Հողային ռեսուրսներ

Հողը երկրակեղևի վերին փխրուն և բերքատու շերտն է, որտեղ աճում են բույսերը: Հողային ծածկույթն առաջանում է երկարատև ժամանակի ընթացքում (100 տարում առաջանում է 1 սմ հաստության շերտ). դրա առաջացմանը մասնակցում են բնության բոլոր բաղադրատարրերը (կլիմա, ջրեր, ռելիեֆ, բուսական ու կենդանական աշխարհներ) և մարդը` իր տնտեսական գործունեությամբ:

Հողն ունի բարդ կազմություն, որի գերակշռող տարրերը 2-ն են՝ քայքայված լեռնային ապարների մասնիկները (անօրգանական մաս) և հումուսը (օրգանական մաս):Հողը բնության ամենագլխավոր պաշարներից է, գյուղատնտեսության գլխավոր արտադրամիջոցը: Դեռևս անհիշելի ժամանակներից մարդն օգտագործել է հողը և աստիճանաբար ճանաչել նրա առաջացման ու զարգացման օրինաչափությունները: Հողն օժտված է ֆիզիկաքիմիական որոշակի հատկություններով, մասնավորապես՝ բերրիությամբ, որը կախված է հումուսի քանակից: Որքան հողը հարուստ է հումուսով, այնքան բարձր է նրա բերքատվությունը:ՀՀ-ն խիստ սակավահող երկիր է. հողային ֆոնդը կազմում է ընդամենը 2.974.259 հա: 1 շնչին ընկնող հողային տարածքի ցուցանիշով (0,4 հա) ՀՀ-ն աշխարհում զբաղեցնում է վերջին տեղերից մեկը: Բուսականության, ռելիեֆի և կլիմայական պայմանների մեծ բազմազանության շնորհիվ այստեղ հանդիպում են հողերի 14 ծագումնաբանական տիպեր, որոնցից 7-ը գոտիական են, և որտեղ գերակշռում են լեռնային սևահողերը, շագանակագույն և կիսաանապատային գորշ հողերը (տարածքի 42,5 %-ը): Մյուս 7-ը միջգոտիական են, որտեղ գերակշռում են մարգագետնասևահողերը, գետահովտադարավանդային, ճահճային, մարգագետնային, աղուտ-ալկալի և ոռոգելի մարգագետնային հողերը (տարածքի 6 %-ը): Անտառային հողերն զբաղեցնում են 697 հզ. հա (հանրապետության տարածքի 22,4 %-ը), անտառածածկ տարածությունները՝ 364 հզ. հա (11,7 %):Հողի էական առանձնահատկությունն այն է, որ ճիշտ օգտագործման դեպքում ոչ միայն չի սպառվում, այլև որակապես բարելավվում է, ինչի շնորհիվ բարձրանում է բերքատվությունը:

Թողնել մեկնաբանություն