Կենսաբանական զենք

Կենսաբանական զենքը կենսաբանական միջոցներով հանդերձավորված հատուկ զինամթերքներն են ու մարտական սարքերն են:

Մարդկանց, գյուղատնտեսական կենդանիների և բույսերի խոցումը կատարվում է հիվանդաբեր միկրոօրգանիզմների և վերջիններիս մի մասի արտադրած թույներով: Բնորոշվում է վարակիչ հիվանդությունների առաջացմամբ, արագ տարածմամբ, երկարատևությամբ, գաղտնի շրջանով: Որոշվում է լաբորատոր հետազոտությունների միջոցով: Արտաքին միջավայրում մանրէներն ու թույները /տոքսինները/ դժվար են հայտնաբերվում: Կարող են օդի հետ թափանցել չհերմետիկացված շինություններ:

Միկրոօրգանիզմներից են. Մանրէները`   հիվանդաբեր բուսական ծագման միաբջիջ միկրոօրգանիզմներ են, կայուն են ցածր ջերմաստիճաններում, նույնիսկ բացասականներում: Որոշ տեսակները /սիբիրյան խոց, փայտացում առաջացնող/ արտաքին միջավայրում ստեղծում են պաշտպանիչ թաղանթներ, ինչը դժվարացնում է դրանց վարակազերծումը: Մանրէները առաջացնում են նաև ժանտախտ, խոլերա, բրուցելոզ և այլն: Վիրուսները մանրագույն միկրոօրգանիզմներ են: Ի տարբերություն մանրէների, աճում և բազմանում են միայն կենդանի հյուսվածքներում: Առաջացնում են սև ծաղիկ, դեղին տենդ: Ռիկետսիաները ձևով և չափերով մոտ են մանրէներին, բազմանում են պարզ բաժանումով: Ապրում են միայն իրենց խոցած օրգանի հյուսվածքներում: Առաջացնում են բծավոր տիֆ, տենդ: Սունկերը միաբջիջ և բազմաբջիջ օրգանիզմներ են: Լավ են տանում չորացումը, արևի լույսի և վարակազերծող նյութերի ազդեցությունը: Առաջացնում են կարդիոզ: Տոքսինները /թույները/ որոշ մանրէների կենսագործունեության արդյունք են: Չորացրած վիճակում իրենց թունավորությունը պահպանում են մինչև մի քանի ամիս: Առանձնապես թունավոր է բոտուլիզմի տոքսինը, որը մարդու օրգանիզմում առաջացնում է ծանր խանգարումներ: Կենսաբանական զենքից մարդկանց և կենդանիների հիվանդացումը առաջ է գալիս վարակված օդը շնչելու, լորձաթաղանթի և վնասված մաշկի վրա մանրէներ ընկնելու, վարակված սննդի և ջրի օգտագործման, վարակված միջատների և տզերի խայթոցների, վարակված իրերին դիպչելու, վարակված մարդկանց հետ շփվելու հետևանքով և այլն: 

Կենսաբանական զենքի կիրառման նշաններն են`  

 • արկերի և ռումբերի պայթման խուլ ձայնը, ի տարբերություն սովորական զի-նամթերքի,

• պայթման տեղում զինամթերքի խոշոր բեկորների առկայությունը,

• հեղուկի կաթիլների և փոշենման նյութերի առկայությունը տեղանքում,

• զինամթերքի պայթման և բեռնարկղերի անկման վայրում միջատների և տզե-րի անսովոր կուտակումը,

• մարդկանց և կենդանիների զանգվածային հիվանդացումը: 

Կենսաբանական զենքի կիրառումը վկայող նշանների դեպքում պետք է անմիջապես հագնել անհատական պաշտպանության միջոցներ`   հակագազ, շնչադիմակ, դիմակ, մաշկի պաշտպանության միջոցներ: Բժշկական պաշտպանության միջոցներն են`   վակցինաշիճուկային պատրաստուկները, հակաբիոտիկները և այլ դեղանյութեր, որոնք կիրառվում են վարակիչ հիվանդությունների հատուկ և ծայրահեղ կանխարգելման համար: Կենսաբանական խոցումն իրականացվում է աերոզոլներով օդի վարակմամբ, միջատների, կրծողների միջոցով վարակի տարածմամբ, տարբեր զինամթերքներով, փոշիներով, ջրի և սննդի թունավորմամբ: Վարակիչ հիվանդությունների կանխարգելման համար կիրառվում են մի շարք դեղամիջոցներ, իսկ մանրէաբանական միջոցների վտանգազերծման համար`   հատուկ քիմիական նյութեր: 


Հետևանքների վերացում:

Բակտերիային վարակման օջախում (կենսաբանական զենքի ազդեցության տարածք) բակտերիաբանական զենքի օգտագործման փաստը հաստատելուց հետո անմիջապես սահմանվում է կարանտին։ Դա համաճարակային և ռեժիմային միջոցառումների համակարգ է, որի նպատակն է վարակված տարածքը (այնտեղ գտնվող մարդկանցով և կենդանիներով հանդերձ) շրջապատող միջավայրից մեկուսացնելը և հիվանդությունն օջախում վերացնելը։ Մուտքը բակտերիաբանական վարակված օջախ և այնտեղից ելքը խիստ վերահսկվում են։ Օջախից ելքի (մուտքի) անհրաժեշտության դեպքում բնակչությունը ենթարկվում է լրիվ սանիտարական մշակման։ Օջախում կարանտին սահմանելու պահից անցկացվում է անհետաձգելի կանխարգելում. բնակչությունն ստանում է հակաբիոտիկներ և այլ դեղանյութեր, որոնք նպաստում Են օրգանիզմ ներթափանցող վարակների հարուցիչների կանխարգելմանը, կատարվում են նաև կանխարգելիչ պատվաստումներ։

Բակտերիաբանական վարակված օջախում բնակչությունը պետք է խուսափի ավելորդ շփումներից, խստորեն պահպանի անձնական հիգիենայի և հասարակական հիգիենայի կանոնները, չօգտագործի կասկածելի որակի ջուր և սննդամթերք։ Օջախում զանգվածային հիվանդությունների առաջացման դեպքում բնակչությունը բաժանվում է առանձին խմբերի՝ տներում և բնակարաններում, օջախում հաստատվում է հակահամաճարակային խիստ ռեժիմ, կատարվում է ուժեղացված բժշկական հետազոտություն՝ համայց տներում, հիվանդների հայտնաբերում, ջերմաչափում։ Բնակչությունը պետք է ըստ ամենայնի օժանդակի բուժաշխատողներին, որը բարձրացնում է միջոցառումների արդյունավետությունը։ Տկարություն զգալիս և ջերմաստիճանը բարձրանալիս անմիջապես դիմել բուժօգնության։

Կիրառված բակտերիային միջոցի տեսակը հաստատելուց հետո բակտերիաբանական որոշ զենքերի դեպքում կարանտինը փոխարինվում է դիտազննումով (օբսերվացիա), շարունակվում է օջախի բժշկական հսկողությունը, ինչպես նաև կիրառվում են բուժկանխարգելիչ ու մեկուսացնող-սահմանափակող միջոցառումներ, որոնք խոչընդոտում են վարակի տարածումը և ուղղված են դրա արագ վերացմանը։ Կարևոր նշանակություն ունեն վարակիչ հիվանդների վաղ հայտնաբերումը, մեկուսացումը. հոսպիտալացումն ու բուժումը, տարածքի, շենքերի ու շինությունների վարակազերծումը, բնակչության սանիտարական մշակումը, կանխարգելիչ պատվաստումների կատարումը։

Բակտերիաբանական վարակման օջախում գտնվելիս բնակչությունը պետք է հատուկ ուշադրություն դարձնի սննդամթերքի պահպանությանը։ Ջուրը կարելի է խմել միայն վարակազերծելուց (30 ր եռացնելուց) հետո։ Սննդամթերքը պետք է պահել կիպ փակվող ամաններում կամ պոլիէթիլենե փաթեթներում, օգտագործելուց առաջ ենթարկել մանրազնին ջերմային մշակման։ Բնակելի շենքերում անհրաժեշտ է ախտահանիչ միջոցներով խոնավ մաքրում, հագուստի, սպիտակեղենի (լվանալ սինթետիկ լվացամիջոցների եռացող լուծույթներով), կենցաղային իրերի ախտահանում։ Հատուկ նշանակություն է ձեռք բերում անհատական և հասարակական հիգիենայի կանոնների պահպանումը՝ մաշկի ուշադիր խնամք, բերանի խոռոչի մաքրում, թափոնների ժամանակին հավաքում և հեռացում և այլն։ Այդ ամենն իջեցնում են վարակիչ հիվանդությունների տարածման հնարավորությունը։ Բակտերիաբանական վարակման օջախի վերացումից հետո անցկացվում է օջախի տարածքի, շենքերի, տրանսպորտային միջոցների ախտահանում և բնակչության լիակատար սանիտարական մշակում՝ հագուստի և կոշիկների ախտահանումով։

Թողնել մեկնաբանություն