Սևանա լճի համար առավել մեծ նշանակություն ունեն Ձկնագետ, Գավառագետ, Լիճք, Արգիճի, Վարդենիս, Մաքենիս (Կարճաղբյուր), Մասրիկ վտակները և Արփա-Սևան ջրատարը, որոնք կազմում են ջրային հոսքի հիմնական մասը։
Գետերը հոսում են շրջակա լեռներից, վարարում են գարնանը։ Դրանք լիճը հարստացնում են քաղցրահամ ջրով և ոռոգում Սևանի գոգավորության դաշտերը։ Վերոնշյալ գետերից առավել երկար են Արգիճին (51 կմ), Գավառագետը (50 կմ) և Մասրիկը (45 կմ)։ Սևանա լճի շուրջ շատ են լեռնային աղբյուրները, որոնք ունեն բուժիչ հատկություն։ Դրանցից հայտնի է Լիճքը, որը գտնվում է համանուն գյուղից ոչ հեռու։ Աղբյուրների ու գետերի ջրերը նաև ամբարվել են՝ գյուղատնտեսական նպատակներով։ Սևանի ավազանի տարածքում գործում են Սոթքի և Մասրիկի ջրանցքները, որոնք կառուցվել են համանույն գետերի վրա։
Սևանա լճից դուրս է գալիս Հրազդան գետը այն հանրապետության ամենաերկար գետն է, որ ամբողջությամբ հոսում է երկրի տարածքով։ Ունի 141 կմ երկարություն։ Գետի վրա կառուցվել են 6 էլեկտրակայաններ, որոնք ձևավորել են Սևան-Հրազդան կասկադը։ Խորհրդային ժամանակներում Սևանի ջրերի գերշահագործման արդյունքում լճի մակարդակը իջել է 18 մետրով։ Սևանի փրկման նպատակով կառուցվել է Որոտան-Արփա-Սևան ջրատար համալիրը, որը լճի մակարդակը կարողացել է պահպանել ու բարձրացնել՝ աստիճանաբար վերականգնելով նախկին վիճակը։ Սևանա լճի սնման աղբյուրների մեջ ամենագլխավորը` գետերն են (28 գետ և գետակ), որոնք տարեկան Սևանա լիճն են լցնում 780 մլն. մ3 ջուր (Արփա գետի հաշվառումով 1016.5 մլն մ3): Մթնոլորտային տեղումների քանակը լճի վրա 380 մմ-ից չի անցնում: Գետերը ստեղծում են բավական խիտ ցանց (խտությունը 0.4-0.6 կմ/կմ2): Գետերի սնման հիմնական աղբյուրներն են ստորերկրյա ջրերը (Գեղամա լեռնավահանի արևելյան լանջի և Վարդենիսի լեռնաշղթայի արևելյան մասերի գետերը) և մակերևութային ջրերը (Արեգունի, Սևանի լեռնաշղթաների գետերը): Սևանա լճից սկիզբ առնող Հրազդան գետը բնական հոսքով լճից դուրս էր բերում մոտ 2 մ3/վրկ ջուր (տարեկան 50 մլն մ3): 1931թ.-ից հետո հիդրոտեխնիկական կառույցով բաց թողնվող ջրի քանակը հասցվել է 60 մ3/վրկ-ի: 1996–2000 թթ. էներգետիկ նպատակներով բաց թողնվող ջրի քանակն աստիճանաբար նվազել է՝ 2000 թ.-ին հասնելով 0-ական ցուցանիշի։ Ներկայումս, յուրաքանչյուր տարի բաց թողնվող ջրի քանակը սահմանվում է ՀՀ օրենսդությամբ:
Սևանա լճի մակարդակի փոփոխությունը պայմանավորված է ջրային հաշվեկշռի բաղադրիչների մեծություններով, որն էլ իր հերթին կախված է տարվա հիդրոլոգիական և եղանակակլիմայական պայմաններից, ինչպես նաև Սևանա լճից բաց թողնվող և Արփա-Սևան ջրատարով լիճ մուտք գործող ջրի ծավալներից: Սևանա լճի ջրային հաշվեկշռի մուտքի գլխավոր բաղադրիչը գետերով մուտք գործած ջրի քանակն է (տարեկան 774 մլն. խոր մ), այնուհետը տեղումները լճի մակերևույթի վրա (510 մլն. խոր մ), ապա Արփա-Սևան ջրատարով ջրի ներհոսքը (նախատեսված է տարեկան 250 մլն. խոր մ) և ստորերկրյա ներհոսքը (78 մլն.մ3), իսկ ելքի գլխավոր և ընդհանրապես ջրային հաշվեկշռի ամենամեծ բաղադրիչը գոլորշացումն է (տարեկան մոտ 1մլրդ. խոր մ): Ելքի հաջորդ բաղադրիչը ջրի բացթողումն է և ապա ստորերկրյա արտահոսքը (տարեկան 13.3 մլն. խոր մ): Սևանա լճից բաց թողնվող և Արփա-Սևան ջրատարով լիճ մուտք գործող ջրի քանակների վերաբերյալ դիտարկումները իրականացվում են համապատասխանաբար Գեղամավան և Ծովինար դիտակետերում, որոնք զինված են գերժամանակակից սարքավորումներով:
Գետային ներհոսքի և մթնոլորտային տեղումների ամենաբարձր արժեքները դիտվում են հիմնականում մայիս ամսին, իսկ գետային հոսքի ամենացածր արժեքները դիտվում են օգոստոսին, իսկ տեղումներինը՝ դեկտեմբեր-հունվարին: Գոլորշացման մեծությունը նույնպես ունի ներտարեկան արտահայտված ընթացք, ամռանը և աշնանը ավելանում է, ձմռանը և գարնանը՝ նվազում: Սևանա լճի մակերևույթից տարեկան գոլորշանում է միջին հաշվով 1000 մմ ջուր, իսկ լճամերձ հողատարածքից՝ մոտ 350 մմ։ Արարատյան դաշտում ջրից գոլորշացումը 1200-1400 մմ է, իսկ հողից՝ 400 մմ։
Uևանա լճի ջրհավաք ավազանի մաuն են կազմում նաև Կեչուտի և Uպանդարյանի ջրամբարները, Արփա և Որոտան գետերի ջրհավաք ավազանները` մինչև Կեչուտի ջրամբար: Հարևան Ադրբեջանի հանրապետության հետ լարված հարաբերությունների առկայության պարագայում, եթե փոխվեն գետերի հուները հարևան պետության կողմից, ապա միանշանակ գետերին կսպառնա ջրի հոսքի նվազում, կամ ամբողջովին չորացում, ինչն էլ միանշանակ կազդի Սևանա լճի ջրային պաշարների վրա: