Գուգարքի և Թիֆլիսի բարբառներով՝ Քուռ, թուրքերեն՝ Kura, վրացերեն՝ მტკვარი – Mtkvari,ադրբեջաներեն՝ Kür) – գետ Հայկական լեռնաշխարհում և Կասպից ծովի ավազանում։
Կուր անվան ստուգաբանությունը Սալմաստի հայերեն բարբառի տարբերակում «կուռ»՝«ջրի ավազան» է նշանակում: Համաձայն ավանդության՝ Կուր գետի անունը դրել են հայոց, վրաց և աղվանից ազգերը՝ ի նշան կուռ բարեկամության։ Հին Հունական աշխարհագետներին հայտնի է եղել հունացված Kyros ձևով։ Ըստ Ստրաբոնի՝ անվանվել է ի պատիվ պարսից արքա Կյուրոս II Մեծի, որոշները կապել են Զևսի դստեր՝ Կուրի անվան հետ։ Նորագույն դարաշրջանում հայերեն հաճախ անվանվել է Քուռ:
Սկիզբ առնելով Կարմիր Փորակ լեռնաշղթայի հյուսիսային ստորոտներում` (Կարսի մարզի Արդահանի շրջանի Գյոլեի տեղամասում, ներկայումս՝ Թուրքիայում), Կուրը հոսում է դեպի Վրաստան՝ հասնելով Ադրբեջան, որտեղ այն միանում է Արաքսին և թափվում Կասպից ծով։ Կուր գետի երկարությունը 1515 կմ է։
Կուր գետի ափին գտնվող բնակավայրերն են `
Մարդանեկ – Կարսի մարզ
Օկամ – Կարսի մարզ
Արդահան – Կարսի մարզ
Գյուլաբերդ – Կարսի մարզ
Ասպինձա – Վրաստան
Բորժոմ – Վրաստան
Խաշուր – Վրաստան
Ագարա – Վրաստան
Քարել – Վրաստան
Գորի – Վրաստան
Կասպի – Վրաստան
Ձեգվի – Վրաստան
Մցխեթ – Վրաստան
Թիֆլիս – Վրաստան
Ռուսթավի – Վրաստան
Գարդաբան – Վրաստան
Մինգեչաուր – Ադրբեջան
Եվլախ – Ադրբեջան
Զարդոբ – Ադրբեջան
Սաբիրաբադ – Ադրբեջան
Ալի-Բայրամլի – Ադրբեջան
Սալյան – Ադրբեջան
Նեֆթեչալա – Ադրբեջան

Անհանգստացնող է Կուր գետի ներկա էկոլոգիական վիճակը, գետը ամբողջությամբ աղտոտված է, ինչպես և երևում է լուսանկարներում։ Աղտոտվածությունը պայմանավորված չէ միայն նրանով, որ գետը գարնանային հորդացման փուլում է գտնվում՝ ձնհալի ու անձրևաջրերի հետ տեղափոխում է մեծ քանակությամբ հող,տիղմ, տարբեր գետաբերուկներ, բնապահպանների խոսքերով, աղտոտվածությունը պայմանավորված է վնասակար նյութերի մակարդակը զգալիորեն բարձրացմամբ:
Այսպիսին են Վրաստանի Բնապահպանության և կենսաբանական մոնիտորինգի ասոցիացիայի կողմից անցկացված ուսումնասիրության արդյունքները: Այդ ասոցիացիան համագործակցել է Հայաստանի շրջակա միջավայրի պահպանման միության և Ադրբեջանի «կանաչների» խմբի հետ: Զեկույցում նշված է, որ Քուռ գետում ձկների քանակը նվազել է, քանի որ թթվածնի մակարդակը 2-3 անգամ նորմայից ցածր էր, մինչդեռ աղի մակարդակը կրկնակի կամ նույնիսկ եռակի բարձր էր թույլատրելի նորմայից:

Արդյունաբերական եւ քաղաքային թափոնները շարունակում են գետ թափվել, վտանգելով այն մարդկանց առողջությունը, ում համար գետը կենսական նշանակություն ունի` հանդիսանալով խմելու և ոռոգման ջրի ու ձկնորսության աղբյուր:
Մարդիկ հույս ունեին, որ Վրաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի կառավարությունները կարող են համատեղ ուժերով նվազեցնել աղտոտող գործոնների աղբյուրները: Սա կարող էր իրականացվել աջակցության ծրագրերի օգնությամբ, որոնք մատչելի կլինեն այս երկրներին նրանց եվրաինտեգրման ճանապարհին: Սակայն միչեւ այժմ խնդրի լուծմանն ուղղված թե’ առանձին, թե’ համատեղ ջանքերը որեւէ արդյունք չեն տվել:
ՄԱԿ-ի Քուռ-Արաքս գետավազանի անդրսահմանային դեգրադացիայի նվազեցման ծրագիրն այս տարվա հունվարին հրապարակել է իր ուսումնասիրությունները: Ըստ դրա, Քուռ-Արաքս գետավազանն աղտոտում է միանգամից չորս երկիր՝ Հարավային Կովկասի երկրներն ու Իրանը: Ըստ ծրագրի վերլուծության՝ Վրաստանն ու Հայաստանը գետավազանն աղտոտում են վեցական արտադրական ձեռնարկություններով, Ադրբեջանը՝ երեք, Իրանը մեկ: Այս բոլոր երկրները, բացի արդյունաբերական ձեռնարկություններից, գետավազանը պղնձով , թունաքիմիկատներով վնասակար նյութերով «հարստացնում են» նրա ոռոգվող շրջանները:
Նույն վերլուծության համաձայն՝ Քուռ-Արաքս գետավազանի էկոլոգիայի վրա Հայաստանն ամենից շատ ազդում է վնասակար մետաղներով ու նյութերով: Օրգանական բնույթի աղտոտումը պայմանավորված է Երևանի կոյուղաջրերով: Եթե այս շարքից հանենք Վանաձորի չգործող քիմիական համալիրը, ապա կստացվի, որ գետավազանն աղտոտող չորս երկրների շարքում առաջին տեղը պատկանում է Վրաստանին՝ Մառնեուլիի, Ռուսթավիի, Թբիլիսիի, Գարդաբանիի ձեռնարկություններով: Թուրքիան այս ցուցակում չկա: Հրաժարվել է մասնակցել ՄԱԿ-ի ծրագրին:
Ադրբեջանի բնապահպանության եւ ջրային ռեսուրսների նախարարության աշխատակիցները հաստատում են, որ Քուռ գետում աղտոտման մակարդակը բարձր է: Բնապահպանական կանխատեսումների ազգային կենտրոնի ղեկավար Թելման Զեյնալովն ասում է, որ Ադրբեջանի արդյունաբերական գործարաններից մեծ քանակով թափոններ են լցվում Քուռ գետը, սակայն դրա մասին տվյալները չեն հրապարակվում:

Հայաստանի Հիդրոէկոլոգիայի ձկնաբուծության ինստիտուտի ավագ գիտաշխատող, քիմիական գիտությունների թեկնածու Վարդուհի Գրիգորյանի ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ջրային ռեսուրսների աղտոտման հիմնական աղբյուրներից են կոյուղաջրերը ու գյուղատնտեսությունը:
Բնապահպանության ոլորտում փորձագետ եւ նախկինում բնապահպանության նախարար Նինո Չխոբաձեն ասում է, որ վերջին տարիներին հայտնված ավտոլվացման բազմաթիվ կետերը մտահոգության տեղիք են տալիս:
«Մեքենաների լվացման ժամանակ օգտագործվող օճառները շատ վնասակար են եւ կհանգեցնեն Քուռ գետում ձկների իսպառ վերացմանը, դրանց քանակն արդեն իսկ կտրուկ նվազել է»,- ասում է նա: Եվ քաղաքային թափոնները, և մեծ արդյունաբերական, հանքաարդյունաբերական եւ քիմիական գործարանների արտանետումները նպաստում են Քուռ գետի եւ Վրաստանի տարածքով անցնող նրա վտակների աղտոտմանը:
Հստակ և խիստ բնապահպանական միջոցառումներ պետք է իրականացվեն Հարավային Կովկասի երկրների կողմից ուղղված Կուր գետի էկոլոգիական վիճակի բարելավմանը։



