Նկատի ունենալով Սեւանա լճի ջրային հարուստ պաշարները՝ դեռեւս 30-ական թվականներից հանրապետության տնտեսության համար էներգետիկ բազա ստեղծելու, ինչպես նաեւ Արարատյան գոգավորության անջրդի հողերի յուրացման (մոտ 100 հազ. հա) նպատակով մշակվեց Սեւանա լճի ջրերի օգտագործման համալիր սխեման, որի հիմքում դրված էր Սեւանա լճի ջրի դարավոր պաշարների ինտենսիվ օգտագործումն էներգետիկ եւ գյուղատնտեսական նպատակներով, լճի մակարդակի իջեցմամբ նրա հայելակրճատումը եւ հատակից (գրունտից) ազատված հողատարածքների ներառումը տնտեսության ոլորտ: Սկսած 30-ական թվականներից մինչեւ այսօր այդ ծրագրի իրականացման հետեւանքով օգտագործվել է ջրի ծավալի գրեթե 44 տոկոսը կամ 26 մլրդ մ3(դրա մոտ 65 տոկոսը օգտագործվել է էներգետիկ, իսկ 35 տոկոսը գյուղատնտեսական նպատակներով), մակարդակը իջել է 20 մետրով, լճի հատակից ազատվել է 25 հազ. հա տարածք, որը գյուղատնտեսական տեսակետից համարվում է ոչ լիարժեք հողատարածք: Լճի ջրերի այդպիսի ոչ հիմնավորված շահագործումը բերեց բնապահպանական տեսակետից մի շարք բացասական երեւույթների եւ գործընթացների զարգացմանը, որոնք չէին կանխատեսված համալիր սխեմայում:
Շարունակել կարդալ →