
Հունվարի 29-ից սկսեցի իմ մուտքը «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր որպես կամավոր: Այն նորություն էր մարդու համար, ով եղել է հանրակրթական դպրոցի սան, ում սովորեցրել են ուղիղ նստել, լռել, միտք չարտահայտել: Մարդ, ով փնտրում էր միջավայր, որտեղ կկարողանա սովորեցնել մտածել, ով կլինի սովորողի ընկեր. չէ որ ընկերությունը հենց ուսուցչություն է: Ահա այս երազանքով հայտնվեցի կրթահամալիրում և գտա իմ երազը:
Դասավանդման փորձ ունեցել եմ, բայց այստեղ ամբողջովին ուրիշ աշխարհ է, իրեն բնորոշ երանգներով: Կրթահամալիրում ծանոթացա նախագծային ուսուցմանը, կազմակերպվող ճամփորդություններին, փոխանակման ծրագրերին: Ամբողջը նորություն էր…Այնքան մտերմիկ և ջերմ միջավայր է՝ առավոտյան երգի պարի հնչյուններով լցված: Առավոտյան երգի հնչյուններն ականջներումս սկսում էի դասը ավագ դպրոցի սովորողների հետ, դասավանդում աշխարհագրություն և էկոլոգիա: Ամեն օրը լի էր հետաքրքիր իմացությամբ, ամեն օր բացահայտում էի կրթահամալիրում առկա նորը, տարբերվողը: Սովորողների հետ աշխատելը ինձ համար հաճելի էր, ուրախանում էի, երբ օրվա վերջում սովորողներից նամակներ էի ստանում այս կամ այն հարցի հետ կապված. ուրեմն արդյունք է տվել այդ օրվա դասը, հետաքրքրել է նրանց:
Ազատ ժամերին ներկա էի լինում այլ դասավանդողների դասերի, փորձում վերցնել այն նորը, որը ոչ մի ԲՈՒՀ ինձ չսովորեցրեց:
Կրթահամալիրից դուրս էի գալիս ու անհամբեր սպասում էի նորից հետ գալուն:
Օրերը թռչում էին…
Դեռ չգիտեմ էլ կդառնամ սեբաստացի դասավանդող, թե ոչ, կկարողանամ իրականացնել այն բոլոր նախագծերը, որոնք պտտվում են մտքումս, մտածում եմ իրականացնել ուսումնական և ճամփորդական տարբեր նախագծեր: Նույնիսկ վերապատրաստման ժամանակ, երբ պետք է ներկայացնեինք մեր նախագծերը, ես գրել էի ճամփորդական նախագիծ դեպի Քաջարան: Գրավել էր ինձ այստեղ կազմակերպվող ամեն մի ճամփորդություն:
Եռօրյա ճամփորդությունը դեպի Արատես… արդեն պատրաստվել էի, ամբողջ ոգևորությունս հավաքել մի տեղում, առավոտյան շարժվելու ենք դեպի Արատեսի դպրական կենտրոն… Ավա՜ղ, այն ևս հետաձգվեց՝ պայմանավորված երկրում տիրող իրավիճակով:
Մարդկությանը վրա հասած համաճարակը բոլորիս փակեց տներում, մի պահ ընկճեց, բայց կրթահամալիրում ոչ ոք իրեն չկորցրեց. միանգամից անցան հեռավար ուսուցման: Թողեցինք մեր անզանգ դպրոցը և ամեն մեկս մեկուսացանք հանրապետության տարբեր հատվածներում… ես այժմ իմ գյուղում եմ՝ Գեղարքունիքի մարզի գյուղ Ծովասարում…
Ինձ համար հեռավար ուսուցումը նորություն էր, հետևում էի դասավանդողների բլոգներին, տնօրենի հրահանգներին, փորձում էի հետ չմնալ: Չնայած,որ նորություն էր ինձ համար, շատ շուտ սովորեցի, ընտելացա: Կարողացա համակարգումներ անել և աշխատել սովորողների հետ:
Կրթահամալիրում կամավորական աշխատանք ծավալելուն զուգահեռ նաև սովորում եմ մագիստրատուրայում: Քանի որ բոլոր կրթական հաստատություններն անցան հեռավար ուսուցման, արդեն ինձ ծանոթ մեթոդիկայով սկսեցի նաև համալսարանի դասախոսների հետ աշխատել արդեն որպես սովորող:
Հետաքրքիր են անցնում օրերս. և՛ սովորող եմ, և՛ սովորեցնող: Օրվա մեծ մասը, իհարկե, անցկացնում եմ համակարգչի դիմաց: Աշխատում եմ սովորողների հարցերին շուտ արձագանքել, բացատրել, նաև հետ չեմ մնում համալսարանի դասերից: Իհարկե ծանրաբեռնվածությունը մեծ է, բայց այն սերը, որը ներդրել եմ աշխատանքում, չի թողնում հոգնածություն զգալ:
Մեկուսացված առօրյաումս մեծ տեղ է զբաղեցնում կրթահամալիրը, փորձում եմ մտածել և գրել այնպիսի նախագծեր, որոնք հետաքրքիր կլինեն սովորողներին: Իհարկե, սկզբնական շրջանում ինչը ավելի հետաքրքիր կլիներ, եթե ոչ թագավարակը, երբ բոլորի մտքերում ու խոսակցություններում էր այն: Քանի որ աշխատում եմ ավագ դպրոցի սովորողների հետ, նրանց առաջարկեցի նախագիծ՝ Կորոնավիրուսը, որպես համաշխարհային համաճարակ: Չէի սխալվում. սովորողները մեծ ոգևորությամբ էին ուսումնասիրում և դիտարկում վիրուսը, ճշգրիտ ու թարմ նորություններ էին հայտնում մեր հանրապետությունում տիրող իրավիճակի վերաբերյալ, պատրաստում էին տեսանյութեր:
Քանի որ ամբողջ հեռուստատեսությունը, համացանցը ողողված էր համաճարակի մասին լուրերով, որոշեցի անցում կատարել այլ նախագծերի, մի քիչ շեղել սովորողներին այդ թեմայից: Իհարկե, պետք է նշեմ, որ տիրող իրավիճակը հոգեբանական բացասական ազդեցություն է գործում թե՛ երեխաների, թե՛ մեծահասակների վրա, որ կողմ գնում ես նույն թագավարակն է քեզ դիմավորում:
Սովորողների հետ սկսեցինք նոր նախագիծ՝ Հողային ռեսուրսներ: Իհարկե, թեմայի ընտրությունը պատահական չէր: Արդեն գյուղատնտեսական աշխատանքները սկսվել են ամբողջ հանրապետությունում, անհրաժեշտ է սովորել ու հասկանալ ինչպես ճիշտ մշակել հողը, այնպես անել, որ չնպաստենք հողերի կորստին, քայքայմանը, բերրիության նվազմանը: Եվ այս ամենը այն դեպքում, երբ ստեղծված իրավիճակում մեր հանրապետության նման անցումային տնտեսություն ունեցող երկիրը հույսը դնում է մեծ մասամբ գյուղատնտեսության վրա:
Սովորողների հետ իրականացրել ենք նաև հետևյալ նախագծերը. ՀՀ կլիմա, , Մոլորակի էկոլոգիան և աղտոտումը, Բնական աղետներ, Էներգետիկ ռեսուրսներ, Հատուկ պահպանվող տարածքները ՀՀ-ում, Օզոնային շերտի քայքայումը որպես գլոբալ հիմնախնդիր, , ՀՀ ջրային ռեսուրսներ:
Այս ընթացքում իրականացված նախագծերին և արդյունքներին կարող եք ծանոթանալ այստեղ:
Հպարտությամբ արձանագրում եմ, որ ես այս ամիսներին ջերմ գործընկերների շնորհիվ համարել եմ ինձ Սեբաստացի ուսուցիչ: Ես ինձ զգում եմ կրթահամալիրի մասնիկ, այն դարձել է իմը: Ինձ համար մեծ ոգևորություն է աշխատել այս թիմում և լինել սեբաստացի:
Հ.Գ. Նկարում Մարմարիկի ջրամբարն է, ընկերների հետ ուրախ օրերի մասին, որոնք այս ամառ հետ են գալու: