Կլիմայագոյացման այս գործոններին պատկանում են հետևյալ երեք խմբերը` աստղագիտական, արտաքին երկրաֆիզիկական և ներքին երկրաֆիզիկական:
Աստղագիտական գործոններ: Այս խմբին են պատկանում.
• արեգակնային լուսատվությունն ու արեգակնային ակտիվության
փոփոխությունը;
• Երկրի ուղեծրի պարամետրերը;
• Արեգակի, Լուսնի և մոլորակների հետ Երկրի ձգողական դաշտի
փոխազդեցության հետևանքով Երկրի ուղեծրի պարամետրերի փոփոխությունները;
• միջաստղային միջավայրի խտության ազդեցությունը արեգակնային
ճառագայթման թափանցելիության վրա:
Այս գործոններից է կախված արեգակնային էներգիայի թափանցումը մթնոլորտի վերին սահման, որի ազդեցությամբ առաջանում է այսպես կոչված սոլյար (արևային) կլիման: Այդ մեծությունը կոչվում է արևային հաստատուն:
Արտաքին երկրաֆիզիկական գործոններ: Դրանց են պատկանում.
• Երկրի չափերն ու զանգվածը;
• Երկրի պտտման անկյունային արագությունը;
• Երկրի ծանրության դաշտը և նրա ֆլուկտուացիաները;
• Երկրի մագնիսական դաշտը;
• Երկրի ընդերքում ընթացող պրոցեսները, որոնք առաջացնում են
հրաբխային երևույթներ,
• ջերմության երկրաջերմային հոսքերը և այլն:
Նշված գործոններից կլիմայի վրա առավել զգալի ազդեցություն է ունենում հրաբխայնությունը: Հրաբուխների ժայթքումների հետևանքով, մեկ տարվա կտրվածքով, մթնոլորտ է արտանետվում մոտավորապես 15-25 մլն. տոննա աէրոզոլ: Աէրոզոլի մասնիկների այդ ահռելի քանակը ոչ միանշանակ ազդեցություն ունի ինչպես եկող կարճալիքային արեգակնային ճառագայթման, այնպես էլ` Երկրի մակերևույթի և մթնոլորտի երկարալիքային ճառագայթման վրա: Երկրի պտտման անկյունային արագության փոփոխությունը կարող է ազդել մթնոլորտային շրջանառության ինտենսիվության վրա, ինչպես նաև մթնոլորտի ազդեցության կենտրոնների տեղակայման և ինտենսիվության վրա:
Ներքին երկրաֆիզիկական գործոններ: Այս գործոնները հատկանշական
են կլիմայական համակարգի առանձին բաղկացուցիչների և նրանց միջև
փոխազդեցության օրինաչափությունների համար: Սրանց թվին են պատկանում.
• մթնոլորտի քիմիական բաղադրությունը;
• մայրցամաքների և օվկիանոսների բաշխվածության օրինաչափությունները;
• ցամաքի մակերևույթի ռելիեֆը;
• օվկիանոսի զանգվածը և հատկությունները;
• մթնոլորտում և օվկիանոսում շրջանառական պրոցեսները;
• մթնոլորտի թափանցիկությունը և ամպամածությունը:
Վերը թվարկված գործոններից կլիմայի փոփոխության վրա ամենաէական ազդեցությունն են թողնում ջրային գոլորշին և ածխածնի երկօքսիդը, որոնք նպաստում են բնական ջերմոցային էֆեկտի ձևավորմանը: Հաշվարկները ցույց են տալիս, որ ջրային գոլորշիների բացակայության պայմաններում Երկրագնդի մերձմակերևույթային օդի ջերմաստիճանը կլիներ գրեթե 25C- ով բարձր, իսկ ածխաթթու գազի բացակայության դեպքում 6Cով ցածր:
Ծովի մակարդակից ունեցած բարձրությունը նույնպես կլիմայի աշխարհագրական գործոն է: Բարձրության աճին զուգընթաց մթնոլորտային ճնշումը ընկնում է և արեգակնային էֆեկտիվ ճառագայթումն ուժեղանում է, ջերմաստիճանը և օդի խոնավությունը, որպես կանոն, նվազում են, իսկ քամին բավականին բարդ փոփոխություն է կրում ըստ ուղղության և արագության: Լեռներում նկատվում են ամպամածության և տեղումների բնորոշ փոփոխություններ: Արդյունքում լեռներում ստեղծվում է վերընթաց կլիմայական գոտիականություն: Հարկ է նշել, որ, կախված բարձրությունից, կլիմայական պայմանների փոփոխությունները տեղի են ունենում անհամեմատ ավելի արագ, քան նույն փոփոխությունները հորիզոնական ուղղությամբ` պայմանավորված աշխարհագրական լայնությամբ:
Ցամաքի և ծովի բաշխվածությունը` կլիմայի շատ արդյունավետ գործոն է: Հենց դրա հետ է կապված ծովային կլիմա և մայրցամաքային կլիմա տեսակային բաժանումը:
Ցամաքի մակերևույթի լեռնագրությունը (ռելիեֆի ձևերը): Լեռներում կլիմայական պայմանների վրա ազդում է ոչ միայն տեղանքի բարձրությունը ծովի մակարդակից, այլ նաև ռելիեֆի ձևը, ինչպես նաև լեռնագագաթների բարձրությունն ու ուղղվածությունը, լեռնալանջների դիրքադրությունը լույսի 13 և քամու գերիշխող ուղղության նկատմամբ, հարթավայրերի լայնությունը, լեռնալանջերի թեքությունը և այլն:
Օվկիանոսային հոսանքները ստեղծում են խիստ տարբերություններ ծովի մակերևույթի ջերմաստիճանային ռեժիմում` այդպիսով ազդելով ջերմաստիճանի և օդի խոնավության բաշխվածության, ինչպես նաև մթնոլորտային շրջանառության վրա:
Բուսական, ձյան և սառցե ծածկույթ: Չափազանց խիտ խոտածածկը փոքրացնում է հողի ջերմաստիճանի օրական լայնույթը և նվազեցնում նրա միջին ջերմաստիճանը: Հետևաբար այն փոքրացնում է նաև օդի ջերմաստիճանի օրական լայնույթը: Ավելի նշանակալի, ինքնատիպ և բարդ ազդեցություն ունի կլիմայի վրա անտառը: Հարկ է նշել, որ բուսածածկույթի ազդեցությունը հիմնականում միկրոկլիմայական նշանակություն ունի: Ձյունա- և սառցածածկույթները նվազեցնում են հողի ջերմության կորուստը և նրա ջերմաստիճանի տատանման լայնույթը: Սակայն թե’ ձնածածկ, և թե’ սառցածածկ մակերևույթները ցերեկվա ընթացքում շատ ուժեղ անդրադարձնում են արեգակնային ռադիացիան և ուժեղ սառչում գիշերը` ճառագայթման հաշվին: