ՀՀ ջրագրական ցանցը

Ջրագրական ցանցը որևէ տարածքի ներքին ջրերի (գետեր, լճեր, ստորերկրյա ջրեր, սառցադաշտեր, ճահիճներ և այլն) ամբողջությունն է:

ՀՀ տարածքն աչքի է ընկնում անհամաչափ ջրագրական ցանցով, որը բնորոշ է լեռնային երկրներին: Գետերը Հարավային Կովկասի խոշոր գետերի՝ Կուրի և Արաքսի վտակներն են։

Այդ գետերի ջրհավաք ավազանների ջրբաժան գիծը ՀՀ տարածքը բաժանում է երկու անհավասար մասերի՝ Արաքսի՝ 22,56 հազար կմ2 (տարածքի 76 %-ը) և Կուրի՝ 7,2 հազար կմ2 (24 %) ավազանների միջև։ ՀՀ-ում հաշվվում է 9479 գետ ու գետակ՝ 23 հազար կմ ընդհանուր երկարությամբ. նրանցից 379-ը ունեն 100 կմ երկարություն, իսկ 6-ը՝ Ախուրյանը, Դեբեդը, Որոտանը, Հրազդանը, Աղստևը, Արփան, 100 կմ-ից ավելի։ Գետային ցանցի միջին խտությունը 0,8 կմ/կմ քառ. է, առանձին վայրերում՝ 2,5 կմ/կմ քառ.: Գետերը հիմնականում սկիգբ են առնում բարձր լեռներից, որի պատճառով էլ ունեն մեծ անկում, բուռն ընթացք, բնականաբար նաև մեծ ջրաէներգետիկ պաշարներ, թույլ կամ միջին հանքայնացում։

Գետերի հոսքի ձևավորման տեսակետից առավել կարևոր է օդի ջերմաստիճանի փոփոխման բնութագիրը՝ ըստ տեղանքի բարձրության, քանի որ դրա հետ են կապված տեղումների բնույթը, ընդհանուր քանակը և, հետևապես, հոսքի այս կամ այն սնման աղբյուրի մեծությունը։ Հոսքի ձևավորման գործում մեծ է անտառի դերը, մինչդեռ հանրապետությունում այն կազմում է տարածքի ընդամենը 11,2 %-ը։ Գետային ցանցի ձևավորման որոշիչ գործոն է ֆիզիկաաշխարհագրական պայմանների ագդեցությունը. այն ՀՀ տարածքում ինքնատիպ է։ Առկա են տարբեր վերընթաց ջրհավաք գոտիներ, որոնք պայմանավորում են գետավազանների և գետահուների տարբեր թեքությունները, որից և կախված են հոսքի արագությունը, կորուստները, առավելագույն ելքը և այլն։

Հազարավոր տարիներ առաջ հայերը գտել են ջրի էներգիան օգտագործելու պարզունակ եղանակը՝ կառուցել են ջրաղացներ։ Հայկական լեռնաշխարհի գետերի էներգետիկ պաշաղները կազմում են 25-30 միիլիոն կՎտ, որի փոքր մասն է միայն ներկայումս օգտագործվում։

Թողնել մեկնաբանություն