Բնական միջավայրի վրա մարդու ազդեցության հետևանքները

Շրջապատող միջավայրը մարդու բնակության և արտադրական գործունեության միջավայրն է։ Սովորաբար շրջապատող միջավայր ասելով՝ հասկանում են միայն շրջապատող միջավայրը, և այդ իմաստով այն գործածում են միջազգային համաձայնագրերում, սակայն շրջապատող միջավայրը ավելի լայն հասկացություն է և ընդգրկում է նաև արհեստական միջավայրի (տնտեսություններ, արդյունաբերություն, ձեռնարկություններ և այլ ինժեներական կառույցներ) տարրերը, ինչպես նաև տվյալ հասարակարգի սոցիալական գործոնները։

Կյանքը կարող է գոյություն ունենալ շրջապատող բնական միջավայրի որոշակի պայմանների շրջանակներում։ Գիտության ու տեխնիկայի բուռն զարգացման, ազգաբնակչության նյութական, հոգևոր ու գեղագիտական պահանջների անընդհատ աճի ու բարելավման արդի պայմաններում շրջապատող միջավայրի պահպանման ու բնական պաշարների ռացիոնալ օգտագործման պրոբլեմը ձեռք է բերել կարևորագույն նշանակություն։ Մարդն իր գործունեությամբ ակտիվորեն ազդում է շրջապատող բնական միջավայրի վրա, և այդ ազդեցությունը կարող է ունենալ թե՛ դրական, և թե՛ բացասական հետևանքներ։ Չորացվել և օգտագործվել են միլիոնավոր հեկտար ճահիճներ ու գերխոնավ հողատարածություններ, որի շնորհիվ խիստ կրճատվել են հիվանդությունները, ոռոգվել են անապատային հողերը, զգալի քանակով անապատներ, ձորեր ու լեռնալանջեր կանաչապատվել ու անտառապատվել են, քաղաքներում, գյուղերում ու ավաններում ստեղծվել են անտառագոտիներ։

Մթնոլորտի նշանակությունը: Մթնոլորտը խիստ աղտոտող ածխի, մազութի ու նավթի փոխարեն ներկայումս օգտագործում են գազ, էլեկտրականություն ու էներգիայի այլ աղբյուրներ, ժողտնտեսության մեջ լայնորեն օգտագործվում է ատոմային էներգիան։ Բնական շատ նյութեր փոխարինվում են արհեստականներով, պատրաստվում են մեծ քանակությամբ սինթետիկ նյութեր ու ապրանքներ։ Շարունակվում են ծովի ջրի աղազերծման մեթոդների ուսումնասիրությունները։

Մարդկային արտադրական գործունեություն: Մարդկային արտադրական գործունեությունը միաժամանակ լուրջ վտանգ կարող է սպառնալ շրջապատող միջավայրին, եթե այն իրականացվի առանց հաշվի առնելու շրջապատող միջավայրի պահպանության պայմանները։ Մասնավորապես վտանգավոր կարող են լինել էներգետիկայի և մշակող արդյունաբերության մի շարք ճյուղերի (նավթի վերամշակում, միջուկային էներգետիկա, քիմիական արդյունաբերություն, գունավոր մետալուրգիա) օբյեկտները, գյուղատնտեսության քիմիացումը, ավտոմոբիլային, ջրային և օդային տրանսպորտի աճը։ Միլիոնավոր հա արգավանդ հողեր օգտագործվել են շինությունների համար կամ, ենթարկվելով իռիգացիոն ու տեխնիկական էրոզիայի, դուրս մնացել գյուղատնտեսության օգտագործումից։ Մինչդեռ բնության մեջ 90 սմ հաստությամբ հողաշերտ ստեղծվում է, միջին հաշվով, 16 հազար տարում։ Բազմաթիվ երկրներ խմելու ջրի պակասի պատճառով սառցալեռներ են տեղափոխում Գրենլանդիայից։ Միաժամանակ ջրային աղբյուրներն ու Համաշխարհային օվկիանոսը աղտոտվում են արդյունաբերության, գյուղատնտեսության ու կոմունալ տնտեսության թափոններով (տարեկան 10 միլիոն տ նավթամթերքի մնացորդներ են թափվում Համաշխարհային օվկիանոս)։ Կարևոր է նաև մթնոլորտի մաքրության պահպանման պրոբլեմը:

Վառելիքի վնասակար հետևանքները:

Բնական երևույթներ

Վառելիքի այրումից յուրաքանչյուր տարի մթնոլորտ են անցնում միլիարդավոր տոննաներով ածխաթթու գազ, 20 միլիարդ տոնաից ավելի արդյունաբերական և այլ թափոններ։ Մթնոլորտում ածխածնի երկօքսիդի ավելացումը ջերմոցային էֆեկտի շնորհիվ խորացնում է օդի և Երկրի մակերևույթի ջերմաստիճանի բարձրացման վտանգը։ Աշխարհի խոշոր շատ քաղաքներում օդը վտանգավոր է դարձել մարդու առողջության համար։ Օդի աղոտության պատճառով իջնում է արտադրողականությունը, քայքայվում են մետաղական ու բետոնե կոնստրուկցիաները, շենքերը, շինություններն ու հուշարձանները։ Զգալի վնաս է հասցվել նաև բուսական ու կենդանական աշխարհին։ Անհետացել են բույսերի և կենդանիների բազմաթիվ հազվագյուտ և թանկարժեք տեսակներ։ Արժեքավոր կենդանիների շատ տեսակներ գտնվում են անհետացման շեմին և գրանցված են «Կարմիր գրքում»։

Անտառածածկ տարածքների ոչնչացում: Վերջին հարյուրամյակի ընթացքում աշխարհի անտառների մակերեսը կրճատվել է 1.5 անգամ և շարունակվում է կրճատվել։ Ոչնչացվում են Ամազոնի ավազանի (մոտ 5 միլիոն կմ2 մակերեսով) անտառները։ Շրջակա միջավայրի պահպանման հարցերը սերտորեն կապված են հասարակության սոցիալական կարգի հետ։ Կապիտալիստական երկրներում բնական միջավայրի աղտոտումը նպաստում է էկոլոգիական ճգնաժամի առաջացմանը, որը սուր կերպով դրսեորվում է հատկապես ԱՄՆ-ի, Ճապոնիայի, ԳՖՀ-ի և այլ զարգացած կապիտալիստական երկրների մի շարք քաղաքներում և արդյունաբերության շրջաններում։ Արտադրամիջոցների նկատմամբ մասնավոր սեփականությունը և բարձր շահույթ ստանալու մրցությունը անհնար է դարձնում բնական ռեսուրսների ռացիոնալ օգտագործումը և շրջայպտող բնական միջավայրի պահպանման համար առանցքային միջոցառումների ձեռնարկումը։ Սոցիալիստական հասարակարգում ժողովրդական տնտեսության բոլոր ճյուղերի պլանային զարգացումը զուգակցվում է ժողովրդի ներկա և ապագա սերունդների ու բնության պահպանության խնդիրների հետ։ ԽՍՀՄ-ում և միութենական հանրապետություններում ընդունված են օրենքներ՝ հողի, ջրի, անտառային ռեսուրսների, կենդանական աշխարհի պահպանման և ռացիոնալ օգտագործման, խոշոր քաղաքների ու արդյունաբերության կենտրոնների օդի մաքրության պահպանության մասին։

Թողնել մեկնաբանություն