Կլիմա, կլիմայագոյացնող պրոցեսներ

Կլիմա — Եղանակի բազմամյա ռեժիմ, որը որոշվում է տեղանքի աշխարհագրական լայնությամբ, օվկիանոսից ունեցած հեռավորությամբ, ցամաքային ռելիեֆով, ծովի մակարդակից ունեցած բարձրությամբ և մի շարք այլ գործոններով: Կլիմայի աննշան փոփոխությունները երկար ժամանակահատվածում թույլ են տալիս համարել նրան տվյալ տեղանքի կայուն բնութագիր: Այդ պատճառով կլիման հանդիսանում է աշխարհագրական լանդշաֆտի բաղադրիչներից մեկը:
Կլիմա բառը ներմուծվել է Արիստոտելի կողմից և նշանակում է “թեքվածություն”, որի տակ հասկացվում է Երկրի մակերևույթի թեքվածությունը արեգակնային ճառագայթների նկատմամբ:

Կլիմայագոյացնող պրոցեսներ

Առանձին կլիմայագոյացնող գործոնների փոխազդեցությունը կլիմայական պայմաններ ստեղծում է ամբողջ Երկրի և նրա առանձին մասերի վրա: Այս պայմանները ընդունված է անվանել կլիմայագոյացնող պրոցեսներ: Դրանք են` ջերմաշրջանառությունը, խոնավաշրջանառությունը, ինչպես ընդհանուր, այնպես էլ տեղային մթնոլորտային շրջանառությունը: Ջերմաշրջանառություն — Երկրի մակերևույթ-մթնոլորտ համակարգում ջերմության ընդունման, փոխանցման, տեղափոխության և կորստի պրոցեսն է: Ջերմությունը գալիս և ծախսվում է ինչպես մթնոլորտի և գետնամերձ մակերևույթի սեփական ճառագայթման կլանման միջոցով, այնպես էլ այլ ոչ ճառագայթային միջոցներով: Դրանց են պատկանում մոլեկուլյար և տուրբուլենտ ջերմահաղորդման պրոցեսները, ինչպես նաև մթնոլորտում ջրի փուլային փոխակերպումների ջերմահաղորդումը: Ջերմության զգալի քանակ է փոխանցվում ադվեկցիայի եղանակով, ինչն իրենից ներկայացնում է ջերմության հորիզոնական տեղափոխում օդային հոսանքների միջոցով: Խոնավաշրջանառություն` կլիմյագոյացնող պրոցես է, որը բաղկացած է գոլորշիացման, մթնոլորտ ջրային գոլորշիների փոխանցման, դրանց կոնդենսացման պրոցեսներից և ուղեկցվում է ամպերի և մառախուղի առաջացմամբ, տեղումներով և վերջապես կուտակումով: Այսպիսով, տեղի է ունենում ջրի տեղափոխման անընդհատ պրոցես` Երկրի մակերևույթից դեպի մթնոլորտ և հակառակը: Տեղային շրջանառություն` մթնոլորտային շրջանառություն է համեմատաբար ոչ մեծ մակերևույթի վրա: Այն կարող է պայմանավորված լինել կամ ցամաք – ջուր սահմանի վրա ջերմային տարբերությամբ (բրիզներ), կամ Երկրի մակերևույթի մեխանիկական անհամասեռություններով (լեռնահովտային քամիներ, ֆիոնային քամիներ և այլն): Բոլոր երեք կլիմայագոյացնող պրոցեսները փոխկապակցված են: Օրինակ` ամպամածությունը, որը կանխում է արեգակնային ճառագայթման ուղիղ հոսքը, ազդում է գետնամերձ մակերևույթի և մթնոլորտի ջերմային ռեժիմի վրա: Ամպերի առաջացումը, իր հերթին, հանդիսանում է խոնավաշրջանառության տարրերից մեկը և այլն: Կլիմայի յուրաքանչյուր տարրի ռեժիմը հանդիսանում է բոլոր երեք կլիմայագոյացնող գործոնների համատեղ ազդեցության հետևանք: Ասվածի ցայտուն օրինակ է հանդիսանում տեղումների բաշխվածությունը Երկրագնդի վրա, ինչին մասնակցում են թե’ խոնավաշրջանառությունը, թե’ ջերմաշրջանառությունը և թե’ մթնոլորտի շրջանառությունը:

Թողնել մեկնաբանություն