1918 թ․, այսպես կոչված հաշտության և բարեկամության պայմանագիր Օսմանյան կայսերական կառավարության և հայկական գավառների գերագույն և միակ իշխանության անունից, Թիֆլիսի Հայոց Ազգային Խորհրդի միջև, կնքվել է հունիսի 4-ին Բաթումում։

Պայմանագրով Հայաստանի տարածքը կազմում էր 12 հազար քառակուսի կիլոմետր, պետք է վերանային ֆիդայական բոլոր ջոկատները, նաև Անդրանիկինը։ Թուրքիային էր անցնում երկաթուղին։ Ճանաչվում էր Հայաստանի Հանրապետությունը։ Հայաստանին էր մնում Սևանը, Երևանը, Էջմիածինը։ Գերմանացի դիվանագետներից մեկ խոսքերով՝ «հայերին թողեցին Սևանում լողանալու տեղ, բայց չորանալու տեղ չթողեցին»։ Հայաստանը իրավունք չուներ հարաբերություններ հաստատել Անտանտի երկրների հետ։ Գեներալ Անդրանիկը հունիս — հուլիս ամիսներին պաշտպանում էր Նախիջևանը։ Հուլիսի 17-ին այն հայտարարեց Խորհրդային Ռուսաստանի մաս, աշխատելով այն պահել որպես Բրեստի պայմանագրով Թուրքիային ոչ ենթակա տարածք և ավելի ծանր Բաթումի պայմանագրից դուրս գտնվող հողամաս։

Դեռևս 1918 թվականի մայիսի 14-ին, թուրքական պատվիրակությունը անդրկովկասյան պատվիրակության հետ բանակցությունների ընթացքում պահանջել էր իրեն հնարավորություն տալ «բարեկամաբար օգտագործել Ալեքսանդրապոլ–Ջուլֆա երկաթուղագիծը»։ Չսպասելով պատասխանի՝ թուրքական զորքերը հաջորդ օրը գրավել են Ալեքսանդրապոլը։ Մայիսի 15-ին Ն. Ժորդանիան և գերմանական գեներալ Ֆոն Լոսովը, մինչև Անդրկովկասյան սեյմի պաշտոնական ցրումը, համաձայնեցին Վրաստանն անկախ հռչակելու մասին։ Այդպիսի համաձայնություն կար նաև մուսավաթականների և թուրքերի միջև Ադրբեջանի անկախության վերաբերյալ։ Մայիսի 26-ին սեյմը հայտարարեց ինքնացրման մասին։ Այդպիսի պայմաններում մայիսի 28-ին Հայաստանն իրեն հռչակեց անկախ և առանձին բանակցություններ սկսեց Թուրքիայի հետ։

Բաթումի պայմանագիրը բաղկացած էր 14 հոդվածից։ Առաջին հոդվածով հռչակվում էր «խաղաղություն և հարատև բարեկամություն» երկու կառավարությունների միջև։ 2-րդ հոդվածով որոշվում էր Օսմանյան կայսրության և Վրաստանի, Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանը, ըստ որի Հայաստանի Հանրապետության տարածքը պարփակվում էր Երևանի գավառի մի մասով և հարակից մի քանի շրջաններով՝ ընդհանուր առմամբ 10 հազար կմ քառակուսի տարածությամբ։ 4–րդ հոդվածով նախատեսվում էր Թուրքիայի ռազմական օգնությունը, եթե Հայաստանի Հանրապետությունը խնդրեր նրանից՝ «երկրի ներսում կարգն ու հանգստությունն ապահովելու համար»։ Այս հոդվածը հնարավորություն էր ընձեռնում Թուրքիային՝ ցանկացած առիթն օգտագործել Հայաստանը զավթելու համար։ 5-րդ հոդվածով Հայաստանի Հանրապետության կառավարությունը պարտավորվում էր թույլ չտալ իր տարածքում հակաթուրքական զինված խմբերի կազմավորում։ 6-ից 10-րդ հոդվածները հիմնականում ուղղված էին Հայաստանում իսլամադավան բնակչության իրավունքների պաշտպանությանը, երկաթուղիների օգտագործման, փոստ-հեռագրային հարցերին։ 11-րդ հոդվածով Հայաստանի Հանրապետության կառավարությունը պարտավորվում էր պայմանագրի ստորագրումից հետո անհապաղ դուրս բերել Բաքվից իր բոլոր զինված ուժերը։ Բրեստի հաշտության պայմանագրի այն բոլոր հոդվածները, որոնք չէին հակասում Բաթումի պայմանագրին, մնում էին ուժի մեջ (հոդված 12-րդ)։ Պայմանագրի վավերացման պայմանները սահմանվում Էին 14-րդ հոդվածով։
