ՀԱՅԿԱԿԱՆ ԼԵՌՆԱՇԽԱՐՀ

Հայկական լեռնաշխարհն իրենից ներկայացնում է մի լեռնային կղզի, որտեղ վեր են խոյանում տարածաշրջանի խոշոր լեռնային համակարգերը: Լեռնաշխարհի մասին պատմական և աշխարհագրական  բնույթի սկզբնական տեղեկություններ դեռ մ.թ.ա տվել են հայ և օտարազգի պատմաբաններ: Հայկական լեռնաշխարհի տեղը որոշվում է հնագույն պատմաաշխարհագրական նկարագրություններով, ինչպես նաև հին քարտեզներով:

Հայոց լեռները իրենց վիթխարի զանգվածներով, հրաբխային անհանգիստ գործունեությամբ, նախնիների մտաշխարհում առասպելական ուժ են ստացել: Ժողովուրդը հաճախ նրանց ներկայացրել է որպես կենդանի, խոսուն, ապրող ու շնչող էակներ: Մի դեպքում որպես նետաձիգ զորականներ, մեկ այլ դեպքում որպես հարազատ քույրեր, եղբայրներ: Հայոց լեռների մասին կան բազմաթիվ ավանդապատումներ, որոնցից մեկում ասում են, թե հայոց լեռները հաղթանդամ ու հսկա եղբայրներ են եղել:  Ամեն առավոտ նրանք սովորություն են ունեցել նախ կապել իրենց գոտիները և հետո միայն բարևել իրար: Ժամանակ անց, երբ եղբայրները ծերանում են, էլ չեն կարողանում վաղ արթնանալ: Մի օր էլ ուշ արթնանալով, նրանք մոռանում են կապել գոտիները և հակառակ իրենց սովորության, այնպես բարևում են իրար: Աստված տեսնելով այդ՝ պատժում է եղբայրներին, նրանք քարանալով լեռներ են դառնում, իսկ գոտիները կանաչ դաշտեր, արցունքներն էլ անմահական աղբյուրներ:

Հայկական լեռնաշխարհի դիրքը ֆիզիկաաշխարհագրական տեսակետից

Հայակական լեռնաշխարհը գտնվում է հյուսիսային կիսագնդի միջին լայնություններում: Նրա կորդինատներն են՝ հյուսիսում 35⁰ 40՛ և 42⁰ 10՛, արևմուտքում՝ արևելյան երկայնության 35⁰ 48՛և 49⁰ 56 ՛(ըստ Գ.Թ. Շիրինյանի):

Լեռնաշխարհի տարածքը պատկանում է Սև, Միջերկրական Կասպից ծովերի  և Պարսից ծոցի ավազաններին և  ամբողջությամբ տեղադրված է մերձարևադարձային գոտում:  Միջերկրական ծովից հեռավորությունը 100 կմ է Պարսից ծոցից 650 կմ:

Հայական լեռնաշխարհ տերմինն առաջին անգամ օգտագործել և գործածության մեջ է դրել գերմանացի երկրաբան Հ. Աբիխը: Նա հրատարակել «Երկրաբանական հետազոտություններ Կովկասյան երկրներում» (1878–1887 թթ.) եռահատոր աշխատությունը, որի 2–րդ և 3–րդ հատորները նվիրված են Հայկական լեռնաշխարհին, որով և շրջանառության մեջ է դրել «Հայկական լեռնաշխարհ» ֆիզիկաաշխարհագրական անվանումը։ Նշենք նաև, որ Աբիխը 1845 թվականին բարձրացել է Արարատ լեռը, տվել նրա երկրաբանական նկարագիրն ու կտրվածքները:

Հայկական լեռնաշխարհ տերմինը սկսվեց ավելի շատ գործածվել 19-րդ դարից, գիտական բնույթի աշխատություններում:

Գերմանացի աշխարհագետ Կառլ Ռիտտերը Հայկական լեռնաշխարհն անվանել է օդով և ջրով հարուստ «լեռնային կղզի»: Հայկական լեռնաշխարհի երկրաբանական, աշխարհագրական ուսումնասիրություններ է կատարել իռլանդացի ճանապարհորդ-աշխարհագրագետ Լինչը, ով կատարել է 2 ճանապարհորդություն դեպի Հայաստան և ուսումնասիրությունների արդյունքներն ամփոփել է Հայաստան աշխատության մեջ և հրատարակել է Լոնդոնում 1901 թվականին: Նա իր աշխատությունում տալիս է բազմաբովանդակ տեղեկություններ հայերի կենցաղի սովորույթների, ճարտարապետական կառույցների մասին:

Հայկական լեռնաշխարհ և պատմական Հայաստան

ետք է տարբերել Հայկական լեռնաշխարհ, պատմական Հայաստան և Հայաստանի Հանրապետություն հասկացությունները: Առաջին հասկացությունը ի տարբերություն մյուս երկուսի ֆիզիկաաշխարհագրական միավոր է: Պատմական Հայաստանն ավելի ընդարձակ է քան կղզիանման Հայկական լեռնաշխարհը:

Պատմական տարբեր ժամանակներում Հայաստանի սահմանները տարբեր են եղել: Տիգրան Մեծի օրոք Հայաստանի սահմանները ձգվում էին Միջերկրական ծովից մինչև Կասպից ծով, հյուսիսում՝ Կուր գետից հարավ մինչև Միջագետք: Դրան հակառակ պատմական տարբեր ժամանակներում Հայաստանը կորցրել ու էլի վերականգնել է իր տարածքները: Այն տարածքները որտեղ ձևավորվել և իր պատմական ուղին է անցել հայ ժողովուրդը կոչվում է Պատմական Հայաստան:

Հայկական լեռնաշխարհի, որպես ֆիզիզկաաշխարհագրական «կարգաբանական մարզ»  միավորի առանձնացման խնդիրը  ուսումնասիրող տարբեր հեղինակների մոտ սահմանազատված  է տարբեր կերպ և կրում է տարբեր անուններ:  19-րդ և 20-րդ դարերի շատ մասնագետներ տարբեր ձևով են մեկնաբանել Հայկական լեռնաշխարհի սահմանների հարցը: Հեղինակների մի մասը Հայկական լեռնաշխարհի տարածքը համարում է 340-375 հազ. կմ², ոմանք էլ 400 հազ. կմ²:

Հ. Աբիխը գտնում է,  որ Հայկական լեռնաշխարհի  մեջ ներառված են Կոլխիդայի և Կուր- Արաքսյան դաշտավայրերը, հարավում սահմանազատվում է  Միջագետքի դաշտավայրից,  արևմուտքում Անատոլիականն է, արևելքում՝  Իրանական սարահարթը:

Ս.Պ. Բալյանի, Լ.Ն. Զոհրաբյանի և մի քանի այլոց կարծիքով  սահմանն անցնում է Ուրմիա լճի հյուսիս արևելյան ծայրից հարավ արևմտյան ծայրը, ապա Կորդվաց լեռների հարավով ու Տավրոսի հարավայաին ստորոտով անցնում է  Եփրատ գետին: Ըստ այդ սահմանազատման Ուրմիա լճի մի մասը մտնում է Հայկական լեռնաշխարհի կազմի մեջ, մյուս մասը ոչ:

Մեկ այլ հեղինակ՝ Նազարյանը, լեռնաշխարհի այդ հատվածում սահմանն անցկացնում է Ուրմիա լճի գոգավորության հարավային ջրհավաք ավազանով:

Լեռնաշխարհի սահմանները ըստ ակադեմիկոս Հ.Կ. Գաբրիելյանի

Հյուսիսային սահմանն անցնում է Սև ծովի հարավային ափագծով, ապա Մեսխեթի և Թրիալեթի լեռնաշղթաների արտաքին հյուսիսային ստորոտներով: Հյուսիսային սահմանի արևելյան կեսն անցնում է Կոլխիդայի դաշտավայրի և Կուրի իջույթի եզրով: Այս իջույթները մի ժամանակ ցամաք են եղել, սակայն Գուգարաց-Արցախի ծալքավորման պրոցեսում՝ վերին էոցենում տեղի է ունեցել ռելիեֆի շրջադասություն;

Արևելյան սահմանը և ծագումով և ռելիեֆով ու սահմաններով հյուսիսայինի նման որոշակի է: Այստեղ Գուգարաց-Արցախյան լեռները  միանգամից բարձրացել են Կուր-Արաքսյան դաշտավայրից: ՄԻ ժամանակ Կուր-Արաքսյան դաշտավայրը զբաղեցնում էր Փայտակարան նահանգը, սակայն  ֆիզիկաաշխարհագրական տեսանկյունից տեկտոնական իջեցում ապրող դաշտերը չենք կարող մտցնել լեռնաշխարհի մեջ:

Հարավ-արևելյան սահմանում վիճելի են Սաբալան և Սոհունդ հրաբուխները: Դրանք Իրանական սարահարթին խորթ են: Սրանք հիմքով կապված են  Հայկական հրաբխային օջախի հետ, թե ծագումով, թե՛ բարձրությամբ ու ռելիեֆով նման են հայկական հրաբխային բարձրավանդակին:

Հարավային սահմանն անցնում է Հայկական Տավրոսի լեռնահամակարգի հարավային ստորոտներով: Այստեղ Արաբա-Սիրիկան կոշտ պլատֆորմային զանգվածը ճզմում է Տավրոսի  ծալքավոր համակարգը և մտնում նրա տակ:

Արևմտյան սահմանը ամենավիճելին է: Արևմտյան սահմանն անցկացվում է Ալիս ու Եփրատ գետերի ջրբաժանով, ավելի ճիշտ Թեջերի լեռնաշղթայի արևմտյան ստորոտով:

Հյուսիսային սահմանը

Ըստ այդ դիտարկման Հայկական լեռնաշխարհի հյուսիսային սահմանը սկսվում է Գայլ (Եշիլըրմակ) գետի գետաբերանից և Սև ծովի հարավային ափով ձգվում մինչև Ճորոխի գետաբերանը: Ապա ծովի մակարդակից սկսած Մեսխեթի լեռնաշղթայի հյուսիսային ստորոտներով, աստիճանաբար 100-200 մ լայնության շերտով բարձրանում մինչև Սուրամի լեռնանցքը (910 մ): Սուրամի լեռնանցքից հետո սահմանաշերտը կտրուկ իջնում է Կուր գետը ու որպես բնական սահման ընթանում է այդ գետով մինչև նրա աջ վտակ Աղստևի գետախառնուրդը:

Հյուսիս արևելյան սահմանը

Հյուսիս արևելքում Աղստևի գետախառնուրդից անմիջապես հետո սահմանը շարունակվում է  Փոքր Կովկաս (այստեղ հարկն է նշել, որ Փաքր Կովկասը արհեստածին տերմին է) լեռնահամակարգի լեռնալանջերի ստորոտներով, ապա Կուր — Արաքսյան դաշտավայրի արևմտյան եզրով  շարունակվում է  դեպի Արաքս գետը, որից հետո ընթանում է Թալիշի լեռների  արևելյան ստորոտներով ու Լենքորան քաղաքի մոտ հպվում է Կասպից ծովին:

Արևելյան սահմանը

Արևելքում լեռնաշխարհի սահմանը Կասպից ծովի ծովափով ձգվում է մինչև Սեֆիդռուդի գետաբերանը, հետո այդ գետով ձգվելով հասնում Կըզլուզեն գետի ակունքը ու բարձրանում է Արմածին լեռնագագաթ (3173 մ): Այդ լեռնագագաթի մատույցներում սահմանաշերտն ունի 50-30 մետր լայնություն: 

Հարավում սահմանը Շահբերդ Գուռտակ և Զագրոս լեռնաշղթաների լեռնահանգուցային Արմածին գագաթից իջնում է փոքր Զաբի հովիտ, ընթանում մինչև նրա արևմուտք ծնկադարձը, հետո այդ տեղից 80-160 մ լայնության շերտով շարունակվում է փոփոխելով սահմանաշերտի լայնությունը (110-200 մ) Չայենիար-Աբյադ կուլիսաձև ձգվող լեռնաշղթաների հարավային ստորոտներով ծ.մ.-ից 500 մ բարձրություններով մինչև Տիգրիս գետը: Այնուհետև լղոզված սահմանաշերտով (150-350 մ) ընթանալով Մարդինի, Վերանշեհիրի, Ուռհայի (Եդեսիա) սարահարթերի հարավային եզրամասերով (խ.մ. 450-500 մ բարձրությունով) Եփրատի Բիրեջիկ քաղաքի մոտ  կտրում է Եփրատը և նրա աջ վտակ  Սաջուր գետահովտով հասնում է Պազարջիկի գոգավորություն:  

Արևմտյան սահմանը

Արևմտյան սահմանաշերտը  Պազարջիկի գոգավորությունից շարունակվում է Մարաշի գոգավորությունով, հետո Ջահանի (Ջեյհան) հովտով բարձրանում է Ալբիստանի գոգավորություն, շրջանցելով Բինբողա և Թախտասար գագաթները մտնում է Պազարվիրանի գոգահովիտ: Այդ տեղից Թեջերի լեռնաշղթայի Խնձր (Խնձոր, Խնզր)  գագաթի հարավային ստորոտով (150-200 մ ժապավենով) շարունակվելով ձգվում է դեպի Կզըլըրմակ գետի Գեմերեկի (Կամարակի) գոգհովիտ ու Կզըլըրմակի հոսանքով վեր բարձրանալով հասնում է Սվազի գոգավորության արևմտյան եզրին: Ապա այդ տեղից ընթանում է Չռչռ վտակի ակունքամաս ու կտրելով Ակդաղ և Ելիլըրմակ լեռնաշղթաների միացման լեռնանցքը՝ մտնում է Թոքատի գոգավորություն: Այնուհետև լեռնաշխարհի արևմտյան սահմանաշերտը (50-80 մ և մինչև 120 մ լայնքով) Եշիլըրմակ գետահովտով ընթանում է մինչև Սև ծով: Նշված սահմաններով ներփակված Հայկական լեռնաշխարհը բնականից եզրավորված է ծալքաբեկորավոր լեռնաշղթաներով և միաձույլ ամբողջությամբ հարակից տարածքների նկատմամբ բարձրադիրք է: Այն Փոքրասիական (Անատոլիական) բարձրավանդակից բարձր է500 մ, իսկ Իրանականից՝ 700 մ: Նրա միջին բարձրությունը ծովի մակարդակից 1850 մ է:

Լեռնային կղզի

Լեռնաշխարհի տարածքն ունի բարդ, ինքնատիպ կառուցվածք, այդ իսկ պատճառով տարածքի պատմա-աշխարհագրական, երկրաբանական պայմանների ուսումնասիրությունները մեծ հետաքրքրություն են  առաջացրել հայ և օտարազգի համաշխարհային գիտնականների համար: Այն Առաջավոր Ասիայում կարելի է համարել որպես մի լեռնային կղզի, աշխարհագրական այդպիսի դիրքի հետևանքով այն սահմանազատվում է հարևան Անատոլիական և Իրանական սարահարթերից և նրանց միջև հանդես է գալիս որպես լեռնահանգույց: Հայկական Լեռնաշխարհի տարածքը չունի ընդարձակ միասնական սարահարթեր, սակայն  այստեղ կան տեկտոնական բազմաթիվ իջվածքներ, որոնց մի մասը վեր է ածվել բարձրադիր հարթությունների:

Հայկական Լեռնաշխարհի տարածքը ձևավորվել է բարդ երկրաբանական պրոցեսների ընթացքում: Երկրաբանական վաղ ժամանակաշրջանում գոյություն է ունեցել մեկ խոշոր Պանգեա մայրցամաք, որի մասնատման արդյունքում ձևավորվեցին  Լավրասիա և Գոնդվանա մայրցամաքները, որոնց միջև ձգվում էր Թետիս օվկիանոսը: Հետագայում Գոնդվանայից պոկված երկու խոշոր բեկորները Արաբա-Սիրիականը և Հնդկական թերակղզու բեկորը շարժվելով հյուսիս ճզմել են Թետիսի գեոսինկլինալին: Արաբա-Սիրիականը ճզմել է Հայկական Լեռնաշխարհի հատվածը, իսկ Հնդկականը Պամիրի հատվածը և ստեղծել են լեռնային կղզիներ:

Թետիս օվկիանոս

Հայկական լեռնաշխարհի տարածքը  վաղ երկրաբանական անցյալում եղել է Թետիս օվկիանոսի հատակում, մասամբ կազմել է Արաբական պլատֆորմի հյուսիսային եզրը: Թետիս օվկիանոսի հատակում հողմնահարված նյութերի նստեցման հետևանքով առաջացել է նստվածքային մի հզոր համալիր: Քանի որ երկրի վրա անընդհատ տեղի են ունենում տեկտոնական շարժումներ, ծալքավորման պրոցեսներ, շերտախմբերը հաճախ հայտնվել են երկրի մակերևույթին առաջացնելով ցամաքային տարածքներ, նախալեռնային իջվածքներ և այլ ռելիեֆի ձևեր: Այդ իսկ պատճառով Հայկական լեռնաշխարհում ապարների կազմության ու կառուցվածի բազմազանություն է նկատվում:  Երկրաբանական պրոցեսների արդյունքում Թետիս օվկիանոսի տարածքում ձևավորվել է Ալպ-Հիմալայան գեոսինկլինալային գոտին:

Լեռնաշխարհի տարածքն ունի բարդ, ինքնատիպ կառուցվածք, այդ իսկ պատճառով տարածքի պատմա-աշխարհագրական, երկրաբանական պայմանների ուսումնասիրությունները մեծ հետաքրքրություն են  առաջացրել հայ և օտարազգի համաշխարհային գիտնականների համար: Այն Առաջավոր Ասիայում կարելի է համարել որպես մի լեռնային կղզի, աշխարհագրական այդպիսի դիրքի հետևանքով այն սահմանազատվում է հարևան Անատոլիական և Իրանական սարահարթերից և նրանց միջև հանդես է գալիս որպես լեռնահանգույց: Հայկական Լեռնաշխարհի տարածքը չունի ընդարձակ միասնական սարահարթեր, սակայն  այստեղ կան տեկտոնական բազմաթիվ իջվածքներ, որոնց մի մասը վեր է ածվել բարձրադիր հարթությունների:

Թողնել մեկնաբանություն