Երկիրը պտտվում է ոչ միայն իր առանցքի շուրջը, այլև Արեգակի: Իր առանցքի շուրջը Երկրի պտույտն անվանում են օրական պտույտ, իսկ Արեգակի շուրջը՝ տարեկան պտույտ: Այդպես են կոչվում, որովհետև Երկիրն իր առանցքի շուրջը մեկ լրիվ պտույտը կատարում է մեկ օրում, իսկ Արեգակի շուրջը՝ մեկ տարում: Տարվա տևողությունը 365 օր 5 ժամ 48 րոպե 46 վայրկյան է: Չորրորդ տարվա փետրվար ամիսն ավելանում է 1 օրով, և օրերի քանակը դառնում է 29 օր, իսկ տվյալ տարին ունենում է 366 օր: Այդ տարին համարվում է նահանջ տարի:

Այն ուղին, որով շարժվում է մոլորակը, կոչվում է ուղեծիր: Այլ կերպ ասած՝ դա նրա հետագիծն է: Արեգակի շուրջը Երկրի պտտման ուղեծիրը էլիպսաձև է: Երկրի տարեկան պտույտով է պայմանավորված տարվա չորս եղանակների ( գարուն, ամառ, աշուն, ձմեռ) կանոնավոր հերթափոխը, որն ունի հետևյալ երեք պատճառները.
ա) Երկրի պտույտը Արեգակի շուրջը,
բ) Երկրի պտտման առանցքի թեքությունը ուղեծրի հարթության նկատմամբ,
գ) տարածության մեջ նրա պտտման առանցքի ուղղության անփոփոխ լինելը:
Այն կիսագնդում, որով Երկիրն ուղղված է դեպի Արեգակը, ամառ է, իսկ մյուս կիսագնդում՝ ձմեռ: Հունիսի 22-ին հյուսիսային կիսագնդում ամենաերկար ցերեկը և ամենակարճ գիշերը, իսկ հարավային կիսագնդում՝ ամենակարճ ցերեկը և ամենաերկար գիշերը: Դեկտեմբերի 22-ին հյուսիսային կիսագնդում լինում են ամենակարճ ցերեկը և ամենաերկար գիշերը, իսկ հարավային կիսագնդում ՝ հակառակը:
Հունիսի 22-ը հյուսիսային կիսագնդում կոչվում է ամառային արևադարձի օր, իսկ դեկտեմբերի 22-ը՝ ձմեռային արևադարձի օր:
Սեպտեմբերի 23-ին ու մարտի 21-ին գիշերվա և ցերեկվա տևողությունները հավասարվում են: Հյուսիսային կիսագնդում մարտի 21-ը կոչվում է գարնանային գիշերհավասարի օր, իսկ սեպտեմբերի 23-ը՝ աշնանային գիշերահավասարի օր:
Այլ է պատկերը բևեռներում. մարտի 21-ից մինչև սեպտեմբերի 23-ը վեց ամիս Հյուսիսային բևեռում ցերեկ է, որը կոչվում է բևեռային ցերեկ : Այդ նույն ժամանակամիջոցում Հարավային բևեռում գիշեր է, որը կոչվում է բևեռային գիշեր:
Սեպտեմբերի 23-ից մինչև մարտի 21-ը Հյուսիսային բևեռում լինում է բևեռային գիշեր, իսկ Հարավայինում՝ բևեռային ցերեկ:

Երկրի պտույտն Արեգակի շուրջ: Եթե այդ պտույտը չլիներ, ապա Երկրի
առանցքն Արեգակի նկատմամբ կունենար միշտ նույն դիրքը, և տարվա
եղանակները չէին հերթափոխվի:
Երկրի առանցքի թեքությունը ուղեծրի հարթության նկատմամբ, որը
կազմում է 66,5°անկյուն: Դրա հետևանքով մեկ հյուսիսային կիսագունդն է
թեքվում դեպի Արեգակը, մեկ` հարավայինը, մեկ էլ` հասարակածը:
Երկրի առանցքի թեքությունը ամբողջ պտույտի ընթացքում չի փոխվում,
մնում է հաստատուն: Առանցքի թեքությունը և դրա անփոփոխ մնալը նպաստում
են, որ Երկրի մակերևույթի վրա տարվա տարբեր եղանակներին Արեգակի
ճառագայթներն ընկնեն տարբեր անկյան տակ, և ցերեկվա ու գիշերվա
տևողությունները ամբողջ պտույտի ընթացքում և բոլոր լայնություններում լինեն
տարբեր՝ բացի հասարակածից, որտեղ միշտ գիշերն ու ցերեկն իրար հավասար են
և տևում են 12 ժամ:
Երկրի գնդաձևությունը, որի շնորհիվ Արեգակի ճառագայթները նույն պահին
աշխարհագրական տարբեր լայնություններում ընկնում են տարբեր անկյան տակ`
առաջացնելով կլիմայական և լանդշաֆտային փոփոխություններ:
Տարվա ի՞նչ եղանակ կլիներ բևեռներում, հասարակածում և Երևանում, եթե Երկրի ուղեծրի հարթությունն ուղղահայաց լիներ իր առանցքի նկատմամբ:
Այդ դեպքում Արեգակի ճառագայթները միշտ ուղղահայաց
կընկնեին հասարակածի վրա, հավասարաչափ լույս և ջերմություն կստանային երկու
կիսագնդերը, լույսը մթից բաժանող գիծը կանցներ բևեռներով, և գիշերն ու ցերեկը
հավասար կլինեին: Բևեռային գիշերներ ու ցերեկներ չէին լինի, հասարակածից դեպի
բևեռներ ջերմաստիճանը կնվազեր հավասարաչափ, և չէր լինի տարվա եղանակների հերթափոխ. յուրաքանչյուր գոտում կլիներ տարվա մեկ եղանակ: Օրինակ՝ ՀՀ–ում միշտ
կլիներ աշնանային կամ գարնանային զով եղանակ:
Երկրագնդի ո՞ր կիսագունդն է ավելի շատ ջերմություն ստանում և ինչո՞ւ:
Հասարակածի երկու կողմերում՝ մինչև արևադարձներն ընկած տարածքում, դիտվում է հիմնականում տարվա մեկ եղանակ` ամառ: Այստեղ տարեկան ջերմաստիճանների տատանումները փոքր են, իսկ օդի տարեկան միջին ջերմաստիճանը +20°–ից չի իջնում:
Արեգակի ճառագայթների անկման անկյունը միշտ մեծ է` սկսած 66,5°–ից (հունիս և
դեկտեմբեր) մինչև 90° (սեպտեմբեր և մարտ): Դա տաք ջերմային գոտու տարածքն է։
Սխեմատիկ ձևով գծագրե՛ք Երկրի դիրքն Արեգակի նկատմամբ հունիսի 22–ին, մարտի 21–ին և դեկտեմբերի 22–ին:
Հունիսի 22–ին Երկիրն իր հյուսիսային կիսագնդով է թեքված դեպի Արեգակը, և ճառագայթներն ուղղահայաց ընկնում են հս. լ. 23,5° զուգահեռականի` հյուսիսային արևադարձի վրա: Ամառային
արևակայության (արևադարձի) այդ օրը հասարակածից դեպի հյուսիս՝ մինչև հս. լ. 66,5°
զուգահեռականը, ցերեկն ավելի երկար է, քան գիշերը: Հս. լ. 66,5°-ից մինչև Հս. բևեռն
ընկած տարածքում բևեռային ցերեկն է, որը բևեռում տևում է վեց ամիս: Հս. լ. 66,5°
զուգահեռականի վրա այդ օրն ամբողջովին ցերեկ է (24 ժամ): Հս. լ. 66,5°
զուգահեռականը բևեռային ցերեկների և գիշերների սահմանն է: Դրանից դեպի հարավ
գիշերն ու ցերեկը միշտ իրար հերթափոխում են: Այդ զուգահեռականը կոչվում է
հյուսիսային բևեռային շրջագիծ: Այդ նույն օրը հասարակածից հարավ՝ մինչև հվ. լ.
66,5° զուգահեռականը, ցերեկն ավելի կարճ է, քան գիշերը: Հվ. լ. 66,5°–ից հարավ ընկած
տարածքը բոլորովին լուսավորված չէ. այդտեղ բևեռային գիշեր է: Հունիսի 22–ը
համարվում է հյուսիսային կիսագնդի աստղաբաշխական ամառվա և հարավային
կիսագնդի աստղաբաշխական ձմեռվա սկիզբը: Այսպիսով՝ հյուսիսային կիսագնդում ամառ է, հարավայինում` ձմեռ: Հյուսիսային կիսագնդում ցերեկը երկար է, գիշերը` կարճ,
հարավայինում` հակառակը: Հյուսիսային բևեռի շուրջը բևեռային ցերեկ է, հարավայինի շուրջը` բևեռային գիշեր: Այդ օրը՝ հունիսի 22–ին, լույսը մթից բաժանող գիծն անցնում է
բևեռային շրջագծերով:
Մարտի 21–ին Երկիրը հասարակածի կողմով է թեքված
դեպի Արեգակը, և կեսօրին ճառագայթներն ուղղահայաց ընկնում են հասարակածի վրա:
Լույսը մթից բաժանող գիծն անցնում է բևեռներով, և բոլոր զուգահեռականները
հավասար լույս ու ջերմություն են ստանում: Գիշերը և ցերեկը հավասարվում են,
բևեռային գիշերներն ու ցերեկները` վերանում: Այդ պատճառով հս. կիսագնդում
սեպտեմբերի 23–ը կոչվում է աշնանային, իսկ մարտի 21–ը` գարնանային
օրահավասարի (գիշերահավասարի) օր:
Դեկտեմբերի 22–ին Երկիրը հարավային կիսագնդով է թեքված դեպի Արեգակը, և
ճառագայթներն ուղղահայաց ընկնում են հվ. լ. 23,5° զուգահեռականի` հվ. արևադարձի վրա: Հասարակածից մինչև հվ. լ. 66,5° զուգահեռականը ցերեկն ավելի երկար է, քան
գիշերը: Այդ զուգահեռականի վրա 1 ամբողջ օր (24 ժամ) բևեռային ցերեկ է: Հվ. բևեռային շրջագծից դեպի Հվ. բևեռ շարժվելիս բևեռային ցերեկներն աստիճանաբար երկարում են և
բևեռում հասնում վեց ամսվա: Այսպիսով՝ հարավային կիսագնդում ամառ է,
հյուսիսայինում` ձմեռ: Հարավային կիսագնդում ցերեկը երկար է, գիշերը` կարճ,
հյուսիսայինում` հակառակը: Հվ. բևեռի շուրջը բևեռային ցերեկ է, հյուսիսայինի շուրջը` բևեռային գիշեր: Այդ օրը՝ դեկտեմբերի 22–ին, լույսը մթից բաժանող գիծն անցնում է
նորից բևեռային շրջագծերով: Դեկտեմբերի 22–ը համարվում է հարավային կիսագնդի աստղաբաշխական ամառվա և հյուսիսային կիսագնդի աստղաբաշխական ձմեռվա
սկիզբը:

Ապոկենտրոն կամ ափելիոն (հին հունարեն՝ από — «ապո»՝ հեռու և «հելիոս»՝ Արեգակ բառերից — արևահեռ կետ) և պերիկենտրոն (հին հունարեն՝ περί «պերի» — շուրջ, մոտ), աստղագիտական հասկացություններ, երկնային մարմնի ուղեծրի կետեր, կենտրոնական մարմնին ամենամոտ և ամենահեռու կետերը։
2021 թվականի հուլիսի 6-ին Երևանի ժամանակով 02։47-ին Երկիրը գտնվել է Արեգակից ամենահեռու դիրքում․ հեռավորությունը 152 171 522 կմ։
Քանի որ Երկրի ուղեծիրն էլիպսաձև է, Արեգակից հեռավորությունը փոփոխվում է մոտ 147-152 միլիոն կմ-ի սահմաններում։ Ամենամոտ կետում լինում է հունվարի 5-ին։