Քարերի սիմֆոնիան կամ «Բազալտե երգեհոնը», բնական հուշարձան է, որը գտնվում է Ազատ գետի՝ Գառնի գյուղի տարածքում գտնվող ավազանում։ Ընդգրկված է ՀՀ բնության հուշարձանների ցանկում։ Սիմֆոնիան ներկայանում է հսկա հնգանկյուն և վեցանկյուն բազալտե սյուներով (մոտ 50մ բարձրության), որոնք զարմանալի սիմետրիկության պատճառով ձեռագործ են թվում: Երևույթի գիտական անվանումն է` սյունային անջատում։
Բնության կողմից կերտված, գետի վրա կախված այդ սյուների շարանը հիշեցնում է երաժշտական գործիք` «Բազալտե երգեհոն»: Կիրճով հոսում է Ազատ գետը, լրացնելով քարե շքեղությունը ջրի աղմուկով:
Բնական հուշարձանը նշանավոր է իր հիասքանչ, արհեստական թվացող ժայռերով, որոնք կազմված են կանոնավոր վեցանկյուն գլաններից։ Վերջիններս ձգվում են ստորոտից մինչև ձորի գլուխ և ստացել են «Քարե սիմֆոնիա» անվանումը։ Զարմանահրաշ այս ժայռերը գոյացել են բարձր ճնշման պայմաններում՝ հրաբխային լավայի սառչելու և բյուրեղացման արդյունքում։
ՄԱԿ-ի Զբոսաշրջային համաշխարհային կազմակերպության (UNWTO) 2013 թվականին «Vettor Giusti» զբոսաշրջային պաստառների մրցույթում՝ Եվրոպա կատեգորիայում, հաղթող ճանաչվեց Հայաստանը` «Քարերի Սիմֆոնիա» պաստառով։ Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի և ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից ներկայացված Հայաստանի «Քարերի Սիմֆոնիա» պաստառը ճանաչվեց լավագույնը «UNWTO»-ի Եվրոպայի հանձնաժողովի 44 անդամ-երկրների շարքում։




