Երկրագնդի՝ իր առանցքի շուրջը պտույտի աշխարհագրական հետևանքներից է օրվա տարբեր ժամերի հերթափոխը։ Բնականաբար, օրվա նույն ժամտ կարող է լինել միայն նույն միջօրեականի ուղղությամբ գտնվող կետերում։ Մնացած բոլոր դեպքերում երկրագնդի տարբեր կետերում օրվա միևնույն ժամը լինել չի կարող։
Առավոտյան դուք արթնանում եք, նախաճաշում և գնում դպրոց, իսկ այդ ընթացքում Ամերիկայում դպրոցականները խորը քնած են։ Մի տեղում արևամուտ է, մի այլ տեղում՝ կեսօր։
Գիտնականները երկրագունդը պայմանականորեն բաժանել են 24 ժամային գոտու։
Ժամային գոտիների առանձնացումը կատարվել է հետևյալ կերպ. զրոյական միջօրեականից դեպի արևելք և արևմուտք գծվել են 7°30՛ միջօրեականները: Ստացվել է մի գոտի, որն ընդգրկվում է 15°, և նրա կենտրոնով անցնում է զրոյական միջօրեականը: Այն կոչել են 0–ական կամ 24–րդ ժամային գոտի։

Նույն միջօրեականի վրա ամենուրեք օրվա նույն ժամն է, այսինքն` յուրաքանչյուր միջօրեական ունի իր տեղական ժամանակը: Տվյալ պահին միջօրեականի վրա դիտված ժամանակը կոչվում է տեղական ժամանակ: Այն պահին, երբ Արեգակի սկավառակի կենտրոնը ուղիղ նայում է տվյալ միջօրեականին, այդտեղ կեսօր է՝ տեղական ժամանակով ժ. 12–ը: Սակայն տեղական ժամանակն օգտագործելը առաջ է բերում շատ անհարմարություններ, որի հետևանքով էլ մտցված է գոտիական ժամանակը: Ընդունված է յուրաքանչյուր ժամային գոտու համար գոտիական ժամանակ համարել նրա կենտրո նով անցնող միջօրեականի տեղական ժամանակը: Դա նշանակում է, որ յուրաքանչյուր գոտու արևմտյան և արևելյան (եզրային) միջօրեականների տեղական ժամանակը գոտիականից կտարբերվի 0,5 ժամով: Այսպիսով՝ յուրաքանչյուր ժամային գոտու տարածքում՝ Հյուսիսային բևեռից մինչև Հարավային բևեռ, սահմանված է մեկ ժամ: Գոտիական ժամանակը ոչ միշտ է նպաստավոր մարդու աշխատանքային գործունեության համար: Գոտիական ժամանակով առաջնորդվելիս խախտվում է մարդկանց աշխատանքային ռիթմը, ծախսվում է շատ էլեկտրական էներգիա: Օրինակ՝ ամռանը արևը ծագում է ավելի վաղ, իսկ ձմռանը` ուշ, բայց աշխատանքը սկսվում է նույն ժամին: Մարդը լիարժեք չի օգտագործում ցերեկային լույսը: Այս անհարմարությունները մեղմացնելու համար հաճախ շեղումներ են սահմանվում գոտիական ժամանակից, և ժամացույցի սլաքը տարվում է առաջ կամ հետ: Դա կատարվում է պետական որոշումով: Նախ նշենք, որ նախկին ԽՍՀՄ–ում գոտիական ժամանակը 1930 թ. մեկ ժամով առաջ է տրվել, և արեգակնային կեսօրը ժամը 12–ից դարձել է 13–ը: Դա կոչվում է դեկրետային ժամանակ:

Ինչպես աշխարհի շատ երկրներում, այնպես էլ Հայաստանում 1981 թ. մտցվեց ամառային և ձմեռային ժամանակը: Ցերեկվա լույսը խելամիտ օգտագործելու և էլեկտրական էներգիան խնայելու նպատակով մարտից հոկտեմբեր ժամացույցների սլաքը մեկ ժամ առաջ է տրվում (ամառային ժամանակ), իսկ հոկտեմբերից մարտ` մեկ ժամ հետ (ձմեռային ժամանակ): Երկու քաղաքների ժամերի տարբերությունը որոշելու համար անհրաժեշտ է իմանալ դրանց աշխարհագրական երկայնության տարբերությունը:

Օրինակ՝ Մոսկվան 2–րդ ժամային գոտում է (արլ. ե. 37°), իսկ Իրկուտսկը` 7–րդ (արլ. ե. 105°): Նրանց տարբերությունը 5 ժամ է (105°– 37°= = 68° : 15°= 4,5°: Քանի որ 4,5–ը 4–ից ավելի է, ուստի ընկնում է հաջորդ` 5–րդ գոտու մեջ): Եթե Մոսկվայում ցերեկվա ժամը 12–ն է, ապա Իրկուտսկում կլինի ժամը 17–ը: Եթե տվյալ քաղաքը գտնվում է մյուսից դեպի արևելք, ապա նրա ժամանակը կլինի նախորդից առաջ, հակառակ դեպքում՝ հետ: Օրինակ՝ Երևանը զրոյական ժամային գոտուց գտնվում է 3 ժամային գոտի դեպի արևելք, հետևաբար Երևանում ժամանակը 3 ժամով առաջ կլինի Լոնդոնից:

Ամսաթվի փոփոխման գիծը: 1884 թ. 12–րդ ժամային գոտու կենտրոնով՝ մոտավորապես 180° միջօրեականով, անցկացվեց ամսաթվի փոփոխման միջազգային գիծը: Այն Երկրի մակերևույթի վրա պայմանական գիծ է, որի երկու կողմերում պահպանվում են նույն ժամերը և րոպեները, սակայն օրացուցային ամսաթվերը տարբերվում են մեկ օրով:

Ամսաթվի փոփոխման գիծը նույնպես անցկացվել է 180°–ից շեղումներով: Այն անցնում է Բերինգի նեղուցով, Ալեության կղզիների արևմուտքով, Տուվալու և Ֆիջի կղզիների արևելքով և, իհարկե, հիմնականում 180°միջօրեականով։ Օրինակ՝ Նոր տարին սկսվում է 0 ժամ 00 րոպեին այդ գծից և տարածվում դեպի արևմուտք, իսկ նույն պահին գծից արևելք նախկին տարվա դեկտեմբերի 31–ն է: Եթե այդ գիծը հատում ենք արևմուտքից արևելք, ապա մեկ օր շուտ ենք տեղ հասնում (շահում ենք), իսկ հակառակ ուղղությամբ մեկ՝ օր կորցնում ենք:
Ժամային գոտիների որոշումը կետի կոորդինատներով
Աշխարհագրական ժամային գոտին ընդգրկում է 15° լայնությամբ տարածք (360:24 ժ =15 կամ ±7,5° ժամային գոտու կենտրոնով անցնող միջօրեականի նկատմամբ)։
Ժամային գոտիների հաջորդականության հաշվարկն արվում է զրոյական կամ Գրինվիչի միջօրեականից, որը զրոյական աշխարհագրական ժամային գոտու կենտրոնով անցնող միջօրեականն է: Երկրագունդ բաժանված է 24 ժամային գոտու:
Քանի որ զրոյական ժամային գոտին ավարտվում է ոչ թե զրոյական միջօրեականով, այլ նրանից 7,5 աստիճան արևելք և արևմուտք, ապա կամայական կետի աշխարհագրական ժամային գոտին որոշում ենք հետևյալ բանաձևով՝ (A−7,5°)/15, որտեղ A-ն տվյալ կետի աշխարհագրական երկայնությունն է, 7,5°-ը` զրոյական միջօրեականի ավարտը, 15-ը` մեկ ժամային գոտու լայնությունը: Եթե թիվը ստացվում է դիցուք 7,1, ապա դա նշանակում է, որ կետը գտնվում է 8-րդ ժամային գոտում, այսինքն մնացորդի առկայության դեպքում կլորացումը միշտ կատարվում է դեպի հաջորդ ժամային գոտի:
- Որոշել Հռոմի և Վլադիվոստոկի ժամանակների տարբերությունը Երևանի ժամանակից։
- Ժամը քանիսը կլինի Տոկիոյում (արլ․ ե․ 1400), եթե նույն պահին Պրահայում (արլ․ ե․ 140) ժամը 17:30 է։
- Լոնդոնում ժամը 11-ն է։ Այդ պահին ժամը քանի՞սը կլինի Երևանում։