Աշխարհագրությունը (հունարեն՝ Γεωγραφία (գեոգրաֆիա), որն առաջացել է Գեո (γη) կամ Գեյա (γαια)՝ երկուսն էլ «երկիր» իմաստը ունեցող, և գրաֆեին (γραφειν), որը նշանակում է «նկարագրել», «գրել» կամ «պատկերագրել», բառերի կապակցմամբ), երկրի մասին գիտությունների համակարգ, որն ուսումնասիրում է բնական և արտադրական տարածքային համալիրների ձևավորման և զարգացման օրինաչափությունները։ «Գեոգրաֆիա» բառը առաջին անգամ օգտագործվել է Էրատոսթենեսի (275-195 մ.թ.ա.) կողմից։
Աշխարհագրության ուսումնասիրության օբյեկտը աշխարհագրական միջավայրի բաղադրիչների, դրանց համադրությունների տեղաբաշխման ու փոխգործակցության օրենքներն ու օրինաչափություններն են։ Աշխարհագրության բարդ ճյուղային կառուցվածքը պայմանավորված է ուսումնասիրման օբյեկտների բազմազանությամբ և դրանց համակողմանի ուսումնասիրման անհրաժեշտությամբ։ Աշխարհագրական գիտությունների համակարգում առանձնացնում են բազմաթիվ ճյուղեր և ենթաճյուղեր, որոնցից յուրաքանչյուրն ունի իր ուսումնասիրման օբյեկտը և առարկան։ Աշխարհագրության ճյուղային կառուցվածքը պայմանավորված է Երկրի աշխարհագրական թաղանթի բարդ կառուցվածքի, նրանում ընթացող երևույթների և գործընթացների ուսումնասիրմամբ։ Աշխարհագրության երկու հիմնական ճյուղերն են. բնական (ֆիզիկաաշխարհագրական) և հասարակական (սոցիալ-տնտեսական) աշխարհագրական գիտությունները։ Այս երկու ճյուղերը միավորվում են քարտեզագրությամբ և ընդհանուր աշխարհագրությամբ։ Վերջինս ուսումնասիրում է այն օրենքներն ու օրինաչափությունները, որոնք ընդհանուր են թե՛ բնական և թե՛ հասարակական երևույթների տարածքային փոփոությունների համար։
Աշխարհագրությունը հնագույն գիտություններից մեկն է։ Այն որպես ինքնուրույն գիտություն, ունի ավելի քան 2000 տարվա պատմություն։ Սկզբնական շրջանում կուտակված գիտելիքները չհամակարգված էին, որի պատճառով գիտությունը դանդաղ էր զարգանում։ Առաջինը նման գիտական համակարգմամբ սկսեց զբաղվել Թալես Միլեթացու կամ Հոնիական դպրոցը. նրանք աշխարհագրությունն առանձնացրեցին որպես Երկրի մասին գիտություն։ Ըստ Արիստոտելի, հենց Միլեթացուն պետք է համարել աշխարհագրության հայր, քանի որ նա է համակարգել և գիտական տեսքի բերել եգիպտական, փյունիկյան և բաբելոնական աշխարհագրական հետազոտությունները։
Պտզոմեոսի քարտեզի հիման վրա կազմված քարտեզ, 15-րդ դար
Աշխարհագրական գիտության զարգացման մեջ մեծ ներդրում է ունեցել մ.թ.ա. I դարի նշանավոր աշխարհագրագետ Կլավդիոս Պտղոմեոսը։ Պտղոմեոսը կարևորել է աշխարհագրական քարտեզագրությունը, մշակել և գործածության մեջ է դրել իր կողմից մշակված հին աշխարհի քարտեզը։
Վերածննդի դարաշրջանում աշխարհագրությունը վերելք է ապրել՝ պայմանավորված քարտեզագրության զարգացման հետ։ Ֆլամանդացի քարտեզագիր Գերհարդ Մերկատորի կազմած աշխարհի քարտեզը օգտագործվում է մինչ օրս։ Աշխարհագրությունն բուռն զարգացում ապրեց հատկապես XV-XVII դարերում՝ Աշխարհագրական մեծ հայտնագործությունների շրջանում։
XIX դարի 1-ին կեսին ժամանակակից ակադեմիական աշխարհագրության հիմունքները դրել են Ալեքսանդր Հումբոլդտը և Կարլ Ռիտտերը։ XII դարում աշխարհագրությունը բաժանվեց երկու հիմնական ուղղությունների՝ բնական և հասարակական ճյուղերի։
Հայաստանում աշխարհագրությունը զարգացել է անհիշելի ժամանակներից։ Այդ են վկայում բաբելոնյան, ասորական և ուրարտական սեպագիր արձանագրությունները։
Աշխարհագրության մասին կարևոր նյութ է պարունակում Մովսես Խորենացու «Հայոց Պատմությունը», որտեղ տրված են տեղեկություններ այն ժամանակ հայտնի աշխարհի, հատկապես Հայաստանի և հարևան երկրների աշխարհագրական տեղադիրքի, բնության և բնակավայրերի մասին։ Հինգերորդ դարում նույն Մովսես Խորենացին Հայաստանում ստեղծվեց վաղ միջնադարի աշխարհագրության եզակի գործերից մեկը՝ «Աշխարհացոյցը»։ Շարունակելով Խորենացու գործը՝ աշխարհագրական առաջադեմ գաղափարներ շարադրեց Անանիա Շիրակացին, որն իր աշխատություններում տվել է Երկրի գնդաձևության գաղափարը, մակընթացություններն ու տեղատվություններն համարել Լուսնի ձգողության ուժի հետևանք։
XVII-XVIII դարերում կատարելագործվեցին հետազոտության մեթոդները, ստեղծվեցին նոր գործիքներ։ XVIII-XIX դարերում Վենետիկի՝ Սուրբ Ղազար կղզի, Մխիթարյան միաբանությունում ստեղծվեցին մենագրություններ՝ Աշխարհագրության և պատմական Հայաստանի աշխարհագրության վերաբերյալ, կազմվեց հայատառ գլոբուս և այլն։ XIX-XX դարերում աշխարհագրական միտքը զարգացավ նաև Հարավային Կովկասում։
1843-1844 թվականներին Խաչատուր Աբովյանի նախաձեռնությամբ Երևանում ստեղծվեց առաջին օդերևույթական դպրոց կայանը, որի տվյալների հիման վրա 1846 թվականին գրեց « Երևանի օդի ջերմաստիճանը» հոդվածը։ Նա մի շարք հոդվածներում տեղեկություններ տվեց Հայաստանի գավառների աշխարհագրության մասին։ Հայաստանի աշխարհագրական հետազոտություններում մեծ ներդրում են ունեցել նաև օտարազգի աշխարհագետները։ Նրանցից է Ա. Ղուկասովը, ում «Հայկական լեռնաշխարհի կառուցվածքի հիմնական գծերը» (ռուսական, 1901) աշխատությունը կարևոր տեղեկություններ էր պարունակում լեռնաշխարհի կառուցվածքային առանձնահատկությունների մասին։
Աշխարհագրությունը յուրահատուկ տեղ է զբաղեցնում գիտությունների ամբողջական համակարգում, քանի որ նրա հետազոտության օբյեկտները շատ բազմազան են. աշխարհագրական թաղանթը, նրա ոլորտները, դրանցում ընթացող երևույթներն ու գործընթացները, մայրցամաքները, օվկիանոսները, տարածաշրջանները, երկրները, հասարակական երևույթներն ու գործընթացները։ Հայտնի է, որ աշխարհագրական թաղանթի առանձին ոլորտների ուսումնասիրություններով զբաղվում են նաև այլ գիտություններ՝ կենսաբանություն(կենսոլորտ), երկրաբանություն(քարոլորտ), տնտեսագիտություն(մարդոլորտ), ֆիզիկա(մթնոլորտ,քարոլորտ) և այլն։ Սակայն միայն աշխարհագրության ուսումնասիրություններն են, որ ընդգրկում են աշխարհագրական թաղանթի բոլոր ոլորտները։ Աշխարհագրության ուսումնասիրության առարկաներն են Երկրի մակերևույթի բնական ու հասարակական բաղադրիչները և դրանց փոխազդեցության հետևանքով առաջացած տարածական համակարգերը` աշխարհահամակարգերը (գեոհամակարգեր)։ Աշխարհահամակարգերն ընդգրկում են տարբեր մեծության տարածքներ՝ առանձին բնակավայրերից մինչև ամբողջ պետություններ, լանդշաֆտի փոքր տեղամասից մինչև Երկրի աշխարհագրական թաղանթ։ Դրանք կարող են լինել բնական, հասարակական և բնահասարակական։ Անկախ տեսակից, բոլոր աշխարհամակարգերը գտնվում են փոխազդեցության մեջ, օրինակ՝ բնությունը և տնտեսությունը, կլիման և անտառը, օվկիանոսը և մայրցամաքը, օվկիանոսը և տնտեսությունը, և այլն։
Աշխարհագրության զարգացման էքստենսիվ փուլ,հայտնագործությունների շրջան
Աշխարհագրության ուսումնասիրության նպատակն է բացահայտել ու վերլուծել բնական և հասարակական երևույթների տարածական օրինաչափություններն ու տարբերությունները, տարբեր աշխարհահամակարգերի և դրանց առանձին բաղադրիչների միջև եղած փոխադարձ կապերը։ Աշխարհագրության ժամանակակից ընկալումը և նպատակը տարբերվում է նախկին աշխարհագրական ընկալումից նրանով, քանի որ նախկինում շեշտը դրվում էր նկարագրական բաղադրիչի վրա։ Հայտնի էր, որ նախկինում աշխարհագետները հիմնականում զբաղվում էին տարածքներ հայտնաբերելով, դրանց բնությունը, բնակչությունը և տնտեսությունը նկարագրելով։ Այլ կերպ ասած, աշխարհագրական գիտության ուսումնասիրության առարկան ընդարձակվում էր տարածական ընդարձակման շնորհիվ։ Այսինքն՝ գիտությունը զարգանում էր էքստենսիվ ուղիով։ Ներկայում էլ աշխարհագետները հայտնաբերում են նոր տարածքներ Անտարկտիդայում, Օվկիանիայում և քիչ հետազոտված վայրերում։ Սակայն նոր տարածք հայտնաբերելը այլևս աշխարհագրության հիմնական նպատակն ու խնդիրը չէ։ Այժմ առանջնությունը տրվում է խորքային ուսումնասիրություններին. վերլուծություն, բացահայտում, կանխատեսում և այլն։ Դրա շնորհիվ նկարագրական գիտությունից աշխարհագրությունը վերածվեց վերափոխիչ-կառուցողական գիտության և սկսեց զարգանալ ինտենսիվ ուղիով։
Աշխարհագրության խնդիրները
Աշխարհագրության խնդիրն է տարածության և ժամանակի մեջ ուսումնասիրել՝
- բնությունը, նրա առանձին բաղադրիչները և դրանց փոխազդեցության ու կապերի հետևանքով ձևավորված բնական աշխարհահամակարգերը (բնական զոնա, բնական լանդշաֆտ, օվկիանոս, մթնոլորտ, անտառ և այլն)
- հասարակությունը, նրա առանձին բաղադրիչները և դրանց փոխազդեցության ու կապերի հետևանքով ձևավորված հասարակական աշխարհահամակարգերը (տնտեսական շրջան, տարաբնակեցման համակարգ, պետություններ, քաղաքներ և այլն)
- բնության, հասարակության և դրանց առանձին բաղադրիչների փոխազդեցության ու կապերի հետևանքով ձևավորված բնահասարակական աշխարհահամակարգերը (մարդածին լանդշաֆտ, ջրամբար, ջրանցք, հատուկ պահպանվող տարածքներ և այլն)։
Այսիպիսով, բնական միջավայրի խելամիտ օգտագործման և վերափոխման ուղիների բացահայտումն էլ դարձել է աշխարհագրության գլխավոր խնդիրը։ Աշխարհագրական բոլոր գիտությունների միասնական նպատակից ելնելով, կարելի է աշխարհագրությունը բնութագրել որպես աշխարհայացքային և մարդակենտրոն գիտություն, որն ունի իր հանրակրթական, դաստիարակչական և ճանաչողական նշանակությունը։
Քարտեզը որպես աշխարհագրական ուսումնասիրությունների հիմք-
«Ցանկացած աշխարհագրական ուսումնասիրություն սկիզբ է առնում քարտեզից և դառնում քարտեզ, քարտեզից է ամեն ինչ սկսում և ավարտվում» (Ն.Ն. Բարանսկի)
Չնայած նրան, որ աշխարհագրության մեջ ներդրվեցին նոր մեթոդներ, քարտեզագրական մեթոդը շարունակում է մնալ հետազոտությունների հիմնական մեթոդներից մեկն է։ Դա պայմանավորված է նրանով, որ քարտեզը տարածական տեղեկատվության փոխանցման առավել կատարյալ միջոց է։ Աշխարհագրության մոդելավորման, երկրատեղեկատվական և հեռաչափական (դիստանցիոն) մեթոդները ևս հենվում են քարտեզագրական մեթոդի վրա։