Սևանա լճի պահպանությունը և հետագա օգտագործման ծրագրերը

Ծանոթանալով «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման,վերարտադրման եվ օգտագործման համալիր ծրագրին», մենք կնշենք հակիրճ հետևյալը, որ ծրագիրը նպատակ ունի Սեւանա լճը, որպես ազգային եւ տարածաշրջանային նշանակության քաղցրահամ ջրավազանի պահպանել, էկոլոգիական հավասարակշռությունը վերականգնել եւ Սեւանա լճի ջրհավաք ավազանի էկոհամակարգի բնականոն ներդաշնակ զարգացումը եւ կայուն օգտագործումը ապահովել:

Ծրագրի խնդիրներն են՝

— համալիր միջոցառումների ներդրմամբ Սեւանա լճի մակարդակի իջեցման կանխարգելումը եւ դրա մակարդակի առնվազն 6 մետրով բարձրացման ապահովումը՝ որպես լճի ջրի նախկին քանակական եւ որակական ցուցանիշների վերականգնման եւ էվտրոֆիկացիայի կանխարգելման նախապայման.

— Սեւանա լճի եւ դրա ջրհավաք ավազանում բնօգտագործման նորմավորման ու կանոնակարգման միջոցով լճի էկոհամակարգի եւ դրա առանձին բաղադրիչների վրա անթրոպոգեն բացասական ներգործությունների (այդ թվում՝ աղտոտվածության) նվազեցումը, դրանց հետագա դեգրադացիայի կանխարգելումը.
— Սեւանա լճի ջուրը՝ որպես խմելու ջրի օգտագործման աղբյուրի պահպանության ապահովումը.

— ձկնային պաշարների վերարտադրության ապահովումը.

— ռեկրեացիոն (հանգիստ եւ տուրիզմ) տնտեսաճյուղի արդյունավետ զարգացումը.
— լանդշաֆտային ու կենսաբանական բազմազանության, հազվագյուտ, էնդեմիկ և գիտական ու տնտեսական բարձրարժեք տեսակների պահպանման, վերականգնման եւ վերարտադրման ապահովումը.
— կառավարման համակարգի բարելավումը.

— ջրօգտագործման արդյունավետ համակարգի ստեղծումը: 

Այսպիսով հաշվի առնելով Սեւանա լճում ընթացող էկոլոգիական եւ սոցիալ-տնտեսական խիստ բացասական հետեւանքները՝ դեռեւս 60-ական թվականներից ՀՀ կառավարությունը մշակել եւ իրականացրել է մի շարք միջոցառումներ Սեւանա լճի մակարդակը նվազագույնը 6 մետրով բարձրացնելու ուղղությամբ: Այդ նպատակով 1961թ. սկսվել եւ 1981թ.-ից շահագործման է հանձնվել Արփա-Սեւան 48 կմ-ոց ջրատարի կառուցումը, որի շնորհիվ տարեկան Սեւանա լիճ է տեղափոխվում մոտ 300 մլն մ3 ջուր: 80-ական թվերին սկսվել էին Եղվարդի եւ Մարմարիկի ջրամբարների կառուցման աշխատանքները, որոնք 90-ական թվականներին դադարեցվեցին: Այդ ժամանակահատվածում ստեղծվեցին նաեւ Արարատյան դաշտի հողերի ոռոգման նոր այլ ջրաղբյուրներ (Մխչյանի, Երասխավանի եւ մի շարք այլ ջրհան կայաններ, ստորգետնյա ջրհորներ եւ այլն: Այս բոլորի շնորհիվ մինչեւ 1990թ. Սեւանա լճի մակարդակը բարձրացվեց 1,5 մետրով, որը զգալի ներդրում էր էկոլոգիական վիճակի բարելավման գործում: Սակայն 90-ական թվականներին, էներգետիկ, տնտեսական ճգնաժամերի եւ այլ օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներով պայմանավորված, նորից սկսվեց Սեւանա լճի ջրի պաշարների ակտիվ օգտագործումը: Այսօրվա վիճակով ոչ միայն օգտագործվել են նախորդ տարիներում արդեն կուտակված ջրային պաշարները, այլեւ շարունակվում է լճի մակարդակի հետագա իջեցումը: Այս գործընթացի հետագա զարգացումը կհանգեցնի լճի էկոլոգիական վիճակի վատթարացման եւ Սեւանա լճի, որպես քաղցրահամ ջրաղբյուրի, անդարձ կորստյան: 


Թողնել մեկնաբանություն