններում առաջանում են կլիմայի վերընթաց գոտիներ։

Կլիմայի վերընթաց գոտիականությունը ցայտուն արտահայտված է նաև Հայաստանում։

Լեռնային երկրներում, տեղանքի բարձրությունից բացի, կլիմայի ձևավորման վրա մեծ է լեռնալանջերի դիրքադրության ազդեցությունը։ Արևահայաց լանջերն ավելի ուժեղ են տաքանում, գոլորշիացումն ինտենսիվ է, և ավելի տաք ու չոր են, քան հյուսիսահայաց ստվերոտ լանջերը։ Ծովահայաց, խոնավաբեր օդային զանգվածների և քամիների դիմաց գտնվող լեռնազանգվածներին տեղումներն ավելի շատ են, քան հողմահակառակ լանջերին։ Օրինակ՝ Հիմալայների հարավային՝ դեպի Հնդկական օվկիանոս ուղղված լանջերին տարեկան լինում են 3000–5000 մմ, իսկ որոշ տեղերում՝ Չերապունջի բնակավայրի շրջակայքում՝ 12000 մմ, նույն լեռների հյուսիսահայաց լանջերին՝ ընդամենը 250–300 մմ տեղումներ։ Կլիմայի ձևավորման վրա շատ մեծ է օվկիանոսների և ցամաքների ազդեցությունը։ Օվկիանոսների և դրանց տաք հոսանքների ազդեցությամբ ձևավորվում է ծովային մեղմ ու խոնավ կլիմա, իսկ ցամաքների ազդեցությամբ՝ ցամաքային և խիստ ցամաքային կլիմա։ Ցամաքային կլիմա ունեցող վայրերում ձմեռները ցուրտ են, սառնամանիքային, իսկ ամառները տաք են, չոր ու շոգ։ Այսպիսի կլիմա ունեն, օրինակ, Եվրասիայի կենտրոնական շրջանները։

Կլիմայի վրա ազդեցություն են գործում նաև գերիշխող քամիները։ Այդ կապը ակնառու է պասսատների և մուսսոնների օրինակով. ամառային մուսսոններն առաջացնում են ամպամածություն և առատ տեղումներ, իսկ ձմեռային մուսսոնները՝ չոր, սառնամանիքային եղանակ։

Մեր մոլորակի երկրաբանական զարգացման պատմության ընթացքում եղել են կլիմայի զգալի փոփոխություններ և տատանումներ։ Մասնավորապես հաստատվել է, որ վերջին 1 միլիարդ տարվա ընթացքում այն շատ է փոխվել. Երկրի կլիման ժամանակակից կլիմայից նշանակալիորեն տարբեր է եղել։

Երկրագնդի տարբեր հատվածներում ջերմության և խոնավության անհավասարաչափ բաշխումը հանգեցնում է ոչ միայն ճնշման գոտիների առանձնացման, այլև կլիմայական գոտիների ձևավորման, որոնք նույնպես միմյանց օրինաչափորեն հերթափոխում են հասարակածից բևեռներ ուղղությամբ:

Համաձայն ռուս կլիմայագետ Ալիսովի, Երկրագնդի վրա կարելի է առանձնացնել 7 հիմնական կլիմայական գոտի՝ մեկ հասարակածային, երկու արևադարձային, երկու բարեխառն, արկտիկական, անտարկտիկական և 6 անցումային կլիմայական գոտիներ՝ երկու մերձհասարակածային, երկու մերձարևադարձային, մերձարկտիկական և մերձանտարկտիկական, որոնք միմյանցից տարբերվում են առաջին հերթին օդային զանգվածներով և մթնոլորտային ընդհանուր շրջանառությամբ:

Մթնոլորտային ընդհանուր շրջանառության կարևորագույն բաղադրիչներն են օդային զանգվածները և դրանց տեղաշարժերը:

Միատեսակ ջերմության և խոնավության հատկանիշներով օժտված ներքնոլորտի մեծ ծավալի օդը, որը ձևավորվում է միասեռ ընդարձակ տարածքի վրա, կոչվում է օդային զանգված:

Օդային զանգվածները տեղաշարժվում են մեծ հեռավորությունների վրա, սակայն իրենց ջերմային և խոնավության պայմանները չեն փոխում, այլ ընդհակառակը այն տարածքը, ուր տեղափոխվում են օդային զանգվածները, ձեռք է բերում նույն այդ ջերմային և խոնավության հատկանիշները, որոնք բնորոշ էին տվյալ օդային զանգվածին:

Օրինակ

Ամռանը, երբ ճնշման գոտիները տեղաշարժվում են դեպի հյուսիս, հասարակածային գոտում ձևավորվող օդային զանգվածը տեղաշարժվում է դեպի մերձհասարակածային գոտի և այնտեղի կլիման նմանվում է հասարակածային գոտու կլիմային, իսկ ձմռանը, երբ ճնշման դաշտերը տեղաշարժվում են հարավ, արևադարձային գոտում ձևավորվող օդային զանգվածն է ներխուժում մերձհասարակածային գոտի և այնտեղ հաստատվում են արևադարձային գոտուն բնորոշ կլիմայական պայմաններ:

Այսպիսով, կարող ենք եզրակացնել, որ

1. տարածքի կլիմայական պայմանները մեծապես կախված են այն օդային զանգվածից, որը տիրապետում է այդ տարածքում:
2. անցումային կլիմայական գոտիները ամռանը ենթարկվում են իրենցից հարավ, իսկ ձմռանը՝ իրենցից հյուսիս գտնվող օդային զանգվածի ազդեցությանը, քանի որ սեփական օդային զանգված չունեն:

Երկրագնդի կլիմայական գոտիները


Օդային զանգվածների անվանումները և առաջացման տարածքները համընկնում են հիմնական կլիմայական գոտիների հետ: Ի տարբերություն հասարակածային, արկտիկական և անտարկտիկական օդային զանգվածների` արևադարձային և բարեխառն օդային զանգվածները ունեն 2 տարատեսակ՝ ծովային և ցամաքային: Ցամաքային տարատեսակները ավելի չոր են և այս հատվածներում ջերմաստիճանների տատանումները ավելի մեծ են լինում:

Կլիմայական գոտիների համառոտ բնութագիրը

Հասարակածային կլիմայական գոտին տարածվում է հասարակածի երկու կողմերով, սակայն համատարած գոտի չի կազմում: Պայմանավորված հասարակածային օդային զանգվածի ազդեցությամբ՝ ամբողջ տարին այստեղ խոնավ է՝ 3000−5000 մմ տեղումներ և տաք՝ +25+27°C:

Մերձհասարակածային գոտիները տարածվում են հասարակածային կլիմայական գոտու շուրջ, երբեմն ընդգրկելով նաև հասարակածային աշխարհագրական լայնությունները: Ամռանը հաստատվում են տաք ու խոնավ, իսկ ձմռանը՝ տաք ու չոր եղանակներ:

Արևադարձային գոտին արևից ստանում է ամենաշատ ջերմությունը և այստեղ տիրապետող արևադարձային օդային զանգվածը աչքի է ընկնում փոքր թափանցելիությամբ օդում փոշու մեծ քանակի պատճառով, չորությամբ և բարձր ջերմաստիճաններով: Միայն ծովափնյա որոշ գոտիներում, ուր տիրապետում է օդային զանգվածի ծովային տարատեսակը՝ կլիման նման է հասարակածային գոտու կլիմային, սակայն ավելի բարձր միջին ջերմաստիճաններով:

Մերձարևադարձային գոտիները տարածվում են արևադարձային և բարեխառն կլիմայական գոտիների միջև և տարվա մի հատվածը բնորոշվում են չոր ու շոգ կլիմայով, իսկ մյուս հատվածը՝ բարեխառն օդային զանգվածների ազդեցությամբ դառնում են ցուրտ ու չոր կամ մեղմ ու խոնավ` կապված օդային զանգվածի տարատեսակից:

Բարեխառն կլիմայական գոտին ցամաքի հատվածում ամենամեծ տարածքն է զբաղեցնում և ձգվում է 40−70° լայնությունների գոտում: Բարեխառն ծովային օդային զանգվածների ազդեցության գոտում ամառները տաք են, ձմեռները՝ մեղմ, իսկ տեղումները առատ են և հավասարաչափ բաշխված տարվա ընթացքում: Բարեխառն ցամաքային օդային զանգվածների ազդեցության գոտին աչքի է ընկնում չորային կլիմայով և ջերմաստիճանների մեծ տարեկան տատանումներով:

Մերձարկտիկական գոտին զբաղեցնում է Եվրասիայի և Հյուսիսային Ամերիկայի հյուսիսային հատվածը, ամռանը ենթարկվում է բարեխառն օդային զանգվածների ազդեցությանը, ձմռանը՝ արկտիկական, ինչի պատճառով ցուրտ է և չոր: Մերձանտարկտիկական գոտին ունի նույն բնութագիրը, սակայն հանդիպում է միայն Անտարկտիդա մայրցամաքի և դրան հարակից ջրերի տարածքում:

Արկտիկական և անտարկտիկական կլիմայական գոտիները համապատասխանաբար տարածվում են հյուսիսային և հարավային բևեռների շուրջ և մշտապես աչքի են ընկնում ցուրտ ու չոր կլիմայով: Միայն ամռանը այն էլ կարճ ժամանակահատվածով ջերմաստիճանները դրական են լինում:

Թողնել մեկնաբանություն