Նկատի ունենալով Սեւանա լճի ջրային հարուստ պաշարները՝ դեռեւս 30-ական թվականներից հանրապետության տնտեսության համար էներգետիկ բազա ստեղծելու, ինչպես նաեւ Արարատյան գոգավորության անջրդի հողերի յուրացման (մոտ 100 հազ. հա) նպատակով մշակվեց Սեւանա լճի ջրերի օգտագործման համալիր սխեման, որի հիմքում դրված էր Սեւանա լճի ջրի դարավոր պաշարների ինտենսիվ օգտագործումն էներգետիկ եւ գյուղատնտեսական նպատակներով, լճի մակարդակի իջեցմամբ նրա հայելակրճատումը եւ հատակից (գրունտից) ազատված հողատարածքների ներառումը տնտեսության ոլորտ: Սկսած 30-ական թվականներից մինչեւ այսօր այդ ծրագրի իրականացման հետեւանքով օգտագործվել է ջրի ծավալի գրեթե 44 տոկոսը կամ 26 մլրդ մ3(դրա մոտ 65 տոկոսը օգտագործվել է էներգետիկ, իսկ 35 տոկոսը գյուղատնտեսական նպատակներով), մակարդակը իջել է 20 մետրով, լճի հատակից ազատվել է 25 հազ. հա տարածք, որը գյուղատնտեսական տեսակետից համարվում է ոչ լիարժեք հողատարածք: Լճի ջրերի այդպիսի ոչ հիմնավորված շահագործումը բերեց բնապահպանական տեսակետից մի շարք բացասական երեւույթների եւ գործընթացների զարգացմանը, որոնք չէին կանխատեսված համալիր սխեմայում:
Մեր կարծիքով Սևանա լճի ջրերի արդյունավետ օգտագործման համար անհրաժեշտ է սահմանել չափաքանակներ: Սևանա լճի ջրի բացթողումների տարեկան առավելագույն քանակ սահմանել մինչև 170 մլն մ3: Տնտեսական խիստ անհրաժեշտության, ինչպես նաև չնախատեսված արտակարգ իրավիճակների դեպքում կառավարությունը «Սեւանա լճի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով կարող է Ազգային ժողովի քննարկմանը ներկայացնել չափաքանակի փոփոխության մասին ժամանակավոր ծրագիր, որը հաստատվում է համապատասխան օրենքի ընդունմամբ:
Սեւանա լճի ջրհավաք ավազանի կենսապաշարների, այդ թվում՝ ձկան պաշարների չափաքանակները սահմանվում են՝ ելնելով դրանց հաշվառման, ուսումնասիրման արդյունքներից եւ գիտահետազոտական կազմակերպությունների կողմից տրված հիմնավորումներից ու առաջարկություններից՝ քվոտավորման սկզբունքով:
Ջրօգտագործման արդյունավետ համակարգի ստեղծումը:
Ջրի մակարդակի բարձրացման եւ մաքրության ապահովմանը նպատակաուղղված միջոցառումների համակարգում ներառված է նաեւ ջրօգտագործման արդյունավետ համակարգի ստեղծումը՝
— բնակավայրերի ջրամատակարարման ցանցի բարելավում.
— ոռոգման համակարգի վերազինում.
— Գետիկի եւ Ֆիալետովոյի ջրամբարների կառուցում եւ դրանց ջրերի ուղղորդում Սեւանա լիճ.
— գետերի վերնագավառներում ջրամբարների կառուցում, ինչպես նաեւ Որոտան-Արփա գլխամասային ջրընդունիչ կառույցից ջրառի իրականացում՝ նպատակ ունենալով ապահովել գետերում ջրի անհրաժեշտ հոսքի առկայությունը եւ ոռոգման համակարգի ինքնահոս ջրամատակարարումը: