Արեգակնային համակարգ, մոլորակային համակարգ, որը գտնվում է Ծիր Կաթին գալակտիկայի մեջ և բաղկացած է Արեգակից և այլ երկնային մարմիններից, որոնք ձգողությամբ կապում են նրա ութ մոլորակները, նրանց 167 բնական արբանյակները, հինգ գաճաճ մոլորակները (Ցերերա, Պլուտոն, Հոմեա, Մակեմակե և Էրիս և նրանց վեց բնական արբանյակները) և միլիարդավոր այլ փոքր մարմիններ։ Այս վերջինը բաղկացած է աստերոիդներից, Կոյպերի գոտու մարմիններից, գիսաստղերից, աստղաքարերից և տիեզերական փոշուց։
Արեգակնային համակարգը ձևավորվել է մոտ 4,57 միլիարդ տարի առաջ տիեզերական ձգողականության գազափոշային ամպի կոլապսի ճանապարհով։
Արեգակնային համակարգի օբյեկտների զանգվածի մեծ մասը բաժին է ընկնում Արեգակին, մնացած մասը պարունակվում է ութ համամատաբար մեկուսացված մոլորակներում, որոնք ունեն գրեթե շրջանաձև ուղեծիր և դասավորված են գրեթե հարթ սկավառակի սահմաններում՝ խավարածրի հարթությամբ։
Չորս ամենափոքր ներքին մոլորակներն են Մերկուրին, Վեներան, Երկիրը և Մարսը (նաև կոչվում են երկրային խմբի մոլորակներ), հիմնականում բաղկացած են սիլիկատներից և մետաղներից։ Չորս արտաքին մոլորակներն են՝ Յուպիտերը, Սատուրնը, Ուրանը և Նեպտունը (նաև կոչվում են գազային հսկաներ կամ պարզապես հսկա մոլորակներ), ավելի զանգվածեղ են, քան երկրային խմբի մոլորակները։ Արեգակնային համակարգի ամենամեծ մոլորակներ Յուպիտերն ու Սատուրնը գլխավորապես բաղկացած են ջրածնից և հելիումից, արտաքին ավելի փոքր Ուրանն ու Նեպտուն, ջրածնից և հելիումից բացի պարունակում են նաև մեթան և շմոլ գազ։ Այդպիսի մոլորակները մտնում են առանձին դասի՝ «սառցային հսկաների» մեջ։
Կարգով հեռավորությամբ Արեգակից՝
Երկրային խմբի մոլորակներն՝
- Մերկուրի
- Վեներա
- Երկիր
- Մարս
Գազային հսկաներն՝
- Յուպիտեր
- Սատուրն
- Ուրան
- Նեպտուն
Գաճաճ մոլորակներ՝
- Սերես
- Պլուտոն
- Հոմեա
- Մակեմակե
- Էրիս
Վեց մոլորակներ և երեք գաճաճ մոլորակներ ունեն բնական արբանյակներ, որոնք նաև կոչվում են «լուսիններ»։ Գազային հսկա մոլորակները նաև շրջապատված են օղակներով։ Մոլորակներից վեցն ունեն հայերեն անվանում, սակայն նրանց հետ միասին օգտագործվում են նաև հունա-հռոմեական անվանումները, որոնք ծագում են դիցաբանական աստվածների անուններից։
| Մոլորակ | Տրամագիծը, համեմատաբար | Զանգվածը, համեմատաբար | Ուղեծրային շառավիղը, ա. մ. | Պտույտի պարբերությունը, երկրային տարի | Օրվա տևողությունը, համեմատաբար | Խտությունը, կգ/մ3 | Արբանյակները |
|---|---|---|---|---|---|---|---|
| Մերկուրի | 0,382 | 0,06 | 0,38 | 0,241 | 58,6 | 5427 | չկա |
| Վեներա | 0,949 | 0,82 | 0,72 | 0,615 | 243 | 5243 | չկա |
| Երկիր | 1,0 | 1,0 | 1,0 | 1,0 | 1,0 | 5515 | 1 |
| Մարս | 0,53 | 0,11 | 1,52 | 1,88 | 1,03 | 3933 | 2 |
| Յուպիտեր | 11,2 | 652 | 5,20 | 11,86 | 0,414 | 1326 | 67 |
| Սատուրն | 9,41 | 95 | 9,54 | 29,46 | 0,426 | 687 | 62 |
| Ուրան | 3,98 | 14,6 | 19,22 | 84,01 | 0,718 | 1270 | 27 |
| Նեպտուն | 3,81 | 17,2 | 30,06 | 164,79 | 0,671 | 1638 | 13 |

Արեգակնային համակարգի ձևավորում
Գիտնականները Արեգակնային համակարգի այժմյան տեսքով ձևավորման շատ հիպոթեզներ են առաջ քաշել մոլորակային համակարգի առաջացման և զարգացման վերաբերյալ.
— Ըստ Կանտի՝ Արեգակը մի ժամանակ շրջապատված է եղել միգամածությունով, որը կազմված է եղել Արեգակի շուրջը տարբեր ուղղություններով քաոսաբար շարժվող մասնիկներից։ Մասնիկների փոխադարձ բախման պատճառով ժամանակի ընթացքում այդ շարժումը կանոնավորվել է, և միգամածությունը սկսել է պտտվել Արեգակի շուրջը։ Այդ պտտվող միգամածությունից հետագայում առաջացել են մոլորակները։
— Ըստ Լապլասի՝ սկզբնական շիկացած միգամածությունը իրենից ներկայացրել է արագ պտտվող Արեգակի չափազանց ընդարձակ մթնոլորտ, որի շնորհիվ էլ օժտված է եղել անհրաժեշտ պտտման մոմենտով։ Սառելու և դեպի կենտրոն ունեցած ձգողության հետևանքով ժամանակի ընթացքում այդ միգամածությունը սեղմվել է։ Շարունակվող սեղմման հետևանքով այդ պրոցեսը կրկնվել է, և անջատվել են մի շարք օղակներ։ Նրանցից յուրաքանչյուրն իր բաղադրիչ մասնիկների փոխադարձ ձգողության ուժի ազդեցությամբ հավաքվել է մի գնդաձև մարմնում՝ մոլորակում, որը սկզբում եղել է շիկացած, բայց ջերմության առաքման հետևանքով սառել է։
— Ըստ Ջ. Ջինսի՝ Արեգակնային համակարգն առաջացել է Արեգակի մոտով այլ աստղի անցնելու շնորհիվ։ Նա ենթադրում էր, որ մոտեցման ժամանակ աստղի ու Արեգակի հեռավորությունը փոքրացել էր մինչև նրանց տրամագծերի մեծության կարգը, որից հետո աստղը հեռացել է դեպի տիեզերական տարածություն։ Իր ձգողությամբ աստղն իբր Արեգակի ներքին շերտում խախտել է հավասարակշռությունը, որից հետո անցնող աստղի ուղղությամբ դուրս է շպրտվել նյութի ահագին շիթ, որից, բաժանման ու հետագա խտացման հետևանքով, կազմվել են մոլորակները։
— Ըստ Օ. Յու. Շմիդտի ենթադրության՝ մոլորակներն առաջացել են տիեզերական փոշու ամպից, որը մի ժամանակ պտտվել է Արեգակի շուրջը։ Արեգակը շրջապատող այդպիսի փոշային ամպը մասնիկների փոխադարձ բախման հետևանքով պետք է արագորեն վերածվեր առանձին կուտակումների, իսկ հետագայում կուտակումները պետք է հետզհետե միանային ու կազմեին մեծ մոլորակներ։
Այն ենթադրում է, որ մոլորակներն առաջացել են սառը նյութից, իսկ
դրանց միջուկի և Արեգակի զանգվածի տաքացումը կատարվել է հետագայում: Ելակետ
ընդունելով Շմիդտի վարկածը` գիտնականները եզրակացնում են, որ մոլորակի վրա
կուտակված հսկայածավալ ջուրն արտահոսել է ընդերքից: Երկրի տաքացումը սկսվել է
կենտրոնից, և ջրի դրենաժային թաղանթն աստիճանաբար դուրս է մղվել Երկրի
արտաքին շերտեր ու մակերևույթ՝ իր հետ բերելով ամբողջ ջուրը, և միջուկում այլևս ջուր
չի մնացել: Ջուրն իր հետ բերել է լուծված և հատկապես ռադիոակտիվ նյութեր, որոնք
կուտակվել են միջնապատյանում:
Մագմայի ուսումնասիրությունները պարզել են, որ նրա մեջ ջուրը կարևոր տեղ ունի:
Բազալտային լավայի զանգվածի 5–10%–ը ջուր է: Գործող հրաբուխների ժայթքած
մագմայից ամեն տարի անջատվում և մթնոլորտ է անցնում ավելի քան 1 մլրդ խորանարդ
մետր ջուր: Որոշ գիտնականների կարծիքով՝ մագմայում պարունակվող ջրի քանակը մոտ 10 անգամ մեծ է Համաշխարհային օվկիանոսի ջրի քանակից։
Շմիդտի տեսակետը զարգացնելու փորձ է խորքային գրավիտացիոն տարբերակման վարկածը, որը XX դարի
երկրորդ կեսին առաջարկել է Վ. Բելոուսովը: Ընդունելով սկզբնական սառը երկրագնդի
տեսությունը` Բելոուսովը Երկրի խորը շերտերի բարձր ջերմաստիճանը կապում է
ռադիոակտիվ տարրերի տրոհման հետևանքով անջատված ջերմության հետ: Տաքացումը նպաստել է սկզբնական համասեռ երկրագնդի գրավիտացիոն շերտավորմանը, արտաքին և ներքին միջուկների, միջնապատյանի և երկրակեղևի առաջացմանը: Թաղանթների շերտավորման հիմնական պատճառ են համարվում տաքացումը, ձգողականությունը
(գրավիտացիան) (որոնք ուղղված են դեպի Երկրի կենտրոն) և կենտրոնախույս ուժերը
(որոնց պատճառն է Երկրի պտույտն իր առանցքի շուրջը): Սկզբնական համասեռ
երկրագունդը, որի կազմը մոտ էր քարային երկնաքարերի կազմին, տարբերակման
արդյունքում բաժանվել է երկաթ–նիկելային միջուկի, երկաթնիկելայինմագնեզիումային
արտաքին միջուկի, երկաթմագնեզիումսիլիցիումային միջնապատյանի և
ալյումինսիլիցիումային երկրակեղևի: Հետազոտողներից ոմանք կարծում են, որ
մայրցամաքային տիպի երկրակեղևն առաջացել է օվկիանոսային երկրակեղևից,
հետևաբար` մայրցամաքներն աճել են օվկիանոսների հաշվին:
Այսպիսով՝ երկրագնդի միջուկի աստիճանական տաքացումը, նյութերի տարբերակումը
(ծանր նյութերի տեղաշարժը ներքև, իսկ թեթևների մղումը՝ դուրս), ջրի դուրս մղվելը
միջուկից, երկրագնդի ոլորտների ստեղծումը, երկնաքարերի ու երկնային նյութի
քիմիական կազմի ընդհանրությունը և շատ այլ հարցեր հաջող լուծում են ստանում
Շմիդտի տեսության շնորհիվ: Սակայն տեսության մեջ կան նաև թերություններ.
մասնավորապես չի բացատրվում, թե ինչպես է առաջացել երկնաքարային գազափոշու
ամպը: 1970–ական թթ. վերջերից առաջ եկան նոր տեսություններ, որոնք քննադատում
էին Շմիդտի տեսակետը: Կային կարծիքներ, որոնց համաձայն՝ հնարավոր չէ սառը
նյութերի խտացումից Երկրի առաջացումը:
— Ըստ այժմյան առավել տարածում գտած Արեգակնային համակարգի առաջացման հիպոթեզի՝ մոլորակները իրենցից ներկայացնում են կոլապսի երևույթին չենթարկված և հավասարաչափ աստղային զարգացում ապրած մահացած աստղեր, որոնք արտաքին տիեզերական քայքայիչ գործոնների ազդեցության տակ մինչև իրենց լրիվ քայքայվելը և տիեզերական փոշու կամ ասուպների փոխակերպվելը հասցնում են ընկնել որևիցե աստղի գրավիտացիոն դաշտի ձգողության ոլորտը և պտտվելով վերջինիս շուրջը, համալրել նրա մոլորակային համակարգը։
Մոլորակների ուղեծրերը
Մոլորակներն Արեգակի շուրջը պտտվում են որոշակի ուղեծրերով: Դրանք շրջանագծեր չեն, այլ ունեն ձգված, ձվաձև տեսք, որը կոչվում է էլիպս: Երբ մոլորակը շարժվում է էլիպսաձև ուղեծրով, նրանից մինչև Արեգակը եղած հեռավորությունն անընդհատ փոխվում է: Մոլորակների մեծ մասի համար այդ փոփոխություններն աննշան են, միայն Պլուտոնից մինչև Արեգակ եղած հեռավորությունն է փոփոխվում էականորեն՝ 30–50 աստղագիտական միավոր (դա Երկրից մինչև Արեգակ եղած միջին հեռավորությունն է` 1,5.108 կմ): Չնայած ժամանակի մեծ մասը Պլուտոնն Արեգակից ավելի հեռու է գտնվում, քան Նեպտունը, Պլուտոնի ուղեծրի ոչ մեծ մի հատված անցնում է Նեպտունի ուղեծրի ներսով:
Բացառությամբ Պլուտոնի՝ մյուս մոլորակների ուղեծրերը գտնվում են մոտավորապես նույն հարթության վրա, այնպես որ Արեգակնային համակարգը նման է հարթ սկավառակի: Պլուտոնի ուղեծիրը թեքված է 170-ով, և երբ այդ մոլորակը հատում է Նեպտունի ուղեծիրը, նրա ուղին անցնում է Նեպտունի վերևով, բայց այդ երկու մոլորակները չեն բախվում իրար: Տիեզերական ձգողության ուժն այնպես է գործում, որ որքան մոլորակը հեռու է Արեգակից, այնքան ավելի շատ ժամանակ է հարկավոր, որպեսզի մոլորակն Արեգակի շուրջը լրիվ պտույտ կատարի: Երկիրն այդ պտույտը կատարում է 1 տարում, Մերկուրին՝ 88 օրում, իսկ Պլուտոնը՝ 248 տարում: Մարսի վրա տարին տևում է գրեթե 2 անգամ ավելի երկար, քան Երկրի վրա: Մոլորակների չափերի հետ համեմատած՝ նրանց միջև եղած հեռավորությունները հսկայական են:
Համեմատության համար պատկերացնենք, որ եթե Արեգակը լիներ ֆուտբոլի գնդակի չափ, ապա Երկիրը կլիներ ընդամենը կետի չափ և 30 մ հեռու կգտնվեր գնդակ-Արեգակից:
Մոլորակների` Արեգակից ունեցած միջին հեռավորությունները և Արեգակի շուրջը նրանց պտտման պարբերությունները
Բոլոր մոլորակներից Երկրին ավելի շատ մոտենում է Վեներան: Այն երեկոյան կարելի է տեսնել երկնքի արևմտյան, իսկ առավոտյան՝ արևելյան մասերում, եթե այնտեղ փնտրեք ամենավառ օբյեկտը:
Երկրագնդի ցամաքների առաջացումը, տրոհումը
Հայտնի է նաև, որ ներկայիս մայրցամաքները միլիոնավոր տարիներ առաջ միավորված են եղել մեկ միասնական Պանգեյ մայրցամաքում, որի տրոհման արդյունքում առաջացել են Լավրասիա և Գոնդվանա մայրցամաքները, որոնց միջև տարածվել է Թետիս օվկիանոսը: Հետագայում Լավրասիա մայրցամաքից առանձնացել են Եվրասիա և Հյուսիսային Ամերիկա մայրցամաքները, իսկ Գոնդվանայից՝ Աֆրիկա, Հարավային Ամերիկա, Ավստրալիա և Անտարկտիդա մայրցամաքները:
Միասնական Պանգեյ մայրցամաքի տրոհումը ժամանակակից մայրցամաքների

Ներկայիս մայրցամաքները միմյանցից տարբերվում են բազմաթիվ ֆիզիկաաշխարհագրական երևույթներով, որոնք պայմանավորված են ոչ միայն տարածքի մեծությամբ և ձգվածությամբ, այլև Երկրագնդի վրա մայրցամաքների դիրքով:
Երկրագնդի մայրցամաքները

Ամենախոշոր մայրցամաքը Եվրասիան է (54,8 մլն կմ²), որը նաև արևմուտքից-արևելք և հյուսիսից-հարավ ձգվածությամբ է գերազանցում մյուս մայրցամաքներին (տարածվում է հյուսիսային լայնության 1̊ 16′ և հյուսիսային լայնության 77̊ 43′ կոորդինատների միջև, ինչպես նաև արևմտյան երկայնության 9̊ 29′ և արևելյան երկայնության 169̊ 39′ միջև):
Մեծությամբ երկրորդը Աֆրիկան է՝ միակ մայրցամաքը, որը միաժամանակ տարածվում է ինչպես հյուսիսային և հարավային կիսագնդերում, այնպես էլ արևելյան և արևմտյան կիսագնդերում:
Աֆրիկային հաջորդում են Հյուսիսային և Հարավային Ամերիկաները, որոնք ամբողջովին տարածվում են արևմտյան կիսագնդում, սակայն Հարավային Ամերիկայի հյուսիսով է անցնում հասարակածը, հետևաբար այն տարածվում է և՛ հյուսիսային, և՛ հարավային կիսագնդերում:
Մեծությամբ նախավերջին տեղում է գտնվում Անտարկտիդա մայրցամաքը, որի միայն մի փոքր մասն է ընկած հարավային բևեռային շրջագծից հյուսիս և որի տարածքում է գտնվում հարավային բևեռը՝ դարձնելով Անտարկտիդան միակ մայրցամաքը, որը չունի հարավային, արևելյան և արևմտյան ծայրակետեր:
Տարածքով ամենափոքրը Ավստրալիան է, որի մեջտեղով է անցնում հարավային արևադարձը և որը ամբողջովին արևելյան կիսագնդում տարածվող միակ մայրցամաքն է:
Աշխարհամասերը նույնպես ցամաքի խոշոր միավորներ են, սակայն դրանց առանձնացման հիմքում դրված են այլ սկզբունքներ, ինչպես օրինակ Եվրոպացիների կողմից դրանց ճանաչման պատմական գործընթացը, մշակութային և տարածական ընդհանրությունները և տարբերությունները և այլն, ինչի շնորհիվ աշխարհամասերի և մայրցամաքների սահմանները տարբերվում են: Մասնավորապես Եվրոպացիների կողմից հնուց ի վեր ճանաչված տարածքները՝ Եվրոպա, Ասիա և Աֆրիկա աշխարհամասերը ընդունված է անվանել Հին Աշխարհ, իսկ հետագայում հայտնաբերված մայրցամաքները և աշխարհամասերը՝ Ամերիկան, Ավստրալիան և Օվկիանիան, ինչպես նաև Անտարկտիկան՝ Նոր Աշխարհ:
Մայրցամաքներն, ինչպես և աշխարհամասերը վեցն են:
Մայրցամաքները և աշխարհամասերը

Ընդհանուր առմամբ կարող ենք նշել, որ ի տարբերություն մայրցամաքների աշխարհամասերը ընգրկում են նաև մայրցամաքների հարակից կղզիները:
Աշխարհամասերը

Այսպիսով, նայելով քարտեզներին կնկատենք, որ օրինակ Եվրասիա մայրցամաքն ամբողջովին տարածվում է հյուսիսային կիսագնդում, սակայն Ասիա աշխարհամասը, շնորհիվ կղզային տարածքների, գտնվում է միաժամանակ և՛ հյուսիսային, և՛ հարավային կիսագնդերում: