Սևանա լիճ

  1. Սևանա լճի ֆիզիկաաշխարհագրական բնութագիրը

Սևանա լիճը, բարձրլեռնային քաղցրահամ խոշոր լիճ է Գեղարքունիքի մարզում` ծովի մակարդակից մոտ 1900 մետր բարձրության վրա։ Այն երկրագնդի քաղցրահամ ջուր ունեցող 2-րդ բարձրադիր լիճն է  Հարավային Ամերիկայի Տիտիկակա լճից հետո։ Պատմական տարբեր ժամանակաշրջաններում լիճն ունեցել է տարբեր անուններ՝ Գեղարքունի, Գեղամա ծով (հին հայկական անվանում), Դարյա-Շիրին, Լակնիտիս Գյոկչայ (թուրքական անվանում)։

Լճի երկարությունը 70 կմ է, առավելագույն լայնությունը՝ 55 կմ։ Հայելու մակերեսը կազմում է 1260 կմ2, որով ամենախոշորն է Հարավային Կովկասի տարածքում։ Միջին խորությունը 46.8 մ է, ամենախոր վայրը՝ 83 մ (Փոքր Սևան)։ Ջրի ծավալը 32,92 մլրդ մ3 է: Սևանա լիճը Շորժայի ստորջրյա թմբով բաժանվում է 2 մասի՝ Մեծ Սևանի (37.7 մ միջին խորություն) և Փոքր Սևանի (50.9 մ)։ Դրանք իրար են միանում մոտ 5կմ լայնության նեղուցով, որը գտնվում է Արտանիշ և Նորադուզ թերակղզիների միջև: Լճի ափամերձ գոտին հարավում և արևելքում ցածր է և կազմում է տափարակ հարթություն: Սակայն հյուսիսում և հյուսիս-արևելքում այն բարձր է, նեղ ու ժայռոտ: Երկրաբանական տեսակետից Մեծ Սևանը իրենից ներկայացնում է հին միջլեռնային ճկվածք, որտեղ ջրային ավազան է եղել դեռևս երկրաբանական վաղ անցյալում: Առանձին լիճ գոյություն է ունեցել նաև Փոքր Սևանի տեղում:

Լճի ծագումնաբանական վարկածներից մեկի համաձայն՝ այն առաջացել է չորրորդական ժամանակաշրջանում։ Գոյացել է հրաբխային գործունեության հետևանքով՝ միջլեռնային տեկտոնական իջվածքում սառցադաշտային և ձնհալոցքային ջրեր լցվելու արդյունքում։ Չորս կողմում առանձնակի շրջապատում են Արեգունու, Սևանի, Վարդենիսի, Գեղամա լեռները։

Այսպիսով Սևանի ավազանի ֆիզիկաաշխարհագրական շրջանը, ընդգրկում է  Գեղարքունիքի մարզի հիմնական մասը, Սևանա լիճն իր ավազանով։ Տարածքը մոտ 5348 կմ² է։ Միջլեռնային եռանկյունաձև տեկտոնական իջվածք է՝ 1900-3000 մ բարձրությունների վրա, առավելագույնը՝ 3597 մ (Աժդահակ), որի հատակը զբաղեցնում է Սևանա լիճը։


Թողնել մեկնաբանություն