Սևանա լճի էկոհամակարգի փոփոխությունները, բացի ջրային պաշարների 42.2% փոքրացումից, սերտ կապված են նաև ջրհավաք ավազանում բնական (գետային ցանց, գետերի հեղեղաբերություն, աղտոտվածություն, էրոզիոն պրոցեսներ, մթնոլորտային տեղումներ և այլն), ինչպես նաև անթրոպոգեն (տնտեսական գործունեության) պրոցեսների հետ:
Ջրի մակարդակի իջեցումր նպաստավոր պայմաններ է ստեղծում լճի ճահճացման համար: Լճի ճահճացումը դանդաղեցնելու գործում մեծ դեր է խաղում նրա հատակին գտնվող 4C աստիճան հաստատուն ջերմաստիճան ունեցող ջրային շերտը: Այս շերտը թույլ չի տալիս, որ տիղմը խառնվի լճին, բայց, քանի որ, լճի ծավալը օրեցօր նվազում է, ապա խախտվում է նաեւ այս շերտի գործառույթները:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության հիդրոմեդ ծառայությունը տեղեկացնում է, որ 2018-ի ընթացքում Օգոստոսի 10-ի դրությամբ Սեւանա լճից արդեն բաց է թողնվել 193.033 միլիոն խմ ջուր: Այս տարի Սեւանա լճի մակարդակը կազմում է 1900.61մ: Վերջին 10 տարվա ընթացքում Սեւանա լճից հավելյալ ջրառ է իրականացվել 2008, 2012, 2014, 2017 թվականներին: 2017 թվականին Սեւանա լճից բաց թողնվեց 270 մլն խմ ջուր, որը 100 մլն խմ ավելի է օրենքով սահմանված ծավալից: Այս ամենը, իհարկե, չմնաց անհետեւանք. լճի ջուրը սկսեց պատվել կապտականաչ ջրիմուռներով: Այդ ջրիմուռները վնասում են ոչ միայն լճին, այլեւ մեծ վտանգ են ներկայացնում մարդկանց համար: Կապտականաչները կարող են արտադրել տոքսիններ, որոնք ազդում են մարդկանց առողջության վրա: Նեյրոոտոքինները վնասում են նյարդային համակարգը, հեպատոտոքսինները՝ լյարդը, ու դերմատոքսինները ՝մաշկը եվ լորձաթաղանթները: Սրանք կարող են դառնալ ավելի ծանր հիվանդությունների պատճառ, առաջացնում են կաթված եւ խթանում ուռուցքի զարգացմանը: Սևանա լճում փոխվել է ջրի որակը: Այս փոփոխության պատճառ է դարձել կենցաղային և արտադրական թափոնները, գյուղատնտեսական գործոնեությունը: Նախկինում ափերի շրջակայքից չմաքրված աղբը հայտնվել է ջրում: Լճի տարածքում բացակայում են կառաարվող կենտրոնացած աղբավայրերը: Դրա հետեւանքով առաջացել են աղբի կուտակման բազմաթիվ վայրեր: Հաճախակի են նաեւ ուղղակի արտանետումները լճի մեջ: Գաղտնիք չէ, որ Սևանա լիճ կեղտաջրեր լցվում են բոլոր ավազաններից, որոնք ոչ պակաս վտանք են ներկայացնում լճի համար: ՀՀ բնապահպանության նախարարությունը Համաշխարհային բանկի հետ մշակել է ծրագիր՝ Սեւանա լճում կեղտաջրերի մաքրման համակարգերի համար:
Ժամանակակից հիմնախնդիրներն են՝
- Սևանա լճի մակարդակի իջեցման հետևանքով ջրի տաքացման, ջրիմուռների բազմացման և արդյունքում՝ քաղցրահամ լճի ճահճացման վտանգը։
- Անգործությունն ու անպատրաստվածությունը ջրի մակարդակի նախատեսված բարձրացմանը, ինչի արդյունքում ջրի տակ են մնում անտառային տարածքներ և ապօրինի կառույցներ, աղտոտվում է Սևանը, վտանգվում են ջրի որակը, ձկնատեսակները և առաջանում է ճահճացման վտանգ։
- Սևանա լճի ափերի ապօրինի մասնավորեցումը և կառուցապատումը։
- Գեղարքունիքի մարզում գործող 29 հանքերից առնվազն երկուսի՝ Սոթքի ոսկու հանքավայրի և Շորժայի դունիտ-պերիդոտիտային հանքավայրի անմիջական բացասական ազդեցությունը Սևանա լճի վրա, ինչպես նաև նոր հանքավայրերի հետախուզությունը և Ամուլսարի ոսկու հանքի հավանական շահագործումը, որտեղ ձևավորվող Արփա և Որոտան գետերի ջրերը թունելով տեղափոխվում են Սևանա լիճ։
- Սևանա լճի ձկնապաշարների նվազումը և համայնքների աղքատացումը։
- Արհեստական ձկնաբուծության ծրագիրը, որի արդյունքում տարեկան մինչև 50 հազար տոննա արհեստական կեր է լցվելու Սևանա լիճ՝ ջրի որակի վրա ազդող անկանխատեսելի և անկառավարելի հետևանքներով։
- Սևանա լճի մերձակա 92 համայնքներում գործող 27 պաշտոնական (և բազմաթիվ այլ տարերայնորեն ձևավորված և չհսկվող) աղբավայրերը, որոնք չեն համապատասխանում բնապահպանական և սանիտարական նորմերին։
- Սևան թափվող առափնյա 43 համայնքների, որից 5-ը՝ քաղաքների կոյուղաջրերը։
Համաձայն պաշտոնապես հրապարակված վիճակագրական տվյալների 2017 թ. Սևանի ջրում հայտնաբերվել են քրոմի, վանադիումի, մագնեզիումի, սելենի, թույլատրելի կոնցենտրացիան գերազանցող քանակություններ:
2017 թվականի մայիսին Սևանա լճի ջրի որակի ուսումնասիրությունների համար վերցվել են նմուշներ լճի մակերևույթից և տարբեր խորությամբ կտրվածքներից (17 դիտակետից 48 փորձանմուշ): Համաձայն ստացված տվյալների Սևանա լճի թթվածնային ռեժիմը եղել է բավարար լճի բնական կենսագործունեության համար՝ դիտվելով թույլատրելի նորմի սահմանում: Սևանա լճից վերցված փորձանմուշներում, ըստ ձկնատնտեսական նորմերի գնահատման, ՍԹԿ-ն գերազանցել են ԹԿՊ5-ի, ԹՔՊ-ի, պղնձի, քրոմի, վանադիումի, մագնեզիումի և սելենի կոնցենտրացիաները: ԹԿՊ5-ի սահմանային թույլատրելի կոնցենտրացիան գերազանցվել է 1.2-1.4 անգամ, ԹՔՊ-ինը՝ 1.2-2.0 անգամ, պղնձինը` 1.3-7.3 անգամ, քրոմինը` 2.0-3.8 անգամ, վանադիումինը` 5.0-5.9 անգամ, մագնեզիումինը՝ 1.2 անգամ, սելենինը` 5.7-7.0 անգամ: Որոշված մյուս ցուցանիշների պարունակությունները դիտվել են սահմանային թույլատրելի կոնցենտրացիաների սահմաններում։
Իսկ Սևանի ավազանի գերերում հայտնաբերվել են մի շարք վտանգավոր նյութեր։ Մասնավորապես՝
- Մասրիկ գետում՝ Ֆոսֆատ իոն, Կոբալտ, Վանադիում (5-րդ ջրի որակի ընդհանրական դաս, հաջորդներից առավել մտահոգիչ)
- Վարդենիս գետում՝ Ֆոսֆատ իոն, ընդհանուր ֆոսֆոր, Ամոնիում իոն (4-րդ ջրի որակի ընդհանրական դաս)
- Գավառագետ գետում՝ Նիտրատ իոն, մոլիբդեն, երկաթ, ընդհանուր ֆոսֆոր, Ֆոսֆատ իոն, վանադիում (4-րդ ջրի որակի ընդհանրական դաս)
- Սոթք գետում՝ Նիտրատ, վանադիում, ալյումին, ծարիր (3-րդ ջրի որակի ընդհանրական դաս)
- Կարճաղբյուր գետում՝ Մոլիբդեն, վանադիում (3-րդ ջրի որակի ընդհանրական դաս)
- Մարտունի գետում՝ Ֆոսֆատ իոն (3-րդ ջրի որակի ընդհանրական դաս)
- Արգիճի գետում՝ Երկաթ (3-րդ ջրի որակի ընդհանրական դաս)
- Ծակքար գետում՝ Ֆոսֆատ իոն, մոլիբդեն, վանադիում, երկաթ (3-րդ ջրի որակի ընդհանրական դաս)
- Շողվագ գետում՝ Ֆոսֆաատ իոն, մոլիբդեն, վանադիում, երկաթ (3-րդ ջրի որակի ընդհանրական դաս):