Հայկական լեռնաշխարհի ռելիեֆը

Հայկական լեռնաշխարհն ընդարձակ երկիր է՝ շուրջ 400 հազար քառ. կմ տարածքով։ Նրա կենտրոնական մասն զբաղեցնում է Հայկական հրաբխային բարձրավանդակը: Տարածքը կտրտված է բազմաթիվ լեռնաշղթաներով, որոնց միջև ընկած են արգավանդ հարթավայրեր ու սարահարթեր։ Հայկական լեռնաշխարհի կենտրոնական շրջանները (Այրարատ, Վասպուրական, Տուրուբերան) ստացել են Միջնաշխարհ անունը։

Հայկական լեռնաշխարհը սեյսմիկ գոտի է։ Այստեղ հաճախ են ցնցումները։ 

Կան նաև բազմաթիվ հանգած հրաբուխներ։ Այստեղ է Առաջավոր Ասիայի միակ գործող հրաբուխը՝ Թոնդրակը կամ Թոնդուրեկը՝ Ծաղկանց լեռներում: Հրաբխային ակտիվություն, սակայն, դրսևորել են շատ լեռներ։ Օրինակ՝ Վանա լճի արևմտյան ափին բարձրացող Նեմրութ լեռան վերջին ժայթքումը տեղի է ունեցել 1441 թվականին։ Այժմ նրա խառնարանում լիճ է գոյացել, որն իր մեծությամբ աշխարհի ամենամեծ խառնարանային լճերից է։

Երկրի լեռնային ռելիեֆի և արտաքին ազդակների հետևանքով Հայկական լեռնաշխարհի բնականպայմանները՝ կլիման, հողերը, բույսերը, կենդանիները, բազմազան են։ Դրանք բոլորը ենթարկված են ուղղաձիգ գոտևորման օրենքին։ Այստեղ առկա են կիսաանապատներից մինչև լեռնային «տունդրան» և նույնիսկ լեռնային-բևեռային բնական բոլոր գոտիները։ Եվ այդ ամենն իրար հաջորդում են ընդամենը 75-200 մետրի վրա։ Բնական պայմանների այդպիսի տարատեսակությունն էլ պայմանավորել է երկրի առանձին շրջաններում տարբեր զբաղմունքների առաջացումն ու զարգացումը։

Հայկական լեռնաշխարհը Մերձավոր Արևելքի ջրային գլխավոր աղբյուրն է, քաղցրահամ ջրի համաշխարհային եզակի օջախներից մեկը։ Դեռ հնադարում բազմաթիվ աղբյուրներ, այդ թվում՝ ասորեստանյան սեպագիր արձանագրություններում, Հայկական լեռնաշխարհը հիշատակել են որպես գետերի երկիր՝ Նաիրի:

Հայկական լեռնաշխարհը՝ իր լեռնային բարձր դիրքի շնորհիվ, Առաջավոր Ասիայի խոշոր ջրաբաշխն է։ Այստեղից են սկիզբ առնում Առաջավոր Ասիայի խոշոր գետեր՝ Եփրատը և Տիգրիսը (թափվում են Պարսից ծոցը), Ճորոխը և Հալիսը (Սև ծով), Կուրը և Արաքսը (Կասպից ծով)։ Դրանց վրա գոյացել են ջրվեժներ ու լճակներ։

Հայկական բարձրավանդակում կան բազմաթիվ լճեր ու լճակներ։ Հատկապես հայտնի են երեք լճերը՝ ՍևանըՎանը և Ուրմիան: Դրանք խոշորագույն ոչ միայն Հայկական լեռնաշխարհի, այլև ամբողջ Մերձավոր Արևելքի տարածքով խոշորագույն լճերն են։

Հայկական լեռնաշխարհի գետերը լեռնային բնույթ ունեն, արագահոս են և փրփրալից։ Նրանց անկման ուժը հին և միջին դարերում օգտագործվել է շատ չնչին չափով ջրաղացներ գործի դնելու համար։ Գետերը արագահոսության և մեծ անկման պատճառով նավարկության համար պիտանի չեն։ Գետերի նշանակությունը առանձնապես մեծ է եղել ոռոգման և ձկնորսության համար։

Տիգրիսը Հայկական լեռնաշխարհի գետերից ամենաջրառատն է:Կազմավորվում է երկու ճյուղերից՝ Արևմտյան Տիգրիս (Տիգրիս, Տգլաթ) և Արևելյան Տիգրիս (նաև՝ Ջերմ, այժմ՝ Բոհտանսու)։ Երկու բազուկներն էլ սկիզբ են առնում Հայկական Տավրոսի բարձունքներից։Եփրատը Հայկական լեռնաշխարհի գետերից ամենաերկարն է։ Այն կազմավորվում է Արևմտյան Եփրատ և Արևելյան Եփրատ (Արածանի) գետաբազուկներից։ Արևմտյան Եփրատը սկիզբ է առնում Ծաղկավետ լեռներից Ոսկյանց (3914 մետր) գագաթից։

Արաքս (Երասխ) գետը Հայկական լեռնաշխարհի ամենախոշոր գետերից է։ Այն սկզբնավորվում է Բյուրակն լեռներից և միակն է, որ ամբողջությամբ հոսում է Հայկական լեռնաշխարհի տարածքով և Կուրին միանալով՝ թափվում է Կասպից ծովը։

Հայկական լեռնաշխարհը ջրառատ երկիր է։ Այն ունի խոշոր լճեր և բազմաթիվ լճակներ։ Կա բավական զարգացած գետային ցանց և սառնորակ, հորդաբուխ աղբյուրներ, հանքային ջրեր։ Հայկական լեռնաշխարհի լճերն են՝

  • Սևանա լիճը (հիշատակվում է նաև որպես՝ Գեղամա ծով, Գեղարքունյաց ծով)՝ ունի քաղցրահամ ջուր, ձկնատեսակներն են՝ իշխանը, գեղարքունին, կարմրախայտը, սիգը։ Ունեցել է մեկ կղզի, որը ժամանակի ընթացքում ջրի մակարդակի նվազումից հետո այսօր դարձել է թերակղզի։ Սևան են հոսում 28 գետեր և գետակներ, նրանից սկզբնավորվում է միայն Հրազդան գետը։
  • Վանա լիճը (հիշատակվում է նաև որպես Բզնունյաց ծով) աղահամ ջրով լիճ է, հայտնի է իր տառեխ ձկով։ Ունի չորս կղզի՝ ԱղթամարԼիմԿտուցԱռտեր:
  • Կապուտան կամ Ուրմիա լիճ (գտնվում է Հայկական լեռնաշխարհի և Իրանական լեռնաշխարհի միջև)՝ լեռնաշխարհի ամենախոշոր լիճն է և ունի բազմաթիվ կղզիներ։

Այս երեք խոշոր լճերից բացի կան բազմաթիվ մանր քաղցրահամ լճեր՝ ՓարվանաՉըլդր (Ծովակ Հյուսիսո)ԾովքԱրճակԳայլատու և այլն։

Հայկական լեռնաշխարհի տարածքի մեծագույն մասը կազմում են Արաքս, Արածանի (Արևելյան Եփրատ), Արևմտյան Եփրատ (Եփրատ) և Ճորոխ գետերի ավազանները։ Արաքսի և նրա վտակների հովիտներում են տարածվում Տավարածատափի և ԲասենիԿարսի (կամ Վանանդի)ՇիրակիԱրարատյանՍուրմալուիԿոգովիտի (Բայազետ)Մակուի (որի մի մասը հայտնի էր Ավարայր անունով), Կարմիր գետի և Նախճավանի արգավանդ դաշտերը։

Թողնել մեկնաբանություն