ՀՀ երկրաբանական կառուցվածքը, օգտակար հանածոները

Հայաստանի տարածքը գտնվում է Ալպհիմալայան ծալքավոր մարզի Տավրոս-կովկասյան հատվածի ներքին խոշոր տեկտոնական կառույցի՝ Հայկական լեռնաշխարհի հյուսիսարևելյան մասում և բնորոշվում է բարդ երկրաբանական առանձնահատկություններով։

Վաղ անցյալում Լավրասիա, Գոնդվանա ընդարձակ մայրցամաքների միջև գոյություն է ունեցել Թետիս օվկիանոսը՝ ալպհիմալայան երկրակամարածալքային իջվածքը։ Հետագայում, բազմիցս կրկնվող լեռնակազմական շարժընթացների հետևանքով, Գոնդվանայի արաբական ելուստի և Լավրասիայի արևելաեվրոպական սալի միջև ձևավորվել են մարզի ծալքավոր և բեկորային համակարգերը։ Երկրակեղևի հաստությունն այստեղ կազմում է 38-40 կմ-ից (իջվածքներում) մինչև 52-53 կմ (բարձրացումներում), հրաբխանստվածքային շերտի հաստությունը 3-8 կմ է, գրանիտային շերտինը՝ 20-30 կմ բազալտային շերտինը՝ 20-25 կմ։

ՀՀ տարածքի երկրաբանական ողջ ժամանակաշրջանն բաժանում ենք 3 փուլի՝ մինչքեմբր-սիլուրյան,հերցինյան և ալպյան:

Մինչքեմբր-սիլուրյան փուլը սկսվել է ավելի քան 600 մլն տարի առաջ և տևել է մոտ 150 մլն տարի:Այս ժամանակաշրջանի վերաբերյալ տեղեկությունները սահմանափակ են, բայց կարող ենք ենթադրել, որ առաջացել են ցամաքային կզղյակատիպ զանգվածներ՝ Ծաղկունյաց լեռնաշղթայում, Մեղրու և Վիրահայոց լեռներում:

Հերցինյան փուլը սկսվել է 450 մլն տարի առաջ և տևել է մոտ 220-230 մլն տարի: Այս ժամանակաշրջանում ՀՀ-ի հս-արլ. Հատվածքը դեռ մնում է բաց ու ծանծաղ ծովի հատվածում, բացառությամբ Արարատյան դաշտի, որի կենտրոնում եղել են միջին բարձրության թույլ մասնատված լեռներ՝ ցածրադիր հարթավայրերով եզրավորված:

Ալպյան փուլը սկսվել է մեզանից մոտ 220-230 մլն տարի առաջ և շարունակվում է մինչև օրս: Այս փուլում ցամաքային հյուսիս արևելքը սուզվում է ծովի տակ, իսկ հարավն ու հարավ արևելքը բարձրանում են, ծալքավորվում, վերածվում ցամաքի: Այս փուլում սկսում են կրճատվել ծովային ավազանները, նախկինում ծալքավորված և ջրասույզ եղած լեռները բարձրանում են ու բեկորատվում, դիտվում է բարձր հրաբխականություն:

Օգտակար հանածոները

Երկրաբանական պայմանների ու ռելիեֆի ձևերի բազմազանությամբ է բացատրվում ՀՀ-ում հայտնաբերված օգտակար հանածոների բազմազանությունը։ Շատ են հատկապես մետաղային և ոչ մետաղային հանքատեսակները։ Առայժմ հայտնաբերված չեն միայն հանքային վառելիքի՝ նավթի և այրվող գազի արդյունաբերական նշանակության պաշարներ:

Մետաղային հանքային հարստություններից հատկապես շատ են գունավոր մետաղների՝ պղնձի, մոլիբդենի, կապարի, ցինկի և ալյումինի հումքի պաշարները։ Պղինձը տարածված է պղնձահրաքարային հանքավայրերում, որտեղ այն հանդես է գալիս ծծմբի հետ միացությունների ձևով։ Այդպիսի խոշոր հանքավայրեր են Ալավերդին և Կապանը:

Հայաստանում պղինձը հանդիպում է նաև մոլիբդենի հետ՝ պղնձամոլիբդենային հանքավայրերում։ Հայտնի են Քաջարանի, Ագարակի և վերջերս շահագործման հանձնված Թեղուտի հանքավայրերը։ ՀՀ-ում է մոլիբդենի համաշխարհային պաշարների մոտ 7 %-ը: Այն օգտագործում են լեգիրացված  (ամրություն, կռելիություն, կոռոզիադիմացկունություն այլ հատկանիշներ ունեցող) պողպատներ ձուլելու համար, ինչպես նաև էլեկտրավակուումային սարքերի արտադրության մեջ, միջուկային ռեակտորների, հրթիռների և այլ թռչող սարքերի բարձր ջերմաստիճաններում աշխատող մասեր պատրաստելու համար։

Քաջարանի և Կապանի հանքաքարը, բացի գլխավոր մետաղներից, պարունակում է նաև թանկարժեք (ոսկի, արծաթ) և հազվագյուտ (ռենիում, կադմիում, սելեն և այլն) բարձրարժեք մետաղներ։ Հազվագյուտ և համաշխարհային շուկայում բարձրարժեք նշանակություն ունեցող ուղեկից այդ մետաղներն անհրաժեշտ տեխնոլոգիաների բացակայության պատճառով Հայաստանում առայժմ չեն կորզվում։ Դրանք հանքարդյունաբերական մյուս թափոնների հետ տեղափոխվում և կուտակվում են պոչամբարներում։

Բազմամետաղային (կապար, ցինկ, թանկարժեք և հազվագյուտ մետաղներ) հանքավայրերից նշանավոր են Ախթալայինը և Շահումյանինը (Կապան)։ Աշխարհում ալյումին ստանում են մի քանի տեսակի հումքից։ Հայաստանում տարածված է նեֆելինային սիենիտ կոչվող հանքային հումքատեսակը։ Դա համալիրային հանքատեսակ է, որից կարելի է ստանալ նաև բարձրորակ ցեմենտ և քիմիական տարբեր նյութեր։ Այդ հումքի հարուստ հանքավայրեր հայտնաբերված են Փամբակի (Թեժ լեռան հանքավայր) և Մեղրու (Շվանիձոր) լեռներում։
Ազնիվ մետաղներից ՀՀ-ում կարևոր նշանակություն ունեն ոսկու պաշարները։ Ոսկին այսպես կոչված «արմատային» հանքերում հանդես է գալիս գունավոր տարբեր մետաղների հետ, առանձին բնակտորներով, ինչպես նաև որոշ գետերի ավազաբերուկների մեջ «ցրոնային» տեսքով։ ՀՀ տարածքում հիմնական արմատական հանքավայրերն են Սոթքինը և Մեղրաձորինը։

Մեր երկրի ընդերքում հայտնաբերված սև մետաղներից ամենատարածվածը երկաթն է։ Համեմատաբար խոշոր են Սվարանցի, Հրազդանի և Աբովյանի (Կապուտանի) հանքավայրերը։

ՀՀ-ն հարուստ է հանքային ջրերի աղբյուրներով։ Մեր երկրում կա հանքային ջրերի շուրջ 700 աղբյուր։ Հատկապես նշանավոր են Ջերմուկի, Արզնու, Բջնիի, Դիլիջանի, Հանքավանի հանքային աղբյուրները։ Դրանցից մի քանիսի մոտ կառուցվել են խոշոր առողջարաններ։

Թողնել մեկնաբանություն