Աշխարհագրական հետազոտման էմպիրիկ և տեսական, նկարագրական մեթոդներ

Ավելի կարևոր  է մեթոդների դասակարգումը ըստ էության, բովանդակության: Այսպիսի մոտեցմամբ տարբերում են մեթոդների 2 խոշոր խումբ՝ էմպիրիկ և տեսական:

Էմպիրիկ մեթոդներից այժմ էլ լայն տարածում ունի արշավախմբային (դաշտային) ավանդական մեթոդը: Որը ծագել է աշխարհագրության հետ մեկտեղ և հարյուրամյակներ անընդմեջ աշխարհագրական գիտելիքների հայթայթման միակ աղբյուրն է եղել: Այս մեթոդի հիմնական բովանդակությունը անմիջական դիտարկումների և չափագրումների միջոցով հետազոտվող օբյեկտի մասին առաջնային տվյալներ ստանալն է: Արշավախմբային հետազոտությունը կարելի է իրականացնել երթուղիների, ստացիոնար և կիսաստացիոնար եղանակով:

Մեծ խումբ են կազմում տեսական մեթոդները, որոնց համար ընդհանուր է աշխարհագրական օբյեկտների ու երևույթների տարածքային կազմակերպման ու զարգացման օրինաչափությունների ճանաչումը մտավոր տրամաբանական գործունեության միջոցով: Այս խմբում առանձնացվում են տրամաբանական մտահանգման երկու գլխավոր միջոցները՝ ինդուկցիան և դեդուկցիան, որոնք, ինչպես արդեն ասվել է, հատուկ տեղ են գրավել Ֆրենսիս Ռեկոնի և Ռենե Դեկարտի ստեղծագործական խոհանոցում: Ընդհանուր ձևով հիշենք, որ եթե ինդուկցիոն դատողությունը ընթացք է մասնավորից ընդհանուրը, ապա դեդուկցիոնը՝ ընդհանուրից դեպի մասնավորը:

Տեսական մեթոդների խմբի մեջ առաջին ենթախումբ են կազմում այնպիսի քանակական մեթոդները, ինչպիսիք են՝ վիճակագրական, մաթեմատիկական և մոդելավորումը:

Նկարագրական մեթոդ: Գիտական ճանաչողության մեթոդների շարքում հնագույնն է: Ամեն մի օբյեկտի ճանաչողություն սկսվել է նկարագրությունից: Նունը վերաբերում է նաև աշխարհագրական օբյեկտներին: Աշխարհագրության մեջ, ընդհուպ մինչև նոր ժամանակաշրջանի սկիզբը տիրապետել է էմպիրիկ նկարագրությունը, որի հիմքում ընկած էր << Ինչ տեսնում եմ, դրա մասին էլ գրում եմ>> այսինքն փաստագրական մոտեցումը:

Էմպիրիկ նկարագրությունը սկսեց փոխարինվել գիտական նկարագրությամբ 18-րդ դարի վերջերից միայն, երբ խոշոր ճանապարհորդություններն ու արշավանքները կատարվում էին որոշակի գիտական նպատակներով:

Գիտական նկարագրությունն իր կատարելությանը հասավ Ալեքսանդր Հումբոլտի, Կառլ Ռիտերի, Վիդալ դե լա Բլաշի, ՌԴ-ում Սեմյոնով Տյան-Շանսկու, Պրժևալսկու , Դոկուչաևի, հայկական իրականության մեջ՝ Ղևոնդ Ալիշյանի աշխատություններում, որտեղ փաստերի ու երևույթների գիտական մեկնաբանությունն ու բացատրությունը ուղեկցվում էին հյութեղ ու պատկերավոր նկարագրություններով ու բնութագրումներով:

Մի տևական ժամանակ, կապված գիտության դիֆերենցման միակողմանի խորացման և այսպես կոչված << քանակական հեղափոխության>> հետ, հետաքրքրությունը դեպի նկարագրական մեթոդը սկսեց թուլանալ: Սակայն այժմ շատ հետազոտողների կարծիքով այդ հետաքրքրությունը կրկին աճում է: Դրա պատճառը համարում են միջազգային հաղորդակցության միջոցների և տուրիզմի աննախադեպ զարգացումը, որի շնորհիվ մեծանում էպահանջը աշխարհի երկրների ու շրջանների մասին աշխարհագրական տեղեկությունների նկատմամբ: Եվ այդ պահանջը բավարարելու լավագույն միջոցը այդ երկրների ու շրջանների գիտական ու պատկերավոր նկարագրությունն է:

Դա վկայում է այն մասին, որ անհիմն է նկարագրությունը և այսպես կոչված <<պրոբլեմային մոտեցման>> հակադրությունը: Բարանսկու պատկերավոր արտահայտությամբ, դրանք պետք է գոյություն ունենան ոչ թե <<մեկը մյուսի փոխարեն, այլ մեկը մյուսի կողքին>>: Եթե նկարագրությունը գիտական է ոչ թե էմպիրիկ, չի կարող << պրոբլեմների>> կողքից անցնել: Եվ հակառակը, եթե հետազոտությունը պրոբլեմային ուղղվածություն ունի, ապա դրա հիմքով պետք է լինի հետազոտվող օբյեկտի և դրա հետ առնչվող պրոբլեմի գիտական նկարագրությունը:

Թողնել մեկնաբանություն