Սևանա լիճ

 Սևանա լիճը և Արփին մեծ նշանակություն ունեն չափերի և ազգային տնտեսական նշանակության տեսանկյունից: Մնացած լճերը ունեն միայն տեղական նշանակություն: Հայաստանի ամենախոշոր լիճը Սևանն է, որն ունի տեկտոնահրաբխային ծագում: Սևանը պատմական շրջանում տարբեր անուններ է կրել՝ Գեղարքունի, Գեղամա ծով և այլն: Լիճը գտնվում է Գեղարքունիքի մարզում,  ծովի մակարդակից  շուրջ 1900 մ բարձրության վրա:

Փոքր Սևանը երիտասարդ է, լճային նստվածքները սակավազոր են, փաստորեն ներկայացնում է խորը գրաբեն (տեկտոնական իջվածք)։ Առավելագույն խորությունն ակստեղ հասնում էր 99 մ-ի (մինչև մակարդակի իջեցումը)։ Լիճը փաստորեն առաջացել է Փոքր Սևանի արևմտյան մասում վերին չորրորդական լավաների արտավիժումից։ Մինչև արտավիժումը Հրազդան գետը Մեծ Սևանի հարթ հատակին գալարներ առաջացնելով մտնում էր Շորժայի թմբի մեջ ստեղծված հովիտը, դուրս գալիս Փոքր Սևանի գոգավորություն և այնտեղից հոսում հարավ։ Սակայն լավային արտավիժումների հետևանքով գետի հունը Լճաշեն գյուղից արևմուտք փակվել, և սկսվել է Սևանի լճացումը․ սկզբում Փոքր Սևանում, ապա՝ Մեծ Սևանում։

Սևանա լճի գոգավորությունը բնության հրաշալիքներից մեկն է նաև իր մաքուր օդով, վճիտ ջրով, զովությամբ, պատմական ու բնական հազվագյուտ հուշարձաններով, հանքային ջրերով։

Լճի երկարությունը 70 կմ է, առավելագույն լայնությունը՝ 55 կմ։ Հայելու մակերեսը կազմում է 1260 կմ2, որով ամենախոշորն է Հարավային Կովկասի տարածքում։ Միջին խորությունը 46.8 մ է, ամենախոր վայրը՝ 83 մ (Փոքր Սևան)։ Ջրի ծավալը 32,92 մլրդ մ3 է: Սևանա լիճը Շորժայի ստորջրյա թմբով բաժանվում է 2 մասի՝ Մեծ Սևանի (37.7 մ միջին խորություն) և Փոքր Սևանի (50.9 մ)։

Սևանա լճի ջրերը Հրազդան գետի միջոցով ոռոգում են Արարատյան դաշտը։ Հրազդան գետի վրա կառուցված 6 էլեկտրակայանները ձևավորում են հանրապետության ամենամեծ՝Սևան-Հրազդան կասկադը:

Թողնել մեկնաբանություն