ՀՀ սահմանները, աշխարհագրական դիրքը

Հայաստանի Հանրապետությունն աշխարհի շուրջ 200 անկախ, միջազգային ճանաչում ստացած պետություններից է։Տարածքի մեծությամբ (29743 կմ³) և բնակչության թվով (3 մլն մարդ) պատկանում է աշխարհի փոքր (որոնց թիվը 55 է), բայց ոչ փոքրագույն (գաճաճ) պետությունների խմբին։

Հայաստանը տարածքի մեծությամբ և բնակչության թվով զիջում է աշխարհի մոտ 130 պետություններին, այդ թվում իր բոլոր հարևաններին։ ՀՀ-ն գտնվում է Հայկական լեռնաշխարհի հյուսիսարևելյան հատվածում՝ զբաղեցնելով տարածքի ոչ մեծ մասը՝ 1/13-ը: Մեր ներկայիս տարածքը կազմում է երկրագնդի ցամաքի 0,02 %-ը, իսկ Ասիա աշխարհամասի՝ 0,7 %-ը: Այն կազմված է Մեծ Հայքի Այրարատ, Սյունիք, Գուգարք և Ուտիք նահանգների մասերից: ՀՀ տարածքի առավելագույն ձգվածությունը հյուսիս-արևմուտքից հարավ-արևելք մոտ 360 կմ է, իսկ արևմուտքից-արևելք՝ 200 կմ: Նվազագույն ձգվածությունը Հայ-Իրանական սահմանի հատվածում մոտ 40 կմ է: ՀՀ տարածքի երկրաչափական կենտրոնը (անկյունագծերի հատման կետը) Գառնի գյուղն է: Քարտեզը՝ այստեղ:

ՀՀ-ն հյուսիսում սահմանակից է Վրաստանին, արևելքում՝ հայկական երկրորդ պետությանը՝ Արցախի Հանրապետությանը, արևելքում և հարավ-արևմուտքում՝ Ադրբեջանին և նրա կազմի մեջ մտնող Նախիջևանի Ինքնավար Հանրապետությանը, հարավում՝ Իրանի Իսլամական Հանրապետությանը, արևմուտքում՝ Թուրքիային: Սահմանագծի ընդհանուր երկարությունը 1422 կմ է: Առանձնահատկություն է, որ պետական սահմանի ամենաերկար երկու հատվածները՝ Ադրբեջանի ու Թուրքիայի հետ, «փակ» են: 

Ըստ կառավարման ձևի՝ ՀՀ-ը խորհրդարանական հանրապետություն է, ըստ պետական կառուցվածքի՝ ունիտար կամ միասնական պետություն: Սահմանադրությամբ ՀՀ հռչակված է ժողովրդավարական պետություն:ՀՀ սահմանների ձևավորումըՀայտնի է, որ Հայկական լեռնաշխարհի տարածքում տարբեր դարերում ձևավորվել և կործանվել են հայկական բազմաթիվ պետական միավորումներ, սակայն դրանցից որևէ մեկը չի ունեցել հանրապետության կարգավիճակ (հիմնականում եղել են թագավորություններ): 

ՀՀ աշխարհագրական դիրքի առանձնահատկությունները

Ա.Ֆիզիկաաշխարհագրական և մաթեմատիկաաշխարհագրական դիրքի առանձնահատկությունները  ՀՀ գտնվում է Եվրասիա մայրցամաքի Ասիա աշխարհամասի Հարավ-Արևմտյան Ասիա տարածաշրջանում: Այն ամբողջությամբ հյուսիսային կիսագնդի մերձարևադարձային կլիմայական գոտում է, իսկ Գրինվիչի միջօրեականի նկատմամբ՝ արևելյան կիսագնդի սահմաններում՝ 3-րդ ժամային գոտում: Նվազագույն գծային հեռավորությունը մերձակա ծովերից 145 կմ է (Սև ծով): Կասպից ծովից հեռավորությունը 175 կմ է, Միջերկրական ծովից՝ 750 կմ, իսկ Պարսից ծոցից՝ մոտ 1000 կմ: ՀՀ-ից հյուսիս գտնվում է Մեծ Կովկասի լեռնաշղթան, իսկ հարավ՝ Իրանական և Արաբական անապատները, որոնք բոլորը մեծ ազդեցություն են թողնում մեր տարածքի կլիմայական պայմանների վրա: Քարտեզը՝ այստեղ:

Բ. Հայաստանի Հանրապետության ներկայիսքաղաքաաշխարհագրական և տնտեսաաշխարհագրական դիրքի առանձնահատկություններն են.
1. Հայաստանի Հանրապետությունը գտնվում է կարևոր միջազգային տրանսպորտային ուղիների (Եվրոպան Կենտրոնական ու Հարավային Ասիային և Ռուսաստանը Մերձավոր Արևելքին կապող) խաչմերուկում։ Նրա տարածքով անցնում են Թուրքիան Իրանին, Ադրբեջանին ու Կասպից ծովի ավազանին, ինչպես նաև Հյուսիսային Կովկասը և Սև ծովը Իրանին ու արաբական երկրներին կապող երկաթուղիներն ու ավտոմոբիլային գլխավոր ճանապարհները։
2. Հարավային Կովկասով (և Հայաստանով) է անցնում Հարավարևելյան Ասիան և Կենտրոնական Ասիան Եվրոպային միացնող ցամաքային ճանապարհը, որը միջնադարի հռչակավոր «Մետաքսի ճանապարհի» օրինակով ստացել է «Մետաքսի նոր ճանապարհ» անունը։ Դրա զարգացմամբ շահագրգռված են ոչ միայն տարածաշրջանի երկրները, այլև ԱՄՆ-ը և Արևմուտքի մյուս խոշոր տերությունները։
3. Հայաստանը գտնվում է արևմտյան (եվրոպական), արևելյան (իսլամական) և սլավոնական քաղաքակրթությունների փոխազդեցության գոտում։
4. Անմիջական ելք չունի դեպի ծովերն ու օվկիանոսները (ուղղակիորեն չի կարող օգտվել դրանց հաղորդակցության ուղիներից և բնական հարստություններից)։
5. Հեռու է աշխարհի բարձր զարգացած երկրներից և հզոր տնտեսական կենտրոններից։
6. Մոտ է գտնվում Պարսից ծոցի և Կասպից ծովի նավթագազաբեր ավազաններին, բնական տարբեր ռեսուրսներով հարուստ Ռուսաստանին և Իրանին։ 

7. Գտնվում է ԱՄՆ-ի, Եվրամիության երկրների, Ռուսաստանի, Թուրքիայի, Իրանի և Իսրայելի տնտեսական ու քաղաքական շահերի բախման գոտում. մի տարածաշրջանում, որը հայտնի է իր քաղաքական անկայունությամբ։

8. Ռազմավարական գլխավոր դաշնակցի՝ Ռուսաստանի Դաշնության հետ չունի անմիջական սահման։

 9. Լինելով Հավաքական Անվտանգության Պայմանագրի Կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ՝ սահմանակից է Հյուսիսատլանտյան դաշինքի (ՆԱՏՕ) ամենաարևելյան անդամ Թուրքիային: 

10. Միջազգային պատժամիջոցներ են սահմանվել ռազմավարական գլխավոր երկրի՝ Ռուսաստանի և հարավային հարևան ու բարեկամ երկրի՝ Իրանի նկատմամբ, ինչը դժվարացնում է այդ երկրների տնտեսական իրավիճակն ու ՀՀ-ի հետ սերտ հարաբերությունների հաստատումը: 

11. Լարված են վրաց-ռուսական հարաբերությունները, որը անդրադառնում է մեզ վրա, քանի որ Վրաստանը մեր երկրների միջև ցամաքային հաղորդակցության միակ միջնորդն է: 

Քարտեզը՝ այստեղ:

Թողնել մեկնաբանություն