Քրիստափոր Կոլումբոսը ծնվել է Ջենովայում։14 տարեկանում դառնում է նավաստի։ Նա կարդում և գրում էր լատիներեն, ծանոթ էր երկրաչափությանը, աստղագիտությանը, աշխարհագրությանը, տիրապետում էր քարտեզագրության ու գեղագրության արվեստին։ Առևտրական նավերով ճամփորդել է Միջերկրական ծովով` եղել Քիոսում, Թունիսում և այլուր։ Որոշ տեղեկությունների համաձայն, Կոլումբոսը ոչ թե իտալացի, այլ իսպանացի էր։ Իսպաներեն անվան առավել հստակ արտասանությունն էր՝ Կրիստո′բալ Կո′լոն։
Կոլումբոսը կրթություն է ստացել Պավիայի համալսարանում։ 1472 թվականից նա տեղափոխվում է Սավոնա, որտեղ շարունակում է մասնակցությունը առևտրականների արշավանքներին։ Այդ տարիներից նա սկսում է մտածել դեպի Հնդկաստան տանող առավել կարճ ուղիներ փնտրելու մասին։ Գտնելով, որ երկիրը գնդաձև է (դա հակասում էր ժամանակի եկեղեցական ուսմունքներին ու գաղափարախոսությանը), Կոլումբոսը կարծում էր, որ պետք է հասնել Աֆրիկայից արևմուտք գտնվող Կանարյան կղզիներին և այնտեղից նավարկել այնքան, մինչև հասնեն Ճապոնիային։ Իր հաշվարկներով՝ ճանապարհը պետք է ձգվեր մոտ 5000 կմ։
Հնդկաստանի հայտնագործման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների ու նավատորմի համար նա դիմում է Ջենովայի կառավարությանը։ Բացասական պատասխան ստանալով՝ 1483 թվականին իր ծրագիրը ներկայացնում է Պորտուգալիայի արքա Ժուան II-ին, ով նույնպես մերժում է իտալացի ծովագնացին։
1490-92 թվականներին հերթական անգամ մերժումներ ստանալուց հետո, մի քանի տարի տևած բանակցությունների արդյունքում, Կոլումբոսին հովանավորում է Կաստիլիայի թագուհի Իզաբելլան։
1492 թվականի օգոստոսի 3-ին իսպանական երեք նավեր՝ «Սանտա Մարիա», «Նինյա» և «Պինտա», դոնի կոչում ստացած Կոլումբոսի գլխավորությամբ դուրս են գալիս Իսպանիայից։
Քրիստափոր Կոլումբոսի առաջին արշավանքի երեք նավերը (կրկնօրինակներ)՝ «Սանտա Մարիա», «Նինյա» և «Պինտա»
Ճամփորդության դուրս գալուց առաջ Կոլումբոսի և իսպանական կառավարության միջև կնքվում է մի պայմանագիր, համաձայն որի՝ նա նշանակվում էր օվկիանոսում հայտնագործված բոլոր կղզիների ու ծովերի ծովակալ, փոխարքա և գեներալ նահանգապետ՝ ժառանգական իրավունքներով։
Առաջին արշավանք
Քրիստափոր Կոլումբոսն իր արշավանքը իրականացնում է երեք նավերով՝ «Սանտա Մարիա» (սեփականատեր՝ Խուան դե լա Կոսա), «Պինտա» (սեփականատեր՝ Մարտին Ալոնսո Պինսոն) և «Նինյա» (սեփականատեր՝ Խուան Նինյա)։ Նավատորմում անձնակազմը հասնում էր 100 հոգու։ Եվրոպացիներն առաջինը ոտք են դնում Գուանախանի (Բահամյան կղզիներ), Էսպանյոլա (Հայիթի) և Խուանա (Կուբա) կղզիներում։ Առաջին կղզին՝ Գուանախանին, ծովագնացն անվանում է «Սան Սալվադոր»։
Կոլումբոսը կարծում էր, որ նոր հայտնաբերած երկրները Արևելյան Ասիայի մաս են կազմում. նրանք մտնում են Չինաստանի, Ճապոնիայի կամ Հնդկաստանի կազմի մեջ։ Հետագայում այս տարածքները եվրոպացիներն անվանում են «Վեստ Ինդիա»` արևմտյան Հնդկաստան` ի հակասություն Հնդկաստանի և Ինդոնեզիայի, որոնք կոչվում էին «Օստ Ինդիա»։ Հայտնի է, որ Ֆերդինանդ և Իզաբելա միապետերին Կոլումբոսը գրել էր, որ պատրաստվում է մեկնել Չիպանգու (Ճապոնիա), այդտեղից՝ Չինաստան, ապա՝ երկու Հնդկաստաններ (Հնդկաստան և Եթովպիա)։ Այսինքն՝ Կոլումբոսի առաջնահերթ խնդիրը ոչ թե Հնդկաստանն էր, այլ Ճապոնիան։
Այս արշավանքի ժամանակ օվկիանոսում երկու անգամ փոթորիկ է բարձրանում և երկու անգամն էլ նավերը կորցնում են, առաջին անգամ կորցնելուց հետո, մի քանի օր հետո կարողանում են գտնել, երկրորդ անգամ փոթորկի հետևանքով իրար կորցնելուց հետո ստիպված են լինում վերադառնալ Իսպանիա։
Երկրորդ արշավանք
Կոլումբոսի երկրորդ արշավանքին (1493-96) մասնակցում էին 17 նավեր։ Նավատորմի առաջատարն էր «Մարիա Գալանտեն», որի տարողունակությունը կազմում էր 200 տոննա։ Տարբեր տվյալներով՝ արշավանքի մասնակից նավաստիների ու նրանց օգնականների թիվը տատանվում էր 1500-2500 թվաքանակի մեջ։
Իսպանացիներն իրենց հետ տանում էին ձիեր և էշեր, խոշոր եղջերավոր անասուններ ու խոզեր, խաղողի որթեր, բանջարանոցային ու հացահատիկային մշակույթների սերմեր և այլն։ Գաղութարարները պատրաստվում էին այնտեղ բնակություն հաստատել։
Հայիթի կղզին ամբողջությամբ նվաճելուց հետո հիմնադրվում է Սանտո Դոմինգո քաղաքը։ Հայտնաբերվում են Փոքր Անտիլյան կղզիները, Վիրջինյան կղզիները, Պուերտո Ռիկոն և Ճամայկան։ Գրեթե ամբողջությամբ ուսումնասիրված էր Կուբա կղզու հարավային եզերքը։ Այդքանով հանդերձ, Կոլումբոսը շարունակում էր պնդել, որ գտնվում է Արևմտյան Հնդկաստանում։
Այս արշավանքի ժամանակ սկսում է համաճարակ, որից հետո Կոլումբոսը իր մոտ է թողնում 500 հոգու և 5 նավ՝ մնացածներին ուղարկելով Իսպանիա։ Նրանք պետք է թագավորին հայտնեին, որ հայտնաբերվել են ոսկու մեծ պաշարներ, և իրենց անհրաժեշտ են անասուններ, երկրագործական իրեր և այլ ունեցված՝ դրանց դիմաց առաջարկելով ստրուկներ՝ տեղացի բնակչությունից։
Իսպանիայի իշխանությունները կտրում են կապը Կոլումբոսի հետ ու ֆինանսավորում Ամերիգո Վեսպուչիին։
Երրորդ արշավանք
Երրորդ արշավանքը մեծ դժվարությամբ է վստահվում Կոլումբոսին։ Իսպանիա հասած նավաստիներն ու ազնվականները, դժգոհ լինելով իտալացի ծովագնացից՝ նաև ազգային հողի վրա, իսպանական արքունիքում ցածրացրել էին նրա վարկանիշը։ Բացի այդ, ոսկու առանձնապես մեծ պաշարներ չէին գտնվել նոր հողերում։ Մյուս կողմից, երբ Կոլումբոսի խնդրանքով Ամերիկա ժամանեց թագավորի օգնությունը, օգտվելով նրա բացակայությունից՝ իսպանացիների մի մասը շահարկել էին այն և սկսել զբաղվել ծովահենությամբ։ Այդուհանդերձ, երկու տարի անց Քրիստափոր Կոլումբոսը երրորդ անգամ մեկնեց ծովային արշավանքի։
Երրորդ արշավանք
(30 մայիսի 1498 — 25 նոյեմբերի 1500)
Երրորդ արշավանքը մեծ դժվարությամբ է վստահվում Կոլումբոսին։ Իսպանիա հասած նավաստիներն ու ազնվականները, դժգոհ լինելով իտալացի ծովագնացից՝ նաև ազգային հողի վրա, իսպանական արքունիքում ցածրացրել էին նրա վարկանիշը։ Բացի այդ, ոսկու առանձնապես մեծ պաշարներ չէին գտնվել նոր հողերում։ Մյուս կողմից, երբ Կոլումբոսի խնդրանքով Ամերիկա ժամանեց թագավորի օգնությունը, օգտվելով նրա բացակայությունից՝ իսպանացիների մի մասը շահարկել էին այն և սկսել զբաղվել ծովահենությամբ։ Այդուհանդերձ, երկու տարի անց Քրիստափոր Կոլումբոսը երրորդ անգամ մեկնեց ծովային արշավանքի։
1498 թվականի մայիսի 30-ին սկսած հերթական ծովագնացությունը առանձնապես հաջող չեղավ. նրան մասնակցում էին վեց նավեր՝ ընդհանուր 300 հոգի անձնակազմով, որոնց թվում էին մի շարք իսպանացի բանտարկյալներ։ Նավատորմը դուրս եկավ Գվադալկիվիր գետից։
Երրորդ արշավանքը Կոլումբոսը նախաձեռնել էր իրականացնել ավելի հարավային ուղիով՝ ենթադրելով, որ կարող է ոսկի գտնել հասարակածին հարող շրջանում։ Երբ նրանք հասնում են Կանարյան կղզիներ, նավերից երեքը ուղարկվում են Հայիթի, իսկ մյուս երեքը ուղղվում են Կանաչ Հրվանդանի կղզիներ՝ ձգտելով մոտենալ հասարակածին։ Հասնելով հյուսիսային լայնության՝ 9°30′-ին՝ նրանք ուղղվեցին արևմուտք։
Հուլիսի 31-ին հայտնաբերվում է Տրինիդադ կղզին։ Նավարկելով հարավ՝ Կոլումբոսը հասնում է Օրինոկո գետին և Պարիայի ծոցին։ Երկու շաբաթ անց ծանր հիվանդությունը ստիպում է նրան լքել այդ վայրերը և ուղղվել դեպի հյուսիս՝ Սանտո Դոմինգո։ Օգոստոսի 20-ին Կոլումբոսը հասնում է Էսպանյոլա, որտեղ գաղութարարները զինված ապստամբություն էին բարձրացրել իր եղբոր՝ Բարտոլոմեի դեմ։ Այն ավարտվում է նրանով, որ Կոլումբոսը համաձայնվում է հողակտոր հատկացնել գաղութարարներին, ինչպես նաև՝ տեղաբնիկների հանդեպ զենք կիրառելու իրավունք։
Իսպանական թագավորական գանձարանը նոր գաղութից եկամուտներ գրեթե չէր ստանում, երբ 1498 թվականին հարևան Պորտուգալիայից դուրս եկացած նավատորմը Վասկո դա Գամայի գլխավորությամբ գտնում է Հնդկաստան տանող նոր ճանապարհը՝ շրջանցելով Աֆրիկա մայրցամաքը։ Նրանք Լիսաբոն են վերադառնում համեմունքների մեծ պաշարով և ցույց տալիս, որ Կոլումբոսը ամենևին էլ Հնդկաստանի ճանապարհը չի գտել, և որ նա խաբեբա է։
Իշխանությունը բանտարկում Կոլումբոսին ու իր եղբայրներին և ուղարկում Իսպանիա։ Նրանց վերադարձի ժամանակ, սակայն, իսպանացի ձեռներեցները կարողանում են համոզել արքունիքին՝ մեղմացնել վերաբերմունքը Կոլումբոսի հանդեպ և վերականգնել իրավունքները։
Չորրորդ արշավանք
Քրիստափոր Կոլումբոսը մեծ ձգտում ուներ՝ գտնելու Հարավային Ասիա տանող ծովային ճանապարհը, որտեղ իսպանացիները կարող էին ազատ առևտուր անել։ Նա համոզված էր, որ այդ ճանապարհը գոյություն ունի, քանի որ մեկ անգամ Կուբա կղզու ափերին մեծ փոթորիկ էր նկատել, որը գալիս էր Կարիբյան ծովի արևմուտքից։ Երկար տատանումներից հետո Իսպանիայի թագավորը համաձայնվում է Կոլումբոսին ևս մեկ հնարավորություն տալ։
Չորրորդ արշավանքի ժամանակ Կոլումբոսն իր հետ վերցնում է եղբորը՝ Բարտոլոմեոյին, և իր տասներեքամյա որդի Էռնանդոյին։ Կուբայից արևմուտք նավարկելով՝ նա հայտնաբերում է մայրցամաք. դա Կենտրոնական Ամերիկայի ծովափն էր։ Այդպիսով Կոլումբոսն ապացուցում է հնդկացիների՝ իրեն պատմած փաստը, որի համաձայն Ատլանտյան օվկիանոսը «Հարավային մեծ ծովից» բաժանված է ցամաքով։
Հայտնաբերելով մի քանի կղզիներ Կոլումբոսը վերադառնում է Իսպանիա։
1499 թվականին նոր հողեր է ուղևորվում Ամերիգո Վեսպուչին։ Նա 1200 կմ երկայնքով նավարկում է Գայանայի ափով, հասնում Վենեսուելա և մարգարտի ափ։ Ավելի ուշ նա հայտնաբերում է Ամազոն և Պարա գետերը։ Հոսանքն ի վեր բարձրանալով 100 կմ՝ նա չի կարողանում ափ իջնել, քանի որ անտառները չափազանց խիտ էին։ Նա հայտնաբերում է նաև Գվիանական հոսանքը։ Այդպիսով՝ նա բացահայտում է Հարավային Ամերիկա մայրցամաքը և վերադառնում Օխենդայի նավատորմ։
Վեսպուչին առաջինը ցույց տվեց (1502 թվականին), որ Քրիստափոր Կոլումբոսի հայտնաբերած Բրազիլիան և «Արևմտյան Հնդկաստան» անվանված կղզիները Ասիայի արևելյան հատվածը չեն, այլ լիովին առանձին մի երկրազանգված, որ մինչ այդ անհայտ էր Հին աշխարհի մարդկանց։ Այդ նորագյուտ երկրազանգվածն սկզբնապես կոչվեց Նոր աշխարհ, ապա Ամերիգո Վեսպուչիի անվան լատինական ձևի՝ Americus-ի հիման վրա ստացավ Ամերիկա անվանումը։


