Հողերն աղտոտումից պահպանելու ընդհանուր պահանջները ներառում են`
ա) պարարտանյութերի, մելիորացիայի քիմիական միջոցների, վնասատուների դեմ պայքարի և քիմիացման այլ միջոցների` հողի մեջ ներմուծման նորմերը, ներմուծման ձևն ու ժամանակը որոշելիս` հողերի ագրոքիմիական հետազոտությունը, հիվանդությունների և վնասատուների առաջացման կանխատեսումը, հողերի փաստացի աղտոտումը, ինչպես նաև պարարտանյութերի ու քիմիական միջոցների կիրառման առաջնայնության որոշումը` համաձայն դրանց վտանգավորության դասի, հաշվի առնելը.
բ) արդյունաբերական և կենցաղային թափոնները (եթե դրանք պարունակում են հողի սնուցման կամ քիմիական մելիորացիայի համար անհրաժեշտ տարրեր) որպես պարարտանյութ կամ քիմիական մելիորացիայի միջոց օգտագործելիս` դրանց քիմիական կազմի մանրակրկիտ ուսումնասիրություն իրականացնելը` հողի մեջ ծանր մետաղների և այլ թունավոր տարրերի ու միացությունների ներմուծումը կանխելու նպատակով.
գ) թափոնները, արտանետումները, արտահոսքերը, կեղտաջրերը և դրանց նստվածքները հեռացնելն ու օգտահանելը` հողերի աղտոտումը կանխարգելող միջոցառումների իրականացմամբ.
դ) պեստիցիդները, հանքային պարարտանյութերը, այլ քիմիացման միջոցները պահպանելն ու տեղափոխելը` շրջակա միջավայրի աղտոտումը կանխարգելող միջոցառումների իրականացմամբ.
ե) նոր կառուցվող արդյունաբերական կազմակերպությունների, տեխնոլոգիական գծերի նախագծերում հողերի քիմիական աղտոտումը բացառող մաքրման կառույցների նախատեսումը.
զ) գծային կառույցների ու մելիորատիվ օբյեկտների շինարարության, կառուցապատման և շինարարական այլ աշխատանքների կատարման ընթացքում արդյունաբերական և կենցաղային թափոններով, կոշտ առարկաներով, քարերով, խճով ու շինարարական աղբով հողերի աղտոտումն ու աղբոտումը բացառելը:
Հողերն ըստ քիմիական աղտոտվածության աստիճանի դասակարգվում են հողերում քիմիական նյութերի սահմանային թույլատրելի կոնցենտրացիաների (ՍԹԿ) և այդ նյութերի ֆոնային մակարդակների հիման վրա:
Ըստ աղտոտվածության` հողերը դասակարգվում են`
ա) խիստ աղտոտված հողերի, որոնցում աղտոտող քիմիական նյութերի պարունակությունը մի քանի անգամ գերազանցում է դրանց սահմանային թույլատրելի կոնցենտրացիան կամ մոտավոր թույլատրելի կոնցենտրացիան, քիմիական աղտոտվածությամբ պայմանավորված ունեն ցածր կենսաբանական ակտիվություն, ֆիզիկամեխանիկական, քիմիական և կենսաբանական բնութագրերի նշանակալի փոփոխություններ, ինչի հետևանքով քիմիական նյութերի պարունակությունը մշակաբույսերում գերազանցում է սահմանված նորմերը,
բ) միջին աղտոտված հողերի, որոնցում նկատվում է քիմիական նյութերի սահմանային թույլատրելի կոնցենտրացիաների գերազանցում` առանց հողերի հատկությունների ակնհայտ փոփոխության,
գ) քիչ աղտոտված հողերի, որոնցում քիմիական նյութերի պարունակությունը չի գերազանցում սահմանային թույլատրելի կոնցենտրացիան, սակայն ֆոնային մակարդակից բարձր է:
7. Հողերի աղտոտվածության վտանգավորությունը որոշվում է շրջակա միջավայրի (ջուր, օդ), սննդանյութերի և դրանց միջոցով մարդու առողջության վրա, ինչպես նաև հողի կենսաբանական ակտիվության և ինքնամաքրման ունակության վրա աղտոտվածության աստիճանի հնարավոր բացասական ներգործությամբ:
Ըստ վտանգավորության հողերի քիմիական աղտոտվածության աստիճանը բաժանվում է հետևյալ կատեգորիաների`
անվտանգ,
թույլատրելի,
չափավոր վտանգավոր,
վտանգավոր,
խիստ վտանգավոր:
8. Հողերի կայունությունը քիմիական աղտոտող նյութերի նկատմամբ գնահատվում է ըստ հողն աղտոտող կոնկրետ քիմիական նյութի կամ նյութերի խմբի, որոնք տարբերակվում են`
ա) հողաքիմիական ակտիվ նյութեր, որոնք հողում ստեղծում են թթվահիմնային և օքսիդավերականգնման պայմաններ` դրանով իսկ ազդելով ընդհանուր հողագեոքիմիական վիճակի վրա: Դրանք գերազանցապես հողի որակը և բերրիությունը վատթարացնող մակրոտարրերն ու դրանց միացություններն են.
բ) կենսաքիմիական ակտիվ նյութեր, որոնք առաջին հերթին ազդում են օրգանիզմների (միկրոֆլորայի, բուսականության, կենդանիների) վրա.
գ) նյութեր, որոնք հողում գտնվելիս ընդունակ են միգրացիայի (տեղափոխման) դեպի մթնոլորտ, բուսականության մեջ, մակերևութային և ստորերկրյա ջրեր:
9. Ըստ քիմիական աղտոտող նյութերի նկատմամբ կայունության աստիճանի և դրանց նկատմամբ հողի հակազդող պատասխան ռեակցիայի բնույթի` հողերը տարանջատվում են`
խիստ կայուն հողերի,
միջին կայունության հողերի,
քիչ կայուն հողերի:
10. Հողերի կայունության աստիճանը քիմիական աղտոտող նյութերի նկատմամբ բնութագրող հիմնական ցուցանիշներն են`
ա) հողի հումուսային վիճակը,
բ) թթվահիմնային հատկությունները,
գ) օքսիդավերականգնման հատկությունները,
դ) կատիոնափոխանակման հատկությունները,
ե) կենսաբանական ակտիվությունը,
զ) ստորերկրյա ջրերի մակարդակը,
է) հողում լուծված վիճակում գտնվող նյութերի մասնաբաժինը: