Ներկայում ցածր ուղեծրային մակարդակներում (մինչև 2000 կմ բարձրության վրա) գտնվում են, տարբեր գնահատումներով, 220 հազար (ըստ ՄԱԿ-ի տիեզերական տարածությունների հարցերով գրասենյակի՝ 300 հազար 2009 թվականի հոկտեմբերի դրությամբ) տեխնոգեն օբյեկտներ 5000 տոննա ընդհանուր քաշով:
Վիճակագրական գնահատականների հիման վրա հետևություններ են կատարում, որ 1 սմ-ից մեծ տրամագիծ ունեցող նման օբյեկտների ընդհանուր թիվը որոշակի չէ և կարող է հասնել 60 000-100 000: Դրանց ընդամենը շատ փոքր մասն է (մոտ 10%) հայտնաբերված և գրանցված կատալոգներում վերգետնյա ռադիոլոկացիոն և օպտիկական սարքավորումների միջոցով: Օրինակ՝ 2013 թվականին ԱՄՆ ռազմավարական հրամանատարության կատալոգում կար 16 600 օբյեկտ (հիմնականում 10 սմ-ից մեծ չափերով), որոնց մեծ մասը ստեղծված էր ԽՍՀՄ-ի, ԱՄՆ-ի, Չինաստանի կողմից: Ռուսական կատալոգը ներառում է տիեզերական աղբի 15,8 հազար օբյեկտ 2014 թվականի օգոստոսի հաշվարկներով, իսկ ընդհանուր առմամբ երկրամերձ ուղեծրերում կար 17,1 հազար օբյեկտ (ներառյալ գործող արբանյակները), որոնցից ցանկացածի հետ բախումը կարող է հանգեցնել տիեզերական սարքավորման լիակատար ոչնչացման:
Դիտարկվող օբյեկտների մոտ 6 տոկոսն են գործող: Օբյեկտները մոտ 22%-ը դադարեցրել են իրենց գործունեությունը, 17%-ը աշխատեցրած կրող հրթիռների թափառքի բլոկներ են կամ վերին աստիճաններ, իսկ մոտ 55%-ը՝ թափոններ, հրթիռների արձակմանն ուղեկցող տեխնոլոգիական տարրեր և պայթյունների, մասնատման բեկորներ:
Այս օբյեկտների մեծամասնությունը գտնվում է բարձր թեքում ունեցող ուղեծրերում, որոնց հարթությունները հատվում են: Ուստի միջին հարաբերական արագությունը նրանց փոխադարձ թռիչքի ժամանակ կազմում է 10 կմ/վ: Հետևաբար կինետիկ էներգիայի մեծ պաշարի պատճառով այդ օբյեկտը գործող տիեզերական սարքավորման հետ բախվելիս մեծ վնաս կարող է հասցնել կամ ընդհանրապես շարքից հանել տվյալ սարքավորումը: Օրինակ կարող է ծառայել արհեստական արբանյակների բախման առաջին դեպքը. Կոսմոս-2251 և Իրիդիում 33 արբանյակները 2009 թվականի փետրվարի 10-ին բախվեցին, և երկուսն էլ ամբողջովին կործանվեցին՝ առաջացնելով 600 և ավելի բեկորներ:



Առավել աղտոտված են ուղեծրերի այն տարածքները, որոնք հաճախ օգտագործվում են տիեզերական սարքավորումների աշխատանքների համար: Այդպիսի ուղեծրեր են Ցածր շուրջերկրյա ուղեծիրը, գեոստանցիոնար ուղեծիրը և արևային-համաժամ ուղեծիրը:
Երկրների «ավանդը» տիեզերական աղբի առաջացման մեջ. Չինաստան՝ 40%, ԱՄՆ՝ 27,5%, Ռուսաստան՝ 25,5%, մյուս երկրներ՝ 7%: Ուրիշ գնահատումներով (2014 թվական). Ռուսաստան՝ 39,7%, ԱՄՆ՝ 28,9%, Չինաստան՝ 22,8%, մյուս երկրներ՝ 8,6%: